Խնդրել են՝ օգնել են

13/10/2007

Ինտերնետ չորս պրովայդերների մալուխային ցանցն անցնում է Երեւանի քաղաքապետարանին պատկանող էլեկտրասյուների վրայով: Մեզ հաջողվեց ճշտել այդ պրովայդերներից երկուսի անունը` Ֆայբերնետ եւ ADC, որոնք պատահական մարդկանց բիզնես չեն համարվում: Մալուխային ցանց անցկացնելու համար մնացած ընկերությունները վարձակալում են «ԱրմենՏելի» հորերը: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունից տեղեկացանք, որ իրենք որեւէ ընկերության թույլ չեն տա իրենց հենասյուներով մալուխներ անցկացնել, քանի որ դա անվտանգության նորմերի կոպիտ խախտում է համարվում: Իսկ ահա «Երքաղլույսի» տնօրեն Սամվել Գաբրիելյանից տեղեկացանք, որ քաղաքապետարանի հենասյուներով մալուխային ցանց անցկացնելու համար պետք է լինի քաղաքապետի համապատասխան որոշումը եւ, որ կոնկրետ վերոնշյալ ընկերություններն իրենց գործունեությունն իրականացրել են քաղաքապետի համապատասխան որոշման համաձայն: «Մեր էլեկտրասյուներն, ի տարբերություն էլցանցերի՝ մետաղյա են, եւ բարձր լարման էլեկտրագծեր չեն անցնում: Անվտանգության որոշակի նորմերի պահպանման դեպքում կարելի է մեր սյուներով մալուխային ցանց անցկացնել: Այդ սյուների սպասարկման հարցում պայմանագիր ունենք: Եթե խնդրում են, որ ծառայությունների մատուցումը մենք ստանձնենք, ապա համաձայնում ենք: Մենք այն ընկերություններին ենք թույլատրում, ովքեր հնարավորություն չունեն իրենց մալուխներն «ԱրմենՏելի» հորերով անցկացնել»,- ասաց Ս. Գաբրիելյանը: Իսկ թե ինչպե՞ս է քաղաքապետարանը, չունենալով կոմերցիոն գործառույթ, այդ ընկերությունների հետ լուծում ֆինանսական հարցերը` Ս. Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել: