Երեկ Բաղդադի հայկական եկեղեցում տեղի է ունեցել երկու հայ կանանց հոգեհանգստի արարողությունը, ովքեր սպանվել էին նախօրեին անվտանգության ավստրալական «Յունիթի» ֆիրմայի աշխատակիցների արձակած կրակոցներից: «Ֆրանսպրեսի» վկայությամբ՝ տաքսու վարորդը՝ 49-ամյա Մարո Հովհաննեսը, եւ նրա ուղեւորուհին՝ Ջինիվա Ջալալը, զոհվել են գլխին արձակված կրակոցներից: Մեկ այլ ուղեւորուհի վիրավորվել է ուսից, իսկ մեկ երեխա վնասվածքներ է ստացել փշրված ապակու կտորներից: Իրաքի իշխանությունները դատապարտել են տեղի ունեցածը, մինչդեռ ավստրալական ընկերությունը պաշտպանել է իր աշխատակիցներին՝ պնդելով, թե նրանք կրակ են բացել միայն այն բանից հետո, երբ կանգ առնելու՝ բազմիցս հնչած իրենց պահանջը չի կատարվել: