Ճնշման կոչեր

13/10/2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Եվրախորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նիստում երեկ Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը բացի ՀՀ-ի հետ սահմանը` ընդգծելով, որ պաշտոնական Երեւանը որեւէ նախապայման չունի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Օսկանյանը նաեւ կոչ է արել ԵԽ հանձնաժողովին՝ Թուրքիայի վրա «ավելի մեծ ճնշում գործադրել», որպեսզի այդ երկիրը երկխոսություն սկսի Հայաստանի հետ` հայտարարելով, թե շրջափակված Հայաստանը հատկապես շահագրգռված է, որպեսզի Թուրքիան բացի 1990-ականներից ի վեր փակ պահվող սահմանը: Ըստ «Ազատության»` Օսկանյանի ելույթին խորհրդարանականներից ոմանք «ըմբռնումով» են մոտեցել: Ի դեպ, Օսկանյանը քննադատել է ԵՄ-ին՝ այս խնդրի շուրջ ցուցաբերած «չեզոքության» համար` ասելով, թե այդ դիրքորոշումը հասկանալի է, սակայն «տեղին չէ»: «Սահմանների բացումը միայն Հայաստանի համար չէ կարեւոր, դա կարեւոր է նաեւ Եվրամիության համար, որովհետեւ Թուրքիան բնական կամուրջ է Կովկասի եւ Եվրոպայի, Եվրամիության միջեւ, եւ առանց մեր տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի հավասարակշիռ եւ անաչառ քաղաքականության՝ մեր հարաբերություններն այնքան արդյունավետ չեն, որքան դրանք կարող էին լինել Թուրքիայի եւ Հայաստանի բնականոն հարաբերությունների պայմաններում»,- երեկ հայտարարել է Վ.Օսկանյանը: Հարավային Կովկասի հարցերով ԵԽ պատվիրակության նախագահ Մարի Էն Իսլեր Բեգինը, մասնավորապես, հայտարարել է, որ Եվրամիությունը բավարար ճնշում չի գործադրում Թուրքիայի վրա այդ երկրի անդամակցության բանակցությունների գործընթացում: Նա շեշտել է, որ սահմանների բացումը մեծապես շահավետ կլինի երկու կողմերի համար էլ: Վ. Օսկանյանը քննադատելով ԵՄ-ին այս խնդրի շուրջ ցուցաբերած «չեզոքության» համար` հայտարարել է, որ եթե Հայաստանը նախապայմաններ չունի երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման հարցում, ապա Թուրքիան ունի: Նա նաեւ հերքել է պաշտոնական Անկարայի մտահոգությունը, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի իր նկատմամբ, ասելով, որ երկու երկրների միջեւ սահմանը «պարզորոշ նշված է» եւ համապատասխանում է 1922թ. Թուրքիայի եւ Խորհրդային Միության միջեւ կնքված պայմանագրով հաստատված սահմաններին: