Ցանկացած դատական գործ քաղաքական է

12/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Սույն թվականի հունվարի 21-ին ուժի մեջ մտավ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է, որ ՀՀ-ն ունի փաստաբանների մեկ պալատ, ի տարբերություն նախորդ օրենքի, որը սահմանում էր 2 միություն: Մարտի 19-20-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի փաստաբանների պալատի հիմնադիր ժողովը, որն ուղեկցվեց տհաճ միջադեպով: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Իրավաբանական եւ բիզնես խորհրդատվական ՓԲԸ ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանի հետ: Պարոն Տեր-Տաճատյանը նորմալ է համարում նման օրենքի ընդունումը եւ կարծում է, որ «նախորդ օրենքը հնարավորություն չէր տալիս ավելի որակյալ փաստաբանություն ունենալու, որովհետեւ փաստաբանների միությունները, որպես այդպիսին, չեն կարող մի քանիսը լինել եւ մրցել իրար հետ: Փաստաբանական գրասենյակներ կարող են լինել, կարող են լինել որակյալ կամ անորակ փաստաբաններ, բայց դրանք միությունների բազմազանությամբ չէ, որ պայմանավորված են: Կարծում եմ, որ մեկ պալատի գոյությունն ավելի կկոնսոլիդացնի փաստաբաններին, եւ դա անշուշտ կնպաստի փաստաբանական ծառայության որակի բարձրացմանը»: Նրա կարծիքով` փաստաբանական ծառայությունների որակի բարձրացումը «պայմանավորված է պալատի որակյալ գործունեությամբ, այսինքն` պետք է սահմանվեն կարգեր, անցկացվեն ընտրություններ, ամփոփվեն փաստաբանական գործունեության պրակտիկաները եւ հրապարակվեն նյութեր»: Պարոն Տեր-Տաճատյանն ասաց, որ մանրամասն վերլուծություններ չունի, թե արտերկրում ինչպես է կարգավորվում այս դաշտը, բայց նրա խոսքերով` արտերկրում էլ այս հարցը կարգավորվում է «գրեթե նույն ձեւով, նույն մեխանիզմներով ու սկզբունքներով»: Մեր զրուցակցի կարծիքով` «Փաստաբանի արտոնագիր ունենալը դեռեւս չի նշանակում, որ տվյալ անձը կարող է լավ փաստաբանություն իրականացնել: Բայց որ ասում ենք` փաստաբան, նշանակում է ունենք որոշակի մակարդակ, որից հետո կարող է լինել լավ փաստաբան կամ վատ փաստաբան: Փաստաբանի գիտելիքները ստուգվում են, եւ գիտելիքի աստիճանի համար պատասխանատու է պետությունը: Ձեւավորված փաստաբանների պալատը եթե լավ աշխատի, իսկ ես չեմ կարծում, որ վատ կաշխատի, հենց նրա համար է, որ օրինակ` իրականացնի որակավորման քննություններ, իրականացնի կարգապահական վարույթ, կազմակերպի ուսուցումներ, մշակի նոր օրենքներ, ուսումնասիրի, ամփոփի դատական պրակտիկան»: Մեր զրուցակիցը մտավախություն չունի, որ այս օրենքով ինչ-ինչ ուժեր կփորձեն իրենց անհաճո փաստաբանների համար խոչընդոտներ ստեղծել. «Կարգերը բոլորի համար են: Չի կարելի ամեն բան բացարձակացնել, չի կարելի ծայրահեղությունների մեջ ընկնել: Այդ կարգն իրականացնողները մարդիկ են, ովքեր ընդգրկված են որակավորման հանձնաժողովի մեջ: Ես չեմ ուզում կարծել, որ որակավորման հանձնաժողովի մեջ ընդգրկված մարդիկ կարող են սուբյեկտիվ դրդապատճառներից ելնելով փաստաբանների համար պրոբլեմներ սարքել, մեկին արտոնագիր տալ, մեկին` ոչ: Ես չեմ ուզում այդպես կարծել, իսկ եթե այդպիսի բաներ կլինեն, ես էլ կասեմ, որ 100%-ոց ոչինչ չի լինում, ինչպես յուրաքանչյուր երկրում, օրինակ` ԱՄՆ նախորդ ընտրությունները, երբ հարցը լուծեց Գերագույն դատարանը: Բացարձակ ոչինչ չի լինում»: Իսկ արդյոք Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկը չի՞ վկայում այն մասին, որ մի քանի օր առաջ փաստաբանները զուտ Փաստաբանների պալատի նախագահ չէին ընտրում: «Եթե նայենք, թե ինչ է անում Փաստաբանների միությունը, ես չէի ասի, որ միայն նախագահ չէին ընտրում: Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը` քաղաքական մոտեցումներ: Իսկ ի՞նչը քաղաքական չէ: Ցանկացած դատական գործ քաղաքական է»,- կարծում է մեր զրուցակիցը: Նրա խոսքերով, ինքը շատ լավ ճանաչում է եւ՛ Ռուբեն Սահակյանին, որին սատարում էր Փաստաբանների միջազգային միությունը, եւ՛ ՀՀ փաստաբանների միության փաստաբան, գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանին, որին սատարում էր ՀՀ փաստաբանների միությունը: Պարոն Տեր-Տաճատյանը նախապատվությունը տալիս է Ռուբեն Սահակյանին, որովհետեւ «Ռուբեն Սահակյանն իմ իմացած քիչ իրավաբաններից մեկն է, որ ասում է. «Ես քաղաքացիական իրավունքից չեմ հասկանում», որովհետեւ ոչ մի իրավաբան չի կարող իրավունքի բոլոր ճյուղերն իմանալ: Հետեւաբար, նա պարկեշտության որոշակի սահման ունի, ինչը չի նշանակում, որ Ենոք Ազարյանը հակառակն է, բայց Սահակյան Ռուբենն ունի երկարամյա փաստաբանական գործունեության փորձ, ունի առաջադեմ մտածողություն, ինչը չի նշանակում, թե Ենոք Ազարյանը դա չունի, բայց նա չունի փաստաբանական գործունեության երկարամյա փորձ»: Պարոն Տեր-Տաճատյանը համոզված է, որ եթե Ենոք Ազարյանը «լավ չհամակարգի փաստաբանների գործունեությունը, հաջորդ անգամ չի ընտրվի կամ ետ կկանչվի»: Իսկ որ Ռ. Սահակյանը պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները, մեր զրուցակցի խոսքերով` «եթե անգամ կարծում են, որ կան խախտումներ, ես կարծում եմ, որ դրանց վրա շատ ուշադրություն պետք չէ դարձնել, որովհետեւ պատկերացնո՞ւմ եք, եթե բողոքարկվի, եւ այդ համակարգը, որը դեռեւս նոր է ձեւավորվել, անընդհատ ցնցումների մեջ գտնվի: Հիմա ընտրված նախագահը, ընտրված խորհուրդը, ընտրված որակավորման հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել: Ինչքան շուտ սկսեն աշխատել, այնքան լավ»:

Ի դեպ, վերջերս պարոն Տեր-Տաճատյանը փորձել էր ստանալ փաստաբանական արտոնագիր, բայց դա նրան հեշտ չէր հաջողվել. «Ես փաստաբան չեմ եղել, փաստաբանության արտոնագրի կարիք չունեի, բայց 7-րդ տարին ես իրականացնում եմ ներկայացուցչություն դատարաններում եւ իրավաբանական խորհրդակցություն: Փաստաբանության մասին նոր օրենքի 49 հոդվածն ասում է, որ որոշակի չափանիշների բավարարող անձինք, ովքեր մինչ այդ զբաղվել են այս տեսակ գործունեությամբ, կարող են դիմել եւ առանց որեւէ քննության ստանալ արտոնագրեր: Ես դիմեցի, եւ նախկին միություններն ասեցին` թող Պալատը զբաղվի դրանով: Դրանով նրանք խախտեցին օրենքը: Ես դատարան հայց ներկայացրեցի, եւ իմ հայցը բավարարվեց: Դրանք ներպալատական ինտրիգներ են, եւ ես, օգտվելով առիթից, խորհուրդ եմ տալիս փաստաբաններին` ներպալատական ինտրիգները չհանել դուրս: Աննորմալ եմ համարում, որ այդ ներքին ինտրիգներն այդքան շատ են: Հետո հաճախորդը ո՞նց պետք է վստահի այն փաստաբանին, որն անպատիվ խոսքեր էր ասում»,- ասում է պարոն Տեր-Տաճատյանը: