«Հայփոստ թրաստինգ մենեջմենթ» ընկերությունն, առանց որեւէ մեկին բացատրություններ տալու, շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը: Նշենք, որ նախորդ շաբաթ «Հայփոստի» կառավարումը ստանձնած հոլանդական ընկերությունը որոշել է աշխատանքային պայմանագրերը չշարունակել մոտ 270 աշխատողների հետ: Այս աշխատաոճը շարունակվելու է աշխատողների մինչեւ 50 տոկոսի կրճատումը («Հայփոստն» ունի մոտ 4000 աշխատող):
«Հայփոստի» տնօրինության այս որոշումն անակնկալի է բերել աշխատանքային կոլեկտիվին, եւ նրանք հոկտեմբերի 15-ից հետո՝ որպես գործազուրկ, կարող են իրենց իրավունքները պաշտպանել միայն դատական ատյաններում կամ Կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցով: Պետական տեսակետ այս խնդրի առնչությամբ դեռեւս չի հնչել, բացառությամբ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի արձագանքի: «Ես կփորձեմ, որ կառավարիչը տեղեկատվություն տրամադրի աշխատողներին ազատելու հիմքերի վերաբերյալ: Փոստային գործառույթը բիզնես է, եւ մենք կառավարչին տվել ենք այդ հնարավորությունը: Ես դատապարտում եմ նման գործելաոճը»,- ասել է նախարարը: Ոչ պաշտոնական վարկածում ասում են, որ կառավարիչը գործից հանում է «մեռած հոգիներին», որը թացն ու չորը խառնել է իրար: Բնական է, որ ամեն մարդ փորձում է ինքն իր կապերով տեսնել իր «գլխի ճարը»` միջնորդություններ փնտրելով պետական ապարատում: Շարքային աշխատողներից բացի, աշխատանքը կորցրել են նաեւ «Հայփոստում» տարիներ շարունակ բարձր դիրք զբաղեցրած մարդիկ: Բնականաբար, վերեւներում շատ պաշտոնյաներ ստիպված են լինելու առաջիկայում հոլանդացի Հանս Բոոնին միջնորդել իրենց բարեկամ-ծանոթին կրկին աշխատանքի տեղավորելու համար: Վերջին մեկ տարում «Հայփոստում» բարձր աշխատավարձով աշխատանքի է ընդունվել ութ փոխտնօրեն, եւ նրանցից ոչ մեկն էլ իր աշխատանքը չի վաստակել սեփական գիտելիքների բազայի հաշվին` մրցույթի արդյունքում: Սկսենք Գեւորգ Նալբանդյանից, ով մինչեւ հուլիս «Հայփոստի» գլխավոր տնօրենն էր, եւ դեռ մի քանի օր առաջ էլ այս ընկերությունում աշխատում էր փոխտնօրենի կարգավիճակով (վերջինս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից): Գեւորգ Նալբանդյանը Շիրակի մարզպետ Լիդիա Նանյանի որդին է, եւ պարզ է, որ նա տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո չէր կարող զբաղեցնել Հատուկ ծրագրերի գծով փոխտնօրենի պաշտոնը: Իր տնօրինության ժամանակ վերջինս ակտիվ բանակցում էր «ԱրմենՏելի» հետ` փորձելով դառնալ ԱՏ-ի վարձավճարների առաջնային հավաքագրողը: Պարզ է, որ Գ. Նալբանդյանից հետո այս ծրագիրն այդպես էլ անավարտ է մնացել: Հետաքրքիր է փոխտնօրենների հաջորդ` Լառա Չոլակյան եւ Քիրք Օդաբաշյան «դուետը»: Առաջինը փոխտնօրենի պաշտոն է զբաղեցնում Արտաքին հարաբերությունների գծով, իսկ երկրորդը` Անշարժ գույքի կառավարման եւ գործառնական աջակցության գծով: Թե կանադահայ երիտասարդ մեր հայրենակցուհի Լառա Չոլակյանն ո՞ւմ կապերի շնորհիվ է հայտնվել հոլանդացիների ուշադրության կենտրոնում, դժվար է կռահել: Արտաքին հարաբերությունների կոնտեքստում Լ. Չոլակյանը զբաղվում է աշխատողներին կարգի հրավիրելով ու ողջախոհության կոչեր անելով: Աշխատակիցները, սակայն, հենց նրա երեսին ասում են, որ այս տիկինն ինքը չի տիրապետում քաղաքավարության նորմերին: Ծխում է աշխատավայրում, իր դասի մարդկանց հետ բարձր կատակում ու ծիծաղում է, այն դեպքում, երբ մյուսներին դա արգելվում է: Իսկ ահա Քիրք Օդաբաշյանի պարագայում հայտնի է, որ «Հայփոստ» է տեղափոխվել սփյուռքահայ Վահագն Հովնանյանների հայաստանյան ծրագրերից, եւ, դատելով նրա տեսքից, հնարավոր է, որ նա անց լինի կենսաթոշակային տարիքից: Պրն Օդաբաշյանը լրագրողների բոլոր հարցերին մի պատասխան էր տալիս. «Փան մը չունիմ ասելու»: Մենք կարեւորում ենք այս մարդու տարիքը, քանի որ «Հայփոստում», եթե կրճատումներ են, ապա առաջնահերթ ազատվում են կենսաթոշակի անցածներից: Միշա Դալեն Խիլհույսը միակ օտարազգի ներմուծված փոխտնօրեններից է, ով համակարգում է փոստային ծառայությունների ոլորտը: Բավականին ուշագրավ է Արման Խաչատուրյանի` Կորպորատիվ զարգացման գծով փոխտնօրենի «ֆենոմենը», ով հեռացվել է «ԱրմենՏելից» եւ շատ արագ տեղավորվել է «Հայփոստում»` նախագահականում իր ունեցած ընկերական կապերի շնորհիվ: Արման Խաչատուրյանի Կորպորատիվ փոխտնօրինության բանուգործը մարդկանց ահաբեկելն է: «Հայփոստի» աշխատակիցները (անունները չենք նշում, քանի որ նրանք 200-ից ավելի են) վրդովված պատմում են, որ այս պարոնը «քացով» բացում է իրենց աշխատասենյակների դռները եւ պահանջում օր առաջ ազատել տարածքը: Կոմերցիոն ծառայությունների գծով փոխտնօրենների շարքը շարունակում է Արսեն Հովհաննիսյանը, ով փոստային համակարգ է եկել «Մարս» գործարանից: Այն դեպքում, երբ «Մարս» գործարանում առաջիկայում զգալի ծրագրեր են սպասվում, եւ այստեղ լավ մասնագետի կարիք, անշուշտ, զգացվելու է: Միքայել Գրիգորյանն էլ փոխտնօրեն է Բանկային գործառնությունների գծով, իսկ Ֆինանսական գծով փոխտնօրենի պարտականությունները ստանձնել է Հայկ Ավագյանը: Այս երկուսին էլ համարում են ԿԲ-ի կամ ՀԲ-ի կադրեր: Այս ութ փոխտնօրենների աշխատավարձն ամսական մի քանի հազար եվրո է կազմում, մինչդեռ «Հայփոստն» ասում է, որ ֆինանսական դժվարություններ ունի: Այս մարդիկ որպես ղեկավար կազմ՝ ունեն թանկարժեք ծառայողական մեքենաներ եւ նույնքան էլ քմահաճ են իրենց ծախսերի հարցում: Աշխատակիցները պնդում են, որ վերջինների միայն ամսական գրասենյակային ծախսը մի քանի միլիոն դրամ է կազմում: «Հայփոստում» առայժմ չեն պատասխանում որեւէ հարցի, միայն հաջողվեց պարզել, որ առաջիկայում ասուլիս է լինելու (ժամկետները չեն նշվում), որտեղ կտրվեն այս հարցերի պատասխանները:
Անդրադառնալով Կառավարության եւ «Հայփոստ թրաստինգ մենեջմենթի» միջեւ կնքված կառավարման պայմանագրին, ցավով պետք է նշենք, որ այդ փաստաթղթում խոսք անգամ չկա աշխատողների ճակատագրի մասին: Ենթադրվում է, որ այս դաշտը թողնվել է կառավարչի հայեցողությանը: Ահա եւ մեր Կառավարության՝ «Հայփոստում» ներդրումներ անելու ճնշումներին ի պատասխան՝ կառավարիչը քաղաքականացրել է հարցը` ընտրությունների նախաշեմին շուկա շպրտելով գործազուրկների մի մեծ բանակ: Սա նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է՝ կայանա Կառավարություն-կառավարիչ երրորդ հանդիպումը: