Էջմիածնի քաղաքապետն ասում է. «Տարեկան գիտեք, չէ՞, ինչքան տուրիստ ա գալիս Էջմիածին…Դե, երեւի, գիտեք, Էջմիածին քաղաքը Աստծո իջման տեղն ա: Դա, երեւի, ոչ թե երեւի, այլ հաստատ՝ համաշխարհային նշանակություն ունի, այսպիսի քաղաք աշխարհում մեկն է՝ իր տեսքով, իր բարգավաճմամբ…»: Իր «տեսքով ու բարգավաճմամբ» Էջմիածինն, իսկապես եզակի քաղաք է հավակնում դառնալ, եթե նկատի առնենք նաեւ այն փաստը, որ «Աստծո իջման տեղից» ոչ շատ հեռու, զբոսայգու կանաչ գազոնների մեջ գնալով բարգավաճում ու քաղաքին իսկապես նոր տեսք է տալիս գեներալ Մանվել Գրիգորյանի տոնավաճառը: Տոնավաճառի գեներալական ծագման մասին ժողովուրդն է խոսում, իսկ քաղաքապետը պարզապես ասում է. «Ես ի՞նչ կարող եմ անել, ինչ-որ մեկն ունիվերմագի հետ էդ տարածքն էլ ա առել ու դրել տոնավաճառ ա սարքել, իրա սեփականությունն ա, ինչ կուզի՝ կանի»:
Զբոսայգուց ու տոնավաճառից քիչ հեռու էլ քարուքանդ «Վաղարշապատ» հյուրանոցն է: Հյուրանոցի քանդած պատերի տակ տեղակայվել է Էջմիածնի «ֆայլաբազարը»: Շուրջ մեկ տասնյակ միջին տարիքի տղամարդիկ, տոպրակներում՝ օրապահիկ, սպասում էին, թե երբ մի «փողատեր» կգա, իրենց գործ կառաջարկի: Թեեւ նրանք շաբաթներով անգործ են լինում, սակայն քանդուքարափ հյուրանոցի պատերը նրանց հույս են ներշնչում, որ շատ շուտով իրենց կարիքն այդտեղ զգացվելու է. գեներալ Մանվել Գրիգորյանը գնել է նաեւ «Վաղարշապատ» հյուրանոցը: Հենց օրերը մի քիչ էլ տաքանան, գեներալը կսկսի հյուրանոցի շինարարությունը: Գեներալի անունը շարունակում են բարձրաձայն չասել: Հյուրանոցի տնօրեն ներկայացած մի երիտասարդ ասաց. «Մի հատ ֆիրմա ա առել էս շենքը, էլի հյուրանոց ա սարքելու, ի՞նչ կարեւոր ա՝ անունն ինչ ա, համ էլ՝ էդի լրագրողի ականջի բան չի, քուրո ջան»:
Գեներալը, պարզվում է, սեփականության ձեւերում բազմազանություն է սիրում: Հյուրանոց ու տոնավաճառ ունենալուց բացի, նա նաեւ համալսարան ունի: Գեներալին է պատկանում Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Այս մեկի մասին արդեն բարձրաձայն են խոսում:
Ի դեպ՝ հետաքրքիր մի լուր եւս, որը, թերեւս, կրկին խոսում է գեներալի ճաշակի մասին. Գեներալի կինը՝ Նազիկը, պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Քաղաքում այս մասին, ճիշտ է, խոսում են, բայց ասում են՝ «100 տոկոսանոց ինֆորմացիա չի, 100 տոկոսով էդի մենակ գեներալը կարա ասի»: Տիկին Նազիկի մասին ասում են, որ նա իր անձնական բիզնեսն ունի: Ներկայիս քաղաքապետը չի խորշում Նազիկի հետ մրցակցությունից: Ասում է՝ «Եթե որոշեմ մասնակցել հաջորդ ընտրություններին, նաղդ անցնող եմ»: «Համ էլ՝ Նազիկը քաղաքի գրանցում չունի»,- ճշտեց քաղաքապետը: