Ափսոս էին ատամները

09/10/2007

Կիրակի օրը Հանրային հեռուստատեսությամբ (Հ1)` «ուղիղ եթեր» նշանով հեռարձակվող «32 ատամ» ակումբի հաղորդումն ընդհատվեց` ակումբի տղաներից մեկի եւ դահլիճում նստած ինչ-որ հյուրերի ընդհարման պատճառով: Հանրայինի «ուղիղ եթերը» մանրամասնորեն ցուցադրեց, թե ինչպես է հանդիսատեսը բառացիորեն շուռ տալիս ակումբի նշված մասնակցին: Սակայն, ինչպես երեկ պարզվեց, դա նախապես մշակված սցենարով «թամաշա» էր, «տապալող հանդիսատեսն» էլ` Հայաստանի կասկադյորների ֆեդերացիայի անդամներից մեկը, իսկ հաղորդումը նկարահանվել էր անցյալ հինգշաբթի: Երեկ ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանն ասել է, որ դա նախապես մտածված կատակ է եղել, եւ ներողություն է խնդրել հեռուստադիտողներից: «Սա մեր, այսպես ասենք, բարեւն էր։ Եթե 32-ը համարվում է շոուներից նմանը չունեցող, ապա ինձ թվում է, որ պետք է այս քայլը մեզ ներվի»,- համեստաբար ասել է Կ. Բաբաջանյանը: Մի խոսքով, ընդամենը մի քանի ամսում Հանրայինի միջոցով «ռասկրուտկա եղած» երիտասարդները որոշել են նույն Հանրայինի միջոցով իրենց PR-ն անել: Բնականաբար` Հանրային հեռուստատեսության ղեկավարության հովանավորությամբ, քանի որ կիրակի օրը եթերում տեղի ունեցածը ոչ միայն հեռուստադիտողի հանդեպ ունեցած էթիկայի, այլեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի խախտում է: Օրենքի 28-րդ հոդվածում գրված է. «Հանրային հեռուստառադիոընկերությունը ստեղծում է պետությունը՝ ապահովելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այսինքն՝ ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, զվարճալի եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվություն…»: Իսկ ՀՀ նույնիսկ փոփոխված Սահմանադրությունում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղեկացված լինելու իրավունք, ինչն, ի դեպ, երաշխավորում է պետությունը` անկախ Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության միջոցով: Այսինքն` Հանրայինը` նշված հաղորդումը հեռարձակելով «ուղիղ եթերի» նշանով, մարդկանց ուղղակի խաբում է, այսինքն` խախտում է նրանց տեղեկացված լինելու իրավունքը: Ի դեպ, օրենքի նշված պահանջը վերաբերում է միայն Հանրային հեռուստաընկերությանը: Մի խոսքով, հերթական անգամ Հանրայինն օրենք է խախտել` այս անգամ ոչ թե քաղաքական նպատակներով (ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն օր), այլ ավելի «անշառ»` փող աշխատելու համար. նշված հաղորդման շուրջ արհեստական հետաքրքրություն են ստեղծում, դրանով բարձրացնում են այդ հաղորդման ու հեռուստաընկերության «ռեյծինգը» եւ գովազդատուներից ավելի շատ գումար են աշխատում: Ինչ վերաբերում է կոնկրետ հաղորդմանը, ապա դրա վարկանիշը բարձրացնելու նպատակով արված PR-ը կարծես ավելի շատ բացասական ազդեցություն է ունեցել: