Ո՞վ է լինելու «Արմենտելի» մրցակիցը

13/10/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոկտեմբերի 1-ից ավարտված է համարվում «ԱրմենՏելի» մենաշնորհը ֆիքսված հեռախոսակապի եւ ընդհանրապես կապի ոլորտում: ԱՏ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դեռ հունիսին ներկայացրել էր սակագների վերաբալանսավորման առաջարկ, որը մենաշնորհի վերացմանն ուղղված հերթական միջոցառումների շարքից էր:

Կարգավորող մարմինն այս առաջարկը մերժել էր` պատճառաբանելով, որ նախկինում հաստատված ֆիքսված կապի սակագները վերահավասարակշռված են: Այսինքն, արդեն իսկ սահմանված է առավելագույն սակագին: Վերջնական արդյունքում, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության բաժնի պետ Գեւորգ Գեւորգյանի` ԱՏ-ն հիմնովին կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Ավելին, 800 գյուղի փոխարեն, այս պահին թվայնացվել է 830-ը:

Ֆիքսված հեռախոսակապն ընդհանրապես ամբողջ աշխարհում բավականին թանկ հաճույք է համարվում, սակայն պետության համար ցանցային այս համակարգն ունի ռազմավարական նշանակություն: Բացի այդ, շարժական կապը չունի այն հնարավորությունները, ինչպիսին ֆիքսված կապի դեպքում է: Հեռահաղորդակցության բաժնի պետ Գեւորգ Գեւորգյանից տեղեկացանք, որ ձայնային ծառայություններ մատուցելու մասին կարգավորողին առայժմ տեղեկացրել են «Արմինկո» եւ «Էքսոլթ» ընկերությունը: Պարզ է, որ միջազգային ձայնային ծառայությունն ամենաարագն է զարգանալու, քանի որ գործ ունենք ինտերնետով միջազգային զանգեր կատարելու տարբերակի հետ: Ընկերությունները տեղեկացրել են, որ ծառայությունները մատուցվելու են առանց համարագրման պլանից համարային ռեսուրսի: Սա նշանակում է, որ նրանք հեռախոսային ավանդական կապով չեն զբաղվելու, քանի որ այս ոլորտը նախ՝ մեծ ներդրումներ է պահանջում: «Մենք արդեն ունենք 31 ընկերություններ, ովքեր ունեն ցանցի շահագործման լիցենզիա: Ձայնային ծառայություն մատուցելու համար նրանք իրենց մտադրության մասին պետք է նախօրոք տեղեկացնեն (քանի որ ցանցի լիցենզիան ներառում է նաեւ ծառայությունների մատուցման լիցենզիան) եւ, եթե անհրաժեշտ է համարային ռեսուրս, ապա վերջիններս պետք է ստանան հեռախոսահամարների զբաղեցման թույլտվություն եւ կարող են սկսել իրենց աշխատանքը: Իսկ այլ լիցենզավորված ցանցերով ծառայություններ մատուցողները պետք է պարզ ընթացակարգով ստանան ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա»,- ասում է Գեւորգ Գեւորգյանը: Սակայն մինչ օրս չի գտնվել երկրորդ օպերատորը, ով պատրաստ է ԱՏ-ի հետ կիսել գոնե մայրաքաղաքի հեռախոսային դաշտը, թեպետ 31 ընկերություն նման հնարավորություն ունի: Մայրաքաղաքում արդեն առկա են մի քանի խոշոր պրովայդերներ, որոնք ունեն սեփական մալուխային ցանց եւ կարող են հանգիստ մտնել ֆիքսված կապի ոլորտ եւ որոշակի եկամուտ ստանալ: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ մայրաքաղաքում ֆիքսված կապը կարող է շահութաբեր լինել: Խնդիրը բարդանում է գյուղական վայրերի պարագայում, որտեղ կամ պետք է վարձակալեն ԱՏ-ի մալուխային ցանցը, որը չի կարող մրցակցության բերել ցանցերի միջեւ, կամ էլ պետք է ստեղծեն սեփական ցանցը, որն էլ բիզնես տեսանկյունից չի կարող շահութաբեր լինել: Պետությունն այստեղ պետք է գործընկերոջ դերում հանդես գա: «Կապի եւ տրանսպորտի նախարարության հետ քննարկում ենք «Համընդհանուր ծառայությունների մատուցման» մեխանիզմների հարցը: Համընդհանուր է համարվում այն ծառայությունների համալիրը, որոնք պետք է մատուցվեն մատչելի գնով: Հիմնադրամում պետք է մասհանումներ անեն կարգավորող մարմնի կողմից լիցենզավորված բոլոր կազմակերպությունները: Հիմնադրամից գումարները հատկացվելու են մրցութային կարգով` կոնկրետ ցանցի ստեղծման նպատակով: Ընդ որում, հիմնադրամն ամբողջությամբ չի ֆինանսավորելու ցանցի աշխատանքները, այլ միայն՝ ոչ եկամտաբեր մասով: Հիմնադրամը վերջնականապես իր գործունեությունը կարող է սկսել եկող տարի, եւ այս մեխանիզմը գործելու է միայն հեռավոր գյուղերի դեպքում»,- պետության ծրագրերի մասին տեղեկացնում է Գեւորգյանը: Սա նշանակում է, որ մինչեւ հաջորդ տարի խոսք անգամ չի կարող լինել գյուղական վայրերում ֆիքսված կապի նոր օպերատորի մասին: Իսկ մայրաքաղաքում կգնա՞ մասնավորը նման մեծ ներդրումների, քանի դեռ պետությունն իր մասնակցությունը չի ապահովել նաեւ այս դաշտում, դժվար է միանշանակ ասելը: Այն էլ, երբ պահանջ է դրվելու աշխատել նոր-թվային տեխնոլոգիաներով եւ ոչ իրենց դարն ապրած ավտոմատ հեռախոսակայաններով (ATC): Կարգավորող մարմինն արդեն ֆիքսել է, որ այս ոլորտում սահմանված սակագներն արդեն իսկ համարվում են առավելագույն: Ստացվում է, որ մրցակցության դեպքում շուկայական գները պետք է անկում ապրեն: