Քարոզչությունն արվեստ է` ուրիշներին համոզելու մի բանում, ինչին ինքդ չես հավատում
Աբբա Էբան
Մոտ տասը տարի առաջ Հայաստանում PR բառը շատ քչերն էին լսել, իսկ իմաստը հասկանում էին լավագույն դեպքում` մեկ-երկու տասնյակից ոչ ավելի մարդիկ: Այսօր PR բառն օգտագործում են ամեն քայլափոխի` ով պատահի եւ ինչպես պատահի: Իհարկե, տասը տարվա ընթացքում շատ բան է փոխվել, սակայն մեկ հանգամանք մնացել է անփոփոխ` այսօր էլ (ինչպես եւ տասը տարի առաջ) PR արտահայտության իմաստն այդքան էլ շատ մարդ չի հասկանում: Սակայն սա փաստի սուբյեկտիվ կողմն է: Բայց, ինչպես ցանկացած երեւույթ, PR-ն ունի նաեւ օբյեկտիվ ընկալում: Եվ անկախ այն բանից` մարդիկ հասկանո՞ւմ են, թե՞ չեն հասկանում PR օտարալեզու հապավման իմաստը, PR-ը, ինչպես եւ շատ երեւույթներ` ինտերնետ, բջջային կապ, SMS, գլոբալիզացիա, «տեղեկատվական հասարակություն», քաղաքացիական հասարակություն, թվային հեռուստատեսություն, օբյեկտիվորեն եւ սրընթաց մուտք է գործում մեր կյանք: Այս իրողությունը հաստատվեց վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ հայաստանյան հասարակության բոլոր շերտերը` քաղաքականության, բիզնեսի եւ շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ սկսեցին զբաղվել ակտիվ եւ ագրեսիվ PR-ով:
Այլ հարց է, թե ինչպես է ընդունում մեր հասարակությունը (չմոռանանք, որ PR-ը թարգմանվում է որպես «հասարակության հետ կապեր» եւ ուղղված է հենց հասարակության լայն խավերի ուշադրության կենտրոնում հայտնվելուն կամ հասարակության համակրանքը շահելուն) վերջիններիս PR ակցիաները: Օրինակ, «32 ատամ» ակումբում տեղի ունեցած օրերս սարքած «ծեծկռտուքը» դասական PR էր, որին անդրադարձան հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Դե, իսկ երթուղային տաքսիներում, վարսավիրանոցներում եւ սուրճի բաժակի շուրջ խոսակցությունների առումով այդ դեպքը գերազանցեց անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումների թեմային: Իհարկե, շատ-շատերը «32 ատամի» այս քայլը «բացասական» գնահատեցին: Կարծում եմ՝ պատճառը մեր հասարակության պահպանողականությունն է: Այստեղ ես լիովին համաձայն եմ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի այն մտքի հետ, որ մեր հասարակության համար պահպանողական արժեքները կրող ՀՀԿ-ն ամենամրցունակն է: Պարզապես մնում է պարզել, թե այսօրվա ՀՀԿ-ի մոտ 130.000 անդամներից քանիսը գիտեն, որ ՀՀԿ-ն պահպանողական արժեքներ կրող կուսակցություն է: Քաղաքական գործիչների PR-ին, սակայն, դեռ կվերադառնանք: Շարունակելով հայկական շոու-բիզնեսի PR-ի թեման, նշեմ, որ հիմնականում այն գտնվում է այդ նույն շոու-բիզնեսի մակարդակի վրա` այն չափից ավելի պրիմիտիվ է եւ սահմանափակվում է այս կամ այն անիմաստ եւ միայն նկարազարդ «էլիտար» ամսագրերի շապիկներին երեւալով եւ առավոտյան կամ երեկոյան երաժշտական ծրագրերում «մամայից եւ պապայից շնորհակալություն հայտնելով»: Իհարկե, կան նաեւ բացառություններ` Անդրեի՝ «Եվրատեսիլին» մասնակցությունը (որտեղ Անդրեի պրոդյուսերը ոչ մի կապ չուներ), Սիլվա Հակոբյանի եւ Արամեի սրընթաց վերելքը (այստեղ կարելի է նշել, որ տաղանդը շոու-բիզնեսում դեռեւս գործոն է), Խորեն Լեւոնյան դերասանի հայտնությունը (այստեղ համընկել են պապիկի անունը եւ Ալեքսան Հարությունյանի PR մասնագիտական հմտությունները), Լուսինե Թովմասյանի ֆենոմենը (այս պարագայում` Լուսինեի գեղեցկությունը եւ կրկին Ալեքսան Հարությունյանի PR մասնագիտական հմտությունները): Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «սեւ PR-ին», ապա շոու-բիզնեսի պարագայում (անգամ, եթե դա վերաբերում է պահպանողական հայաստանյան շոու-բիզնեսին) միշտ էլ գործում է «Ցանկացած հիշատակում, բացի մահախոսականից, լավ է» սկզբունքը:
Ինչ վերաբերում է քաղաքական PR-ին, ապա այսօր այդ խնդրով լուրջ զբաղվում է միայն քաղաքական երկու գործիչ` Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մնացած բոլորն առայժմ, ինչպես ասում են` «բալույուցա»: Իհարկե, այս առումով ավելի դժվար է Լ. Տեր-Պետրոսյանի համար: Որովհետեւ իր տրամադրության տակ չունենալով ոչ մի էլեկտրոնային լրատվամիջոց, նա իր ոչ ստանդարտ քայլերով (համաձայնեք, որ Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում ՀՅԴ-ի կամ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումն իրոք ոչ ստանդարտ քայլեր էին), փաստորեն, ամեն շաբաթ հաջողացնում է դառնալ «նյուսմեյքեր»: Սերժ Սարգսյանի PR-ն, ըստ իս, կառուցված է «Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ» սկզբունքով: Որովհետեւ, ի տարբերություն գործող նախագահի, պարոն Սարգսյանը հանդիպում է ոչ միայն իր սիրելի երեք հեռուստատեսությունների լրագրողների հետ, այլեւ տպագիր մամուլի ներկայացուցչի հետ, օլիգարխներին հասկացնում է, որ բացի դրախտից՝ կա նաեւ դժոխք, ոչ թե գնում է Համալսարան եւ ասում, որ գիրք կարդալը վատ բան է, այլ իր մոտ է հրավիրում առաջադեմ երիտասարդներին եւ նրանց հավաստիացնում, որ նրանք են մեր երկրի ապագա տերերը, այլ ոչ թե «ախրաննիկները»: Իհարկե, քաղաքական դաշտում կա եւս մեկ անձ, ով նպատակասլաց զբաղվում է սեփական PR-ով` մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Սակայն, ինչպես արդեն նշել էի, մենք պահպանողական ազգ ենք եւ «Ժիրինովսկի խաղալը» Հայաստանում առայժմ ոչ մի «աչոկ» չի բերում:
Մի երկու խոսքով էլ անդրադառնամ բիզնես PR-ին, որը մեզանում դեռ ամենաերիտասարդն է: Եվ հայ գործարարները PR-ի մասին հիմնականում հիշում են այն դեպքում, երբ ծանր վիճակում են հայտնվում միջազգային կամ տեղական մամուլի հրապարակումներից հետո: Երբ այդ հրապարակումներն իրենց ետեւից հասարակության մեջ բացասական մեծ ալիք են բարձրացնում: Որովհետեւ, ի տարբերություն շոու-բիզնեսի, այստեղ «սեւ PR-ի» ազդեցությունը կարող է բերել բավականին տխուր վերջաբանի: Թեպետ մեր բիզնեսմենների մեծ մասը լավ չեն հասկանում «սեւ PR» արտահայտության իմաստը (ինչպեսեւ՝ ընդհանրապես PR արտահայտության իմաստը): Որովհետեւ, եթե տպագրված կամ հաղորդված լուրն իրականություն է, ապա դա ոչ թե «սեւ PR» է, այլ պարզապես փաստի արձանագրում: Այս առումով չեմ կարող չնշել Խաչատուր Սուքիասյանի անունը, որը, կարելի է ասել, այն եզակի գործարարներից է, որ արդեն տասը տարուց ավելի մեծ ուշադրություն է դարձնում թե՛ իր անձնական, եւ թե՛ իր բիզնեսի PR-ի վրա: Այնպես որ, նա կարող է մյուսներին բացատրել PR-ի հետեւանքներն ու արդյունքները: