Եղբայրները՝ սեղանի շուրջ

13/10/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ Երեւանում` Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Ռուսաստան եւ Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» երկարաշունչ անունը կրող կլոր սեղան։ Այն կազմակերպել էին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը, ռուսական «Եվրասիա» հիմնադրամը եւ Ռուսաստանի Արտգործնախարարությանն առընթեր գիտական եւ մշակութային փոխհամագործակցության ռուսաստանյան միջազգային կենտրոնը:

Քննարկմանը մասնակցում էին «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչ Վլադիմիր Ագաֆոնովը, Ռուսաստանի Արտգործնախարարությանն առընթեր գիտական եւ մշակութային փոխհամագործակցության ռուսաստանյան միջազգային կենտրոնի կովկասյան բաժնի պետ Ս. Լոբաչեւը, հայաստանցի փորձագետներ եւ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ՝ Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի գլխավոր հարցը՝ արդյոք ներքաղաքական գործոնն ազդո՞ւմ է երկու երկրների փոխհարաբերությունների վրա, միանշանակ պատասխան այդպես էլ չստացավ: Կարծիքները տարբեր էին։ Օրինակ, «Նոյյան Տապանի» վերլուծաբան Հարություն Խաչատրյանի համար աքսիոմատիկ ճշմարտություն է, որ, ինչպես Հայաստան-Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներքաղաքական գործոնից կախված չեն։

Իսկ, օրինակ, Հայկ Բաբուխանյանը, ընդհակառակը, ուղիղ կապ է տեսնում այս հարցի մեջ։ Այդ կապը նա բացատրում է մոտավորապես այսպես. եթե ընտրությունների արդյունքում Հայաստանում իշխանության գան այն ուժերը, որոնք ցանկանում են, որ ԼՂՀ հարցը շուտափույթ կարգավորվի, ապա կբացվի Թուրքիայի հետ սահմանը, ինչը կանդրադառնա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարաբերությունների վրա։ Կարճ ասած, Հ. Բաբուխանյանի կարծիքով, ներքին քաղաքական ռեժիմի փոփոխությունը կբերի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության։ Քաղաքագետ Դավիթ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ներկայիս ռեժիմը լրիվ ձեռնտու է Ռուսաստանին։ Ավելին, ռուսներն աջակցում են այդ ռեժիմին, չեն էլ թաքցնում եւ երբեմն անգամ ցինիկ կերպով հայտարարում են այդ մասին։

Կլոր սեղանը վարող Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ ելույթ ունեցողները պետք է խոսեին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, սակայն ընթացքում շեղվում եւ խոսում էին Եվրոպայից ու Եվրաինտեգրացիայից։ Այսինքն, կա ձեւավորված կարծիք, որ եթե ձգտում ես դեպի Եվրոպա, նշանակում է՝ Ռուսաստանին դեմ ես, իսկ եթե Ռուսաստանի հետ հարաբերություններն են սերտ, ապա դա հակասում է եվրաինտեգրման գաղափարին։ Ալ. Իսկանդարյանն այդ մոտեցումը սխալ է համարում։

Եվ, քանի որ երկրների փոխհարաբերություններում տնտեսական ասպեկտը քաղաքականից պակաս կարեւոր չէ, անդրադարձ եղավ նաեւ այս հարցին։ Հարություն Խաչատրյանը, նշելով, որ ռուսական կապիտալը Հայաստանում գերիշխող դիրք ունի, հարցադրում առաջ քաշեց՝ ո՞րն է ռուսների նպատակը. իրոք ներդրումնե՞ր անելը մեր երկրում, թե՞ պարզապես ձեռնարկություններն իրենցով անելը, որպեսզի ուրիշին բաժին չհասնեն։

Թեեւ, ներդրումների առումով, ռուսներն «ամոթալի» երրորդ տեղից հասան առաջին տեղ (եթե, իհարկե, Հրազդանի ՋԷԿ-ի կամ մյուս գործարքները կարելի է ներդրում համարել), ըստ պաշտոնական վիճակագրության, մեր արտաքին առեւտրաշրջանառությունը հիմնականում տեղի է ունենում Եվրամիության հետ։

Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Ռուսաստանի հետ ճանապարհները փակ են՝ բեռնափոխադրումը կամ օդային ճանապարհով կարող է լինել, կամ «Կովկաս» լաստանավով (որն անկանոն է գործում), կամ էլ ծայրահեղ դեպքում՝ Իրանի տարածքով։ Դ. Պետրոսյանը հիշեցրեց, որ ավելի քան 1 տարի առաջ Վերին Լարսի անցակետը փակվեց՝ վերանորոգման պատճառաբանությամբ։ Այս ամենի արդյունքում Ռուսաստանի շուկան հայ գործարարի համար փակ է։ Մնում է կամ Իրանի՝ ոչ լիբերալ շուկան, կամ Արեւմուտքը։ Այդ իսկ պատճառով էլ մեր բիզնեսմենները ձգտում են դեպի Արեւմուտք։

Կլոր սեղանի ընթացքում, բնականաբար, հիշվեց նաեւ «ֆորպոստ» բառը։ Ալ. Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ դա ասվել է ոչ այն իմաստով, ինչպես ներկայացնում էին ԶԼՄ-ները։ Այնպես որ, վիրավորական ոչինչ չկա, եւ նեղանալ պետք չէ։

Մի խոսքով, ինչ-որ ռեալ արդյունքներ քննարկումը չունեցավ։ Թեեւ սա բնական է, քանի որ կլոր սեղանների ու քննարկումների արդյունքը մեր երկրում սովորաբար սահմանափակվում է դրանց կազմակերպմամբ։ Առավել եւս, որ, ինչպես մասնակիցները վստահեցրին, իրենք քննարկմանը չէին ներկայացել նախապես պատրաստված կոնկրետ զեկույցներով: Այդ իսկ պատճառով էլ ռացիոնալ մոտեցումների պակաս էր զգացվում։ Թեեւ, անկախ նմանատիպ քննարկումներից ու դրանց արդյունքներից, ռուս-հայկական բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը նորանոր նվաճումներ է արձանագրում. կլոր սեղանին նախորդող օրը հայտարարվեց, որ Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության նոր սեփականատեր է դարձել ռուսական «Արդյունաբերական ներդրողներ» ֆինանսական խումբը: Հետաքրքիր զուգադիպություն է։

Ի դեպ, մեկ այլ հետաքրքիր զուգադիպությամբ, ՀՀ Անկախության տոնից մի քանի օր առաջ նշվում էր «ՀայՌուսգազարդի» 10-ամյա հոբելյանը։ Մի կողմից՝ անկախություն, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսական «անկախությունը» խորհրդանշող ընկերության հոբելյան։ Ասել են, չէ՞, ռուսները. իրենք բոլորի, այդ թվում՝ ռազմավարական գործընկերների հետ շփվելիս առաջնորդվում են շուկայական սկզբունքներով։ Իսկ շուկայական տեսանկյունից շատ էլ ձեռնտու է՝ առանց ավելորդ միջոցներ ծախսելու գրավել Հայաստանը՝ էներգետիկ, հեռահաղորդակցության, ոսկու արդյունաբերության եւ այլ ոլորտները, եւ այդ ամենը ներկայացնել որպես մեծահոգի ներդրումներ։ Մնում է վերահսկողություն սահմանել «ֆորպոստում» պտտվող փողերի նկատմամբ, դա էլ կանի «Գազպրոմբանկը»։ Իսկ Լարսի անցակետը դեռ վերանորոգում են, շտապելու կարիք չկագ

Հ.Գ. Ռուս-հայկական հարաբերությունների մասին խոսելիս մտաբերեցի 2 օր առաջ «Արմենիայի» եթերով հեռարձակված «Հեռուստադուել» հաղորդումը։ Թեման սա էր՝ ո՞ր կողմ ձգտի Հայաստանը, դեպի Ռուսաստա՞ն, թե՞ դեպի Արեւմուտք։ Ու երբ ամերիկամետ Հովհաննես Հովհաննիսյանը որպես փաստարկ նշում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած օգնությունը՝ ավելի քան միլիարդ դոլար, նրա հակառակորդը՝ ռուսամետ Արամ Գ. Սարգսյանը, հանճարեղ հակափաստարկ բերեց՝ Ռուսաստանից էլ միլիարդավոր դոլարի տրանսֆերտներ են գալիս։ Պարզվում է, մեր հայրենակիցների քրտինքով աշխատած փողն էլ պիտի վերագրենք մեր ռազմավարական գործընկերոջը։ Ռուսամետ, բայց այսքա՞ն ռուսամետ: