ԱԺՄ վարչությունը կիրակի օրը որոշել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է սեփական թեկնածուով, եւ երաշխավորել է կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:
«Մեզ համար սրանք սովորական ընտրություններ չեն: Մեր առջեւ դրված է խնդիր՝ կամ երկիրը փոխվում է, պետության որակը փոխվում է, կամ մենք շարունակում ենք ապրել այսպիսի պետությունում, որը մեզ բոլորովին չի ծառայում,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւն ու հավելել,- Այս պետությունը ծառայում է մի խումբ մարդկանց կամ մի խումբ ընտանիքների: Մենք ուզում ենք, որպեսզի պետության որակը փոխվի, երկիրը փոխվի, մենք ուզում ենք տեսնել զարգացում, իսկապես զարգացում»: Իսկ հարցին` ինչո՞ւ որոշեցիք սեփական թեկնածուով մասնակցել եւ ոչ թե համախմբվել մեկ թեկնածուի շուրջ, Բուտաեւը պատասխանել է. «Կյանքը ցույց է տվել, որ պարտադիր չէ, որպեսզի համախմբումը տեղի ունենա մինչեւ թեկնածուների առաջադրումը. համախմբումը կարող է լինել եւ՛ ընթացքում, եւ՛ վերջին օրերին: Մենք չենք կարող անընդհատ սպասել, թե երբ այդ համախմբումը տեղի կունենա»: Նա, այդուհանդերձ, չի բացառել, որ Վ. Մանուկյանը կարող է սատարել մեկ այլ ուժի: «Ոչ մի բան չենք բացառում, բայց դրա հետ մեկտեղ՝ ի վերջո, դաշտը երեւում է, մենք գիտենք, թե ովքեր են թեկնածուները, եւ այս պահին այդ լուծումը չի երեւում»,- ասել է ԱԺՄ փոխնախագահը: Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու առաջարկ ԱԺՄ-ին առայժմ չի արվել: «Նախ՝ կոնկրետ առաջարկ, կոնկրետ խոսակցություն չի եղել, միգուցե դա լինի ավելի ուշ: Բայց, մյուս կողմից, մենք բազմիցս արտահայտվել ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը մեզ համար անհասկանալի է, եւ կարծում ենք, որ տվյալ հարցում այն մի փոքր այլ պետք է լիներ. նա պետք է ինքը հանդես գար, ավելի շուտ, սատարողի դերում, որովհետեւ ինքը հնարավորություն ունեցել է երկրում որոշակի վիճակ ստեղծելու, եւ դա իրեն չի հաջողվել»,- ասել է Բուտաեւը: Իսկ «Այսինքն, կարծում եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը պետք է սատարի Վազգեն Մանուկյանին եւ ոչ թե հակառակը» հարցին ԱԺՄ փոխնախագահը պատասխանել է. «Կարծում ենք, երկրի համար եւ այս գործընթացի համար դա շատ ավելի արդյունավետ կլիներ, որովհետեւ չենք մտածում, որ այդ շարժումը, որն անհրաժեշտ է ձեւավորել երկրում, որ այդպիսի շարժում ծավալվի Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»: ԱԺՄ խորհրդի նիստին մասնակցել է նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, ով, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե եթե առանցքային թեկնածուի հարցը լուծվի, «բնական է, որ մենք բոլորս կպաշտպանենք այդ թեկնածուին, լինի դա Վազգեն Մանուկյանը, թե մեկ այլ թեկնածու»: