«Վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանում ավելի արագ է աճում բանկային համակարգը, քան ընդհանրապես համախառն ներքին արդյունքը: Այս տարի արդեն 5 արտասահմանյան խոշոր բանկ է մտել Հայաստան, եւ մենք ակնկալում ենք, որ այս ոլորտի աճը կլինի մոտ 70 տոկոս ու միգուցե ավելի»,- Բելգիայի կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով հայ-բելգիական գործարար համաժողովում: Խոսելով ՀՀ-ում ապահովագրական ոլորտի զարգացման մասին` Ռ. Քոչարյանը նշել է, որ օրենսդրությունը գրեթե ամբողջությամբ արդիականացված է: «Ներկայումս մենք բանակցում ենք այդ ոլորտում աշխատող արտասահմանյան ընկերությունների հետ` փորձելով ներգրավել նրանց հայկական շուկայում: Հայաստանում գործում են ընկերություններ, հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ մեկ գերմանական եւ ֆրանսիական ընկերություն ներկա կլինեն նաեւ այդ ոլորտում»,- ասել է Ռ. Քոչարյանը: Նա ասել է, որ բիզնես ծավալելու առումով ՀՀ-ում միջավայրը բարենպաստ է. «Իմ նախագահության ընթացքում չի եղել մեկ դեպք, երբ որեւիցե արտասահմանյան ընկերություն կորուստ ունենա Հայաստանում»: