Հայաստանում շրջում է մի ուրվական: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ուրվականն է: Անկախության 16-ամյակի կապակցությամբ ՀՀՇ-ի կազմակերպած ընդունելության ժամանակ ելույթ ունենալուց հետո Տեր-Պետրոսյանը դեռ հրապարակային ոչ մի հանդիպման չի մասնակցել եւ ոչինչ չի ասել:
Սակայն նրա անունն այսօր ընդդիմադիր համարվող եւ իշխանամետ գրեթե բոլոր քաղաքական գործիչների շուրթերին է: Առաջին նախագահի ուրվականը միաժամանակ մասնակցում է քաղաքական գրեթե բոլոր հանդիպումներին, ասուլիսներին ու կուլիսային խոսակցություններին: Եթե նույնիսկ նա առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրի, միեւնույն է` արդեն քաղաքական զարգացումներում բեկում է մտցրել: Երեկ Տեր-Պետրոսյանի եւ նրա իշխանության մասին առիթ ունեցավ կարծիք հայտնել նաեւ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ում հետ բանավիճում էր ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: ՀԿԿ ղեկավարը թեեւ այս իշխանություններին համարում է կոռումպացված եւ թալանչի, սակայն համաձայն չէ նաեւ, որ նախկինները նորից գան իշխանության: Նրա կարծիքով` դա նշանակում է՝ ընտրություն կատարել վատի եւ նախկին վատ միջեւ: Ընկեր Թովմասյանը ճիշտ տարբերակ է համարում, որ իշխանության գան նոր, թարմ ուժեր: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանի իշխանության մասին նա վատ հիշողություններ ունի, որովհետեւ հենց այդ ժամանակ «կորան մեր հայրենակիցների խնայողությունները»: «ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիներին, չկա մի ընտանիք, որը տուժած չլինի,- ասում է Կոմկուսի ղեկավարը: -Վերցնենք թեկուզ խնայդրամարկղերում եղած 11 մլրդ ռուբլին: Ընդ որում` մեր հայրենակիցները դա հավաքել էին ոչ իրենց զրկելու գնով: Իսկ այն նախագահի համար, ով հրաժարական է տալիս եւ ասում է, թե՝ ես գնում եմ, ժողովրդին տալիս եմ պատերազմի կուսակցությանը, ես օրենքում կետ կմտցնեի, որ նա երկրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունենար: Որ այս համակարգն իր ղեկավարությամբ պետք է փոխվի, դա կասկած չի հարուցում: Բայց վատը փոխել նախկին վատով, սա էլ լուծում չէ: Մտքով տեղափոխվենք այն ժամանակ, երբ այս ղեկավարները չէին, այլ նախկին իշխանություններն էին` Լ.Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ: Ի՞նչ էինք ստանում: Այն ժամանակ էլ ասում էին՝ սրանք փոխվեն, ում ուզում եք՝ բերեք: Հիմա մենք ասում ենք՝ սրանք էլ պետք է փոխվեն, նախկիններն էլ պետք է փոխվեն, պիտի գան մի խումբ մարդիկ, որոնք մտածում են ժողովրդի, ոչ թե դղյակների մասին»: Սակայն ՀԿԿ-ն այս պահին երկրում չի գտնում այնպիսի մի անձնավորության, որին կարող է սատարել, եւ որը կտանի սոցիալական արդարության վերականգնման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, «այս խայտառակ շուկայում տեղի ունեցող գների կարգավորմանը»:
Ի տարբերություն Ռ.Թովմասյանի, Գրիգոր Հարությունյանը զերծ մնաց կոնկրետ պատասխաններ տալուց եւ կոնկրետ դիրքորոշում արտահայտելուց: ՀԺԿ-ն դեռ չի հստակեցրել իր անելիքները: Նոյեմբերին տեղի կունենա կուսակցության ակտիվի մեծ հավաք, որտեղ կճշտվեն նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանին պաշտպանելու հարցը կքննարկեն այն ժամանակ, երբ նա առաջադրի իր թեկնածությունը: Սակայն մի հարցում ՀԺԿ-ն արդեն հստակ կողմնորոշում ունի: «Մենք կողմնակից ենք դաշինքով հանդես գալուն, որովհետեւ այսօրվա բիրտ ուժի, իշխանական ռեսուրսի դեմ պետք է համախմբվել եւ ժողովրդին ոտի կանգնեցնել,- ասում է Գ.Հարությունյանը: -Եթե այսօր ցանկացած կուսակցություն առանձին հանդես գա այս իշխանական ռեժիմի դեմ, նա դատապարտված է: Առաջին հերթին պետք է երկրում տեղի ունենա ընտրություն, որ ժողովուրդը հասկանա, թե կարողացավ ինչ-որ բան փոխել: Որ իշխանությունները հասկանան, թե վատ աշխատելու դեպքում ժողովուրդն իրենց կհեռացնի: Մեր նպատակն է՝ երկրում վերականգնել օրինականությունը: Ով դա կիրականացնի, մենք նրան էլ կպաշտպանենք: 2,5 մլրդ դոլարանոց բյուջե են խոստանում: Այսօր կառավարության ծրագիրը ներկայացնողներին ես մեկ հարց կուղղեի՝ մինչեւ հիմա այդ 1,5 մլրդ-ն ո՞ւմ գրպանն է գնացել»: Լուրեր կան, թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Լ.Տեր-Պետրոսյանին խոստացել է առաջադրվելու դեպքում աջակցել: Գ.Հարությունյանը նման տեղեկատվության, պարզվում է` չի տիրապետում: Նա նաեւ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե միայն Տեր-Պետրոսյանը կկարողանա ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբել: «Փառք Աստծո, այսօր ընդդիմադիր դաշտում այնքան ինտելեկտուալ գործիչներ կան, որոնք իրենց բարոյականությամբ ավելի բարձր են այս իշխանություններից,- ասում է ՀԺԿ քարտուղարը, թերեւս ակնարկելով իր ղեկավար Ստեփան Դեմիրճյանին,- Ինչո՞ւ եք սեւեռվում միայն մի անձի վրա: Երբ որ նա իր առաջադրման մասին կհայտարարի, մենք մեր կուսակցության դիրքորոշումը կասենք: Ես այդպիսի տեղեկություն չունեմ, թե Ս.Դեմիրճյանը աջակցելու խոստում է տվել»: Երկու բանախոսներն էլ ներկա եւ նախկին իշխանություններին մեղադրեցին կոռուպցիայի, կաշառակերության եւ այլ հանցագործությունների մեջ: Հետաքրքիր է, թե նրանց կարծիքով՝ այս երկու իշխանություններից ո՞րն է ավելի շատ հանցանք գործել, եւ նրանց հատկապես ո՞ր սխալը չի կարելի ներել: «Սովետական Հայաստանից հետո ոչ մեկին ներել չի կարելի,- համոզված է Կոմկուսի ղեկավարը:- Դա մի երկիր էր, որ այսօրվա բոլոր կուսակցությունների անունները որ գումարենք, նոր կստանանք Սովետական Հայաստան: «Օրինաց երկիր»՝ Սովետական Հայաստանը օրինակելի երկիր էր, «Ազգային Միաբանություն»՝ միաբանված ազգ էր, «Բարգավաճ Հայաստան»` հիանալի բարգավաճ երկիր էր, Հանրապետական՝ հիանալի հանրապետություն էր: Բայց Դաշնակցությունը կռվում էր դրա դեմ: Իմ կարծիքով՝ ներկա եւ նախկին իշխանություններն իրար արժեն»:
«Այն բացասական երեւույթները, որ նախկինում եղել են, այսօր հարյուրապատիկ, հազարապատիկ անգամ ավելացել են»,- կարճ պատասխանեց ՀԺԿ քարտուղար Գ.Հարությունյանը, ով, փաստորեն, այսօրվա իրավիճակի համար մեղադրեց նաեւ նախկին իշխանություններին ճիշտ այնպես, ինչպես դա անում են իշխանությունները: