Կադրերը փոխվում են

13/10/2007

Հարկային ծառայությունում նոր պետի` Վահրամ Բարսեղյանի գալուց հետո կադրային փոփոխությունների գործընթաց է սկսվել: Այդ փոփոխություններն առնչվում են ծառայության գրեթե բոլոր առանցքային ստորաբաժանումներին: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ զգալիորեն շատացել են ՀՊԾ եկած այն նոր ղեկավար կադրերը, որոնք մինչ այդ աշխատում էին ՀՀ ուժային տարբեր կառույցներում` Ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ինչպես նաեւ՝ ՀՊԾ նոր պետի նախկին աշխատավայրում` ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունում: Փոփոխություններ են կատարվել ՀՊԾ պետի խորհրդականների եւ օգնականների շրջանում, ՀՊԾ-ի 7-րդ եւ 8-րդ բաժիններում (ներքին անվտանգության եւ հատուկ բաժիններ), լուրջ կադրային փոփոխության է ենթարկվել ՀՊԾ-ի վերահսկողության ծառայությունը եւ այլն: Լուրջ համալրում է տեղի ունեցել Օպերատիվ-հետախուզական վարչությունում: Ընդ որում, «Օպերատիվ-հետախուզության մասին» օրենքում ԱԺ-ի կողմից փոփոխություններ կատարելուց հետո համակարգ են սկսել վերադառնալ նաեւ հին «օպերատիվնիկները»: Ըստ մեր աղբյուրների, օրինակ, Օպերատիվ-հետախուզական վարչության նորանշանակ պետ Արկադի Բալայանի տեղակալ է նշանակվել նախկինում նույն այդ պաշտոնը զբաղեցրած եւ մինչ վերջերս Երեւանի քաղաքապետարանի վարչություններից մեկի պետ հանդիսացող Գագիկ Մազմանյանը: