Շարունակում է մեղադրել

09/10/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցյալ շաբաթ բրիտանական «Օբսերվեր» պարբերականի հրապարակումներից մեկում 2003 թվականից Հայաստանում աշխատած բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը Համաշխարհային բանկին (ՀԲ) հորդորել էր հետաքննել Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով ՀԲ-ի տրամադրած 35 մլն դոլար արժողությամբ վարկի ծախսման ընթացքում տեղի ունեցած կոռուպցիայի եւ չարաշահումների դեպքերը: Դրան ի պատասխան՝ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել էր, թե այդ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ եւ կոռուպցիայի կամ չարաշահումների դեպքեր չեն արձանագրվել: Սակայն Բրյուս Թասկերը երեկ մեր թղթակցի հետ զրույցում վերահաստատել է իր մեղադրանքները եւ հավելյալ փաստեր է ներկայացրել նշված վարկային ծրագրում կատարված չարաշահումների մասին: Ի դեպ, նրա ներկայացրած փաստերն առնչվում են ոչ միայն ՀԲ երեւանյան գրասենյակին, այլեւ Հայաստանի մի շարք պետական գերատեսչությունների:

Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին ծրագրի համար 2000թ. Համաշխարհային բանկի հատկացրած 30 մլն դոլար վարկը ու ՀՀ կառավարության հատկացրած 5 մլն դոլար սուբսիդիան ոչ նպատակային օգտագործելու կասկածները գնալով հիմնավոր են դառնում: Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը սենսացիոն բացահայտումներ է անում: Վերջերս բրիտանական «Օբսերվեր» հեղինակավոր պարբերականը տեղեկացրել էր, թե Բ.Թասկերը ՀԲ-ին հորդորում է հետաքննել այդ ծրագրում տեղի ունեցած չարաշահումները: Նա պնդում էր, թե երբ սկսել է խորանալ մանրամասների մեջ, պարզ է դարձել, որ «կոռուպցիան այնտեղ սկզբից մինչեւ վերջ է, վերեւից ներքեւ, եւ խոսքը ոչ թե մի քանի հազար դոլարի, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է»: Թասկերը 2003-2004թթ. աշխատել է օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում եւ խորությամբ հետազոտել է երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ողջ ծրագիրը: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, սակայն, անցած ուրբաթ «168 Ժամին» տված պարզաբանման մեջ ասել էր, թե բոլոր բարդություններից ու խնդիրներից անկախ, իրենք «համարում են, որ համայնքային զարգացման ծրագիրը հաջողությամբ է իրականացվել, եւ որեւէ վկայություն չկա խաբեության, կոռուպցիայի կամ ոչ արդյունավետ կառավարելու մասին»: Ա.Վարուդակիսը նույն պարզաբանումը տվել է նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Եվ ի սկզբանե տպավորությունն այնպես էր, թե Թասկերը հանձնաժողովում աշխատանքն ավարտելուց հետո մեկնել է Հայաստնաից: Երեկ, սակայն, բրիտանացի ինժեները եկավ խմբագրություն եւ որոշ մանրամասներ ներկայացրեց ծրագրում տեղի ունեցած չարաշահումների մասին: Հանձնաժողովի նախագահ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Բ.Թասկերի հետ ծանոթացել է Երեւանում Անգլիայի դեսպանատան կազմակերպած ինչ-որ միջոցառման ժամանակ, իսկ 2003թ. հոկտեմբերին նրան առաջարկել է հանձնաժողովում աշխատել որպես գլխավոր վերլուծաբան: Հանձնաժողովը ստեղծվել է նույն թվականի սեպտեմբերին, եւ, ինչպես անունն է հուշում, ստեղծվել էր ուսումնասիրելու օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների ու վարկերի արդյունավետությունը: Եվ ահա կարճ ժամանակ անց Վ.Հովհաննիսյանը բնակիչներից ստացած բողոքների հիման վրա Թասկերին առաջարկում է ուսումնասիրել Երեւանի ջրամատակարարման վարկային ծրագիրը:

«Ես այդ ծրագրի ուսումնասիրությամբ սկսեցի զբաղվել 2004թ. հունվարի 10-ից եւ մինչեւ փետրվարի վերջը բազմաթիվ օրինական խախտումներ հայտնաբերեցի,- պատմում է պարոն Թասկերը: -ՀԲ-ի ֆինանսավորումը կատարվում էր Համայնքների զարգացման ԾԻԳ-ի միջոցով: ՀԲ-ն վարկը տրամադրում էր ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության: Վերջինս էլ պետք է պայմանագիր կնքեր ԾԻԳ-ի հետ եւ գումարը հատկացներ ԾԻԳ-ի միջոցով: Սուբկրեդիտային պայմանագրում ԾԻԳ-ի կնիքը կեղծ էր: Այդ պայմանագիրը ստորագրելու ժամանակ ԾԻԳ-ը դեռ չէր ստեղծվել, ստեղծվեց ստորագրելուց կարճ ժամանակ անց: Այս եւ այլ անօրինականությունների մասին ես տեղյակ պահեցի հանձնաժողովին՝ ի դեմս Վ.Հովհաննիսյանի»:

35 մլն դոլար ֆինանսավորումը ստանալու համար Երեւանի ջրմուղ-կոյուղին (ԵՋԿ) Ֆիննախին պետք է համարժեք գրավ տրամադրեր: ՀԲ-ի պայմանը եղել է, որ պետք է գրավադրվի ԵՋԿ-ի անշարժ եւ շարժական գույքը: Սակայն պարոն Թասկերի ասելով՝ վարկը ստացել են առանց գրավն ապահովելու: Ավելացնենք նաեւ, որ իտալական անկախ օպերատոր «Էյ Յութիլիթիի» լիազորված ներկայացուցիչ Ռիչարդ Վոլքլինգը միաժամանակ «Երեւանի ջրմուղ-կոյուղու» գլխավոր տնօրեն էր: Այդ հանգամանքը ՀԲ-ի ոչ մի օրենքի չէր ենթարկվում: Սա նշանակում է, որ այդ ծրագրում չարաշահումները եղել են հենց սկզբից: Այդ ժամանակ ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը Ռոջեր Ռոբինսոնն էր, իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Գագիկ Մարտիրոսյանն էր: Այս երեք խախտումները հաշվի առնելով՝ հանձնաժողովը Ռ.Ռոբինսոնին եւ Գ.Մարտիրոսյանին հրավիրում է նիստի: «Փետրվարի 27-ին Ռոբինսոնը եւ Գագիկ Մարտիրոսյանը եկան: Ես խախտումները դեռ չէի հասցրել ներկայացնել, Ռոբինսոնը բարկացավ ու իմ միջամտությունից վիրավորված՝ սկսեց անգլերեն գոռգոռալ, թե ես ինչ գործ ունեմ այդ ամենի հետ,- պատմում է Թասկերը: -Ես սպասում էի, որ ինձ հետ կսկսի վիճել նաեւ Գ.Մարտիրոսյանը, սակայն ի զարմանս ինձ, նա համաձայնեց, որ առանց գրավի վարկ վերցնելու մեր փաստերը ճիշտ են: Նա խոստացավ ուղղել այդ սխալը եւ ապահովել գրավը»: Իմիջիայլոց տեղեկացնենք, որ այդ հանդիպումից մի քանի օր հետո Գ.Մարտիրոսյանն ազատվեց պաշտոնից:

Բ.Թասկերը չարաշահումների բազմաթիվ այլ դեպքեր ներկայացրեց, նաեւ ասաց, որ սկզբնական շրջանում Վ.Հովհաննիսյանն աջակցում էր իրեն եւ անընդհատ նոր փաստերի էր սպասում: 2004թ. մարտին պարոն Հովհաննիսյանը հանձնաժողովի աշխատանքների եւ այդ չարաշահումների մասին բավականին սուր զեկույց պատրաստեց, ելույթ ունեցավ ԱԺ-ում, մի քանի չարաշահումների մասին խոսեց, ներկայացրեց նաեւ ԾԻԳ-ի կեղծած պայմանագիրը եւ խոստացավ ավելի հանգամանալից խոսել ֆինանսական ուսումնասիրություններն ավարտելուց հետո: Եվ անցած 3-4 տարիների ընթացքում պարոն Հովհաննիսյանն այլեւս երբեք չի անդրադարձել խոստացած աղմկոտ բացահայտումներին: Հետաքրքիր է, թե այդ մասին մինչեւ հիմա ինչո՞ւ չի խոսել նաեւ պարոն Թասկերը:

«Ես հասկացա, որ հնարավոր չէ ոչինչ անել, միեւնույն է, ոչինչ չի փոխվի»,- ասում է բրիտանացի ինժեները, ով չի բացառում, որ այս փաստերը հրապարակելուց հետո կարող են անախորժություններ առաջանալ իր համար:

2005թ. հունվարի կեսից Բ.Թասկերը որոշում է Երեւանի մոտ 795 պոմպակայանների արդիականացման ծրագիր ներկայացնել, որով առաջարկում էր էլեկտրաէներգիայի զգալի խնայողությամբ բարձրահարկ շենքերին շուրջօրյա ջրամատակարարում ապահովել: Ծրագիրը ներկայացվում է ջրային տնտեսության 2 ԾԻԳ-երի տնօրեններ Վարազդատ Ավոյանին եւ Ադիբեկ Ղազարյանին: Ծրագրին հավանություն են տալիս ՀԲ-ի ներկայացուցիչները եւ Ջրպետկոմը: Ֆինանսավորումը ստացվում է, եւ ծրագիրը կատարվում է առանց խոչընդոտների: Թասկերի ասելով՝ ամեն ինչ հարթ է ստացվել, որովհետեւ ԵՋԿ-ի գլխավոր տնօրենն այդ ժամանակ Գառնիկ Ալեքսանյանն էր, իսկ Ռ.Վոլքլինգը նրա խորհրդականն էր: Թասկերի ասելով՝ իր ծրագրի հիմնական խոչընդոտողը Վոլքլինգն էր, որովհետեւ բրիտանացի ինժեները բացահայտել էր հենց նրա կատարած չարաշահումները: Բացի այդ, Վոլքլինգը որոշել էր ինքն ավարտել Թասկերի սկսած ծրագիրը: Ավելի ուշ՝ 2007թ. հունվարին ԵՋԿ-ն վարձակալած ֆրանսիական «Վիոլա» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը նույնպես հայտարարեց, թե այդպիսի 500 պոմպակայաններ կառուցելու ծրագրեր են իրականացնելու: Թասկերը պնդում է, որ ԵՋԿ-ն ու նոր վարձակալը «սեփականացրել» են իր ներկայացրած ծրագիրը:

Այնուհետեւ իր իրավունքները պաշտպանելու համար Թասկերն այդ չարաշահումները փաստող փաթեթն ուղարկել է Վաշինգտոն՝ Մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կազմակերպություն՝ GAP: GAP-ն այդ փաստաթղթերն ընդունում է, ուսումնասիրում եւ մարտի 29-ին դիմում ՀԲ Ինստիտուցիոնալ կարգապահության բաժին՝ INT: Բրիտանական «Օբսերվերին» նույնպես այս կազմակերպությունն է տեղեկացրել, որ Թասկերը բանկին մեղադրում է չարաշահումների մեջ: «Ապրիլից սկսած GAP-ը հետաքրքրվում է, թե ինչու ՀԲ-ից ոչ մեկը չի գալիս իմանալու այդ բողոքների հիմնավորումները»,- ասում է Թասկերը:

Այս ամենը ներկայացնելով՝ պարոն Թասկերը վստահեցնում է, որ ունի ապացուցող փաստաթղթեր: Բացի այդ, նա ցավով ավելացնում է, որ իր գործողությունների մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին սխալ տեղեկություններ են տվել: «Ինձ աշխատանքի ընդունելու համար ես երբեք չեմ դիմել ո՛չ իտալական «Էյ Յութիլիթի, ո՛չ էլ ֆրանսիական «Երեւան ջուր» ընկերություններին,- ասում է ինժեները: -Վարչապետին այդ մասին սխալ ինֆորմացիա են տվել, դրա համար էլ նա անցած շաբաթ հայտարարեց, թե ես նեղացել եմ ու հիմա սուտ հայտարարություններ եմ անում: Ես պարզապես ուզել եմ իմ ծրագիրն իրականացնել: Իսկ հիմա ես պատրաստ եմ իմ բոլոր փաստերը տրամադրել ՀՀ կառավարությանը, ինչպես տրամադրել եմ GAP-ին»:

Հ.Գ. «168 Ժամը» պատրաստ է ներկայացնել նաեւ Բրյուս Թասկերի հայտարարությունների հետ կապված Համաշխարհային բանկի, ԾԻԳ-ի, Ջրպետկոմի եւ շահագրգիռ մյուս կառույցների մեկնաբանությունները: