Ի՞նչ է անելու Հայաստանի ամենազոր վերահսկիչը

09/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի մասին խորհրդարանում արդեն զգուշությամբ են արտահայտվում: Ասում են` «մոնստր» կառույց է լինելու, որն ունենալու է անսահման լիազորություններ ու հզոր ֆունկցիաներ: Պատգամավորների տեղեկությունները Վերահսկիչ պալատի մասին, սակայն, միայն այսքանով չեն սահմանափակվում:

Ասում են նաեւ, որ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ում թեկնածությունն է ԱԺ հաջորդ նստաշրջանում ներկայացնելու նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ հենց նրան է Սահմանադրությամբ վերապահված այդ իրավունքը: Շրջանառվող անուններն անընդհատ փոփոխվում են` ՀՀ նախագահի օգնական, Հարկային ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյան, ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Իշխան Զաքարյան եւ ՀՀ մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյան: Գրեթե բոլոր պատգամավորները վստահեցնում են, որ իրենք դեռեւս չգիտեն, թե ով է լինելու այդ «մոնստր» կառույցի «մոնստր շեֆը», որովհետեւ «վերեւներում դեռ չեն կողմնորոշվել»: Շատերը նաեւ հենց դրանով են պայմանավորում Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության ձգձգումը, որի նշանակման վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 20-ին: Պատգամավորների իմացությունն այս կառույցի ու նրա գործունեության, լիազորությունների ընդլայնման մասին հենց այսքանով էլ սահմանափակվում է:

Նախկին ԱԺ Վերահսկիչ պալատը, որը տեղակայված էր ԱԺ տարածքում` առանձին շենքում, ներկայումս շարունակելով գտնվել նույն վայրում, այլեւս կոչվում է ՀՀ Վերահսկիչ պալատ, եւ, ըստ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի` անկախ մարմին է` այնպես, ինչպես ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ Գլխավոր դատախազությունը: Այս կառույցը վերահսկողություն է իրականացնելու բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ, որի գործունեության ծրագիրը հաստատվելու է Ազգային ժողովի կողմից։ Այսինքն` այնտեղ, որտեղ պետական փող կա, վերկահսկելու է Վերահսկիչ պալատը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Վերահսկիչ պալատի «վերահսկիչներին», ըստ օրենքի, որեւէ մեկն իրավունք չունի արգելելու մտնել ու վերահսկել գործնականում գրեթե բոլոր պետական հիմնարկները: Օրինակ` Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցներն իրավունք ունեն, վերահսկողության թեմայի շրջանակներում` ծանոթանալ այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են վերահսկվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեությանը, վերահսկվող օբյեկտի ղեկավարից պահանջել եւ ստանալ անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվություններ եւ պարզաբանումներ: Իրավունք ունեն մուտք գործել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բանկերի, հիմնարկների եւ այլ օբյեկտների տարածքներ: ՎՊ ղեկավարության կողմից լիազորված աշխատակիցները կարող են նաեւ ծանոթանալ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերին: Ի դեպ, այս գործողություններն իրականացնելիս, ՎՊ աշխատակիցը պարտավոր չէ տվյալ օբյեկտի ղեկավարությանը բացատրություններ տալ վերահսկողության եւ դրանց արդյունքների վերաբերյալ: Իսկ եթե հանկարծ վերահսկվող օբյեկտի ղեկավարները կամ պատասխանատու պաշտոնատար անձինք չկատարեն նրանց պահանջները, ապա օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության: Նրանք միայն պատասխանատու են ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին, որոնց ՎՊ-ն տարեկան հաղորդում է ներկայացնելու կատարած աշխատանքի վերաբերյալ: ՎՊ-ի գործառույթների մեջ է մտնում բյուջետային ելքերի, այդ թվում` պետության կողմից տրվող դոտացիաների, սուբսիդիաների եւ սուբվենցիաների նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ` բյուջետային մուտքերն ապահովող լիազորված մարմիններին պետական բյուջեից կատարվող հատկացումների արդյունավետությունը գնահատելու նպատակով բյուջեի մուտքերի հավաքագրմանն ուղղված գործառույթների նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը: Հենց այս կառույցին է նաեւ վերապահված պետբյուջեի եւ մասնավորեցման ծրագրի կատարման մասին կառավարության, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ-ի տարեկան հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություններ կազմելու իրավունքը: Վերահսկելու են նաեւ պետական պարտքի կառավարումն ու արտաքին վարկային միջոցների ներգրավումը, դրանց սպասարկումն ու օգտագործումը: Մի խոսքով` ՎՊ-ն գործնականում լինելու է Հայաստանի ամենագլխավոր վերստուգիչ մարմինը եւ հետեւելու է, թե ով ինչպես եւ ինչ արդյունավետությամբ է ծախսում պետական գումարները: Ի դեպ, ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնելու նաեւ ՀՀ տարածքում ընդերքի (որպես պետության բացառիկ սեփականություն) օգտագործման տրամադրման օրինականության ու օգտագործման, պետական եւ համայնքային անտառային ֆոնդի, ջրային ռեսուրսների օգտագործման տրամադրման օրինականության ու օգտագործման եւ ՀՀ թանկարժեք մետաղների պետական գանձարանի միջոցների եւ թանկարժեք մետաղների պետական ֆոնդի օգտագործման նկատմամբ:

Ակնհայտ է, որ նման ֆունկցիաներով լիազորված կառույցը կարող է արդյունավետ գործել միայն այն դեպքում, եթե նրա ղեկավարը իրականում լինի անկախ (ինչո՞ւ ոչ` նաեւ անվախ) անձնավորություն, որպեսզի կարողանա անկաշկանդ իրականացնել օրենքով իրեն տրված իրավունքներն ու չենթարկվել տարբեր ճնշումների, քանի որ նա իր գործունեության ընթացքում ազատ է անգամ վերահսկողության ձեւի եւ տեսակի ընտրության հարցում։ Ակնհայտ է նաեւ, որ նշված լիազորություններ ունեցող կառույցի ու նրա ղեկավարի իրական անկախության մասին անգամ մտածելն անիմաստ է: Չնայած, ԱԺ-ում կարծիք կա, թե հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանի լիազորությունների ավարտին հաշված ամիսներ են մնացել, վերջինս ՎՊ նախագահի պաշտոնում կառաջադրի ոչ թե իր մերձավոր շրջապատից, այլ` «համեմատաբար անկախ» որեւէ մեկին: Այս կարծիքը հիմնավորվում է նրանով, որ «գնացող» Քոչարյանը կարող է շահագրգիռ չլինել այն հարցում, թե իր պաշտոնավարման ավարտից հետո ով է վերահսկելու պետական միջոցները: Բացի այդ` «Վերահսկիչ պալատի մասին» օրենքով` ներկայիս Վերահսկիչ պալատը պետք է իր նախորդի` ԱԺ Վերահսկիչ պալատի տարբեր տարիների ընթացքում իրականացրած ստուգումների վերաբերյալ հաշվետվություններն ու վերլուծություններն ընդունի որպես ի գիտություն, քանի որ, ըստ օրենքի` «Վերահսկիչ պալատը պատասխանատվություն է կրում Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի կողմից վերջին տարում իրականացված վերահսկողության արդյունքների արժանահավատության համար»: Այսինքն` այս կառույցը նախորդ տարիների եւ նախկին պաշտոնյաների չարաշահումները բացահայտելու ֆունկցիա, ըստ էության, չի ունենալու: Իհարկե, այս հարցում Քոչարյանի լոյալության վարկածը քիչ արժանահավատ է թվում, այդուհանդերձ, այն շրջանառվում է ԱԺ պատգամավորների շրջանում: Հաշվի առնելով այն, որ Հայաստանում անկախ գործող մարմինների անկախությունը զուտ ձեւական է, ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից հետաքրքրվեցինք, թե ԱԺ կողմից նշանակվող հերթական անկախ կառույցի ղեկավարն արդյոք կկարողանա՞ օրենքով սահմանված իր ֆունկցիաներն ազատորեն իրականացնել: Ի պատասխան՝ Վ. Դալլաքյանն ասաց. «Վերահսկիչ պալատն իսկապես լուրջ գործառույթներ ունի եւ կարող է լուրջ դերակատարություն ունենալ մեր երկրում: Բայց, կարծում եմ` Հայաստանում ձեւավորված ավանդույթի պայմաններում հազիվ թե Վերահսկիչ պալատն իր գործունեության հատկապես սկզբնական շրջանում կարողանա անկախ քաղաքականություն իրականացնել: Չնայած նրա լիազորություններն օրենքով շատ մեծ են, բայց նրա անկախությունն ապահովելու տեսանկյունից ես շատ կարեւոր եմ համարում Վերահսկիչ պալատի առաջին նախագահի անձը: Եվ եթե այդ անձնավորությունը լինի համարձակ, պրոֆեսիոնալ, հետեւողական, անկաշառ, նպատակասլաց, այսինքն` նման որակներ ունենա, ապա նա կարող է որոշակիորեն հնարավորություններ ստեղծել, որպեսզի ՎՊ-ն գոնե հարաբերական անկախություն ունենա եւ դառնա կայացած կառույց: Այս փուլում շատ դժվար է նման ղեկավար գտնելը, բայց, կարծում եմ` այդ հնարավորությունը կա»: Քանի որ Վ. Դալլաքյանը ՎՊ նախագահի հնարավոր թեկնածուներից մեկի` Իշխան Զաքարյանի 30 տարիների ընկերն է, հետաքրքրվեցինք` արդյոք նա համապատասխանո՞ւմ է իր մատնանշած չափանիշներին: «Ես տեղյակ եմ, որ տարբեր անուններ են շրջանառվում այդ պաշտոնի համար, այդ թվում նաեւ՝ Ի. Զաքարյանինը: Նրան ճանաչում եմ շուրջ 30 տարի, նա իմ ուսանողական ընկերն է, եւ անկախ քաղաքական մեր դիրքորոշումներից, ես կարծում եմ, որ եթե նրա թեկնածությունը լինի, ապա նա կարող է օգտակար լինել այդ գործում»,- ասաց Ի. Զաքարյանի ընկերը: Չենք կասկածում, որ մյուս թեկնածուների վերաբերյալ էլ նույն գնահատականները կհնչեցնեին նրանց ընկերները` մանավանդ 30 տարիների` անկախ նրանից, թե քաղաքական ինչ դիրքորոշումներ ունեն: Իսկ թե ի վերջո ում թեկնածությունը կներկայացնի ԱԺ-ին Ռոբերտ Քոչարյանը` պարզ կլինի արդեն հաջորդ ուրբաթ օրը, քանի որ ԱԺ նախագահն առաջիկա նստաշրջանի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությունը ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ անցկացնում է հենց այդ օրը: