Վազգեն Մանուկյանը ոչինչ չի բացառում

13/10/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ինչպես հայտնի է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի միջամտությամբ հոկտեմբերի 8-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի տանը մոտ 14 տարվա ընդմիջումից հետո հանդիպել են «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ռ. Ղազարյանը վատառողջության պատճառով չի մասնակցել հանդիպմանը: Եվ ահա, երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր Վ. Մանուկյանը, իսկ նրան ուղղված հարցերի գերակշիռ մասը, բնականաբար, վերաբերում էր հենց այդ հանդիպմանը: Հիշեցնենք, որ կիրակի օրն ԱԺՄ խորհուրդը որոշել էր ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ երաշխավորել Վ. Մանուկյանի թեկնածությունը: Միաժամանակ ԱԺՄ նախագահին եւ վարչությանը հանձնարարվել էր միասնական ընդդիմադիր դաշտ ձեւավորելու աշխատանքներ տանել: Վ. Մանուկյանը երեկ նշեց, թե կարեւորում է միասնական թեկնածուով, միասնական թիմով ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելը, քանզի դա, ամեն ինչից զատ, հոգեբանական շատ մեծ նշանակություն ունի: Նա գտնում է, որ այդ միասնականությունն ավելի հեշտ է ապահովել այն ժամանակ, երբ թեկնածուներն արդեն առաջադրված են: «Առաջադրվելուց հետո, երբ 1-2 ուժ առաջ են պոկվում, հարց է առաջանում` կամ իրար հետ միավորվել, կամ մի կողմ կանգնել եւ չխանգարել առաջ գնացողներին: Դա դեռ առջեւում է, եւ մենք դեռ դրա շուրջ պետք է համախմբվենք եւ համագործակցենք ուրիշների հետ»,- կարծում է ԱԺՄ ղեկավարը: Վերջինիս խոսքերով՝ նույնիսկ, եթե բոլոր կուսակցությունները միավորվեն, զրոյին մոտիկ թիվ է ստացվում: Ըստ նրա, միավորվողը պետք է լինի հասարակությունը, եւ դա պետք է լինի «պայմանագիր-երդում»: Նա տեղեկացրեց, որ 2005-ին ինքը փորձել է նախաձեռնել հանդիպում Լ. Տեր-Պետրոսյանի հետ, սակայն արձագանք չի ստացել, իսկ այս անգամ «հանդիպումը եղել է պատահական, բայց նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»: ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման մասին ՀՀ առաջին վարչապետը նշեց հետեւյալը. «Նստեցինք, խոսեցինք: Որեւիցե պարտավորություն իրար նկատմամբ չվերցրեցինք, որեւիցե պայմանավորվածության չեկանք: Մարդկային հարաբերությունները վերականգնվեցին, որոնք խարխլվել էին՝ 14-15 տարի իրար չէինք հանդիպել, բայց քաղաքական տեսակետից, բնական է, որ ամեն մեկս մնաց իր կարծիքին, եւ եղան հարցեր, որոնց շուրջ վիճեցինք, եղան հարցեր, որ իրար պարզաբանեցինք»:

Իսկ վիճել են հետեւյալի մասին. Վ. Մանուկյանը կարծիք է հայտնել, որ այսօր Հայաստանում գործում է 1994-ից ձեւավորված կառավարման մոդել, եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զբաղված են այն խորացնելով, կատարելագործելով: Այս տեսակետի հետ համաձայն չի եղել Լ. Տեր-Պետրոսյանը: Վեճի մյուս հարցը եղել է 1996 թվականի ընտրությունները: «Ինձ հարցնում են` դուք իրար ներո՞ւմ եք, թե՞ չեք ներում: Այստեղ անձերի հարց չի: Այն, ինչ կատարվեց 1996 թվականին, ցնցում էր, եւ փոխեց ամբողջ Հայաստանի կյանքը: Ես համոզված եմ, որ ես եմ հաղթել, ինքը համոզված է, որ ինքն է հաղթել,- ասաց Վ. Մանուկյանն ու հավելեց,- Բայց մեկն ու մեկն այստեղ պատասխանատու է, չէ՞, իրավիճակի համար: Այդպիսի դեպքերում մեկն ու մեկը պետք է պատասխան տա դրա համար, օրենքի առաջ պետք է պատասխան տա: Պետության մեջ տեղի է ունեցել ցնցում՝ ծեծվել են, ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ, շենք էր գրավվել: Կա՛մ ժողովուրդն իսկապես հաղթել է, եւ ժողովրդի ձայներն են տարել, կա՛մ ժողովուրդը չի շահել, բայց մենք փորձել ենք ժողովրդին օգտագործել իշխանության դեմ, եւ այդ դեպքում դու պետք է պատասխան տաս: Ես ուզում եմ, որ սրանից հետո, անկախ նրանից՝ իմ ընկերն է, հարազատն է, թե ես եմ, ցանկացած դեպք, որն ազդում է պետության ապագայի վրա, մարդիկ պետք է պատասխան տան»: Վ. Մանուկյանը նշում է, որ ինչ-որ պահից նախագահական ընտրությանն իր հնարավոր չմասնակցելու համար կարող է լինել մի 46 պատճառ: Նույնիսկ եթե նա տեսնի, որ չունի հաղթանակի շանս, ապա դարձյալ մի քանի տարբերակ ունի, եւ միայն ժամանակը ցույց կտա, թե որն է իրականանալու: Ըստ այդմ, ընտրության գործընթացը ցույց կտա, թե ով է հիմնական ֆավորիտը, որ առաջ կանցնի մյուսներից: «Ենթադրենք՝ մեկը պոկվեց առաջ, դու ինչի՞ մասին պետք է մտածես: Կամ պիտի մտածես միանալ իրեն, բայց այդ դեպքում հարց ես քեզ տալիս, թե այդ միանալը համընկնո՞ւմ է արդյոք քո գաղափարների հետ, բերո՞ւմ է օգուտ երկրին: Եթե գաս այն մտքին, որ համապատասխանում է, ապա կմիավորվես, իսկ եթե գաս այն մտքին, որ չի համապատասխանում, ապա դու կարող է ուղղակի ոչ թե միանաս, այլ կողմ քաշվես, չխանգարես»,- գտնում է նա: Լրագրողներից մեկը կարծիք հայտնեց, որ Վ. Մանուկյանը «եւ՛ նալին է խփում, եւ՛ մեխին»: «Առանց դրա նալ չեն կպցնում»,- կեսկատակ արձագանքեց ԱԺՄ ղեկավարը: Իսկ հարցին, թե, օրինակ, 2003 թվին Արտաշես Գեղամյանն ընտրության 2-րդ փուլում մի կողմ քաշվեց չխանգարելո՞ւ համար, ՀՀ առաջին վարչապետը պատասխանեց. «Չէ, Գեղամյանին կողք կանգնացրեցին: Ինքը կողք չկանգնեց»: Ի դեպ, երեկվա ասուլիսում կատակների պակաս չկար: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե դեռեւս նույնիսկ ԱԺՄ-ից պոկված Շավարշ Քոչարյանը չի հայտարարել Վ. Մանուկյանի թեկնածությունը սատարելու մասին, ԱԺՄ ղեկավարը, հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ ցունամիից մոտ 300 հազար մարդ զոհվեց, պատասխանեց, թե հիմա «ոնց որ ցունամի լինի, իսկ դուք ասում եք՝ գիտեք, իսկապես, Գոհարիկի պայուսակն էլ է կորել»: