Պատվիրատուն մեկը չէ

09/10/2007

Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործով պաշտպանական կողմը որդեգրել է 2 ուղղություն: Առաջինը` Վերաքննիչ դատարանի կայացրած ակտը Վճռաբեկ դատարանում բողոքարկելն է: Ըստ «Panorama»-ի` թեեւ փաստաբան Արա Զաքարյանը շատ քիչ է համարում հավանականությունը, որ Վճռաբեկը գործը կընդունի վարույթ` նկատի ունենալով «գործի քաղաքական երանգները»: Երկրորդը` պաշտպանական կողմը, օրենքի սահմաններում պետք է անի ամեն ինչ հնարավորինս շուտ Սէֆիլյանին ու Մալխասյանին ազատելու համար, եւ դրանք, ըստ փաստաբանի, չեն լինելու խնդրանքի ձեւով, այլ` պահանջի: Այդ թվում, պաշտպանական կողմն արդեն իսկ դիմել է ԱՆ Քրեակատարողական վարչություն, եւ մեկուսարանի ղեկավարությանը` իրենց պաշտպանյալների անունները` «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողով ուղարկելու համար: Նա ասել է, որ, ըստ օրենքի, նրանց դեպքում արդեն իսկ կարելի է կիրառել դա: Սակայն, ըստ կայքի՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետն ասել է, որ ոչ մի դեպքում չի ուղարկելու այդ անունները եւ ավելացրել է. «Ո՜ւր ուզում եք գնացեք ու բողոքեք, չեմ ներկայացնելու հանձնաժողով»: Փաստաբանը նշել է նաեւ, որ «խայտառակությունները սկսել էին դեռ դատավարությունից, երբ դատավորները, արդարադատություն իրականացնելու փոխարեն, պատվեր իրականացրեցին, նույնիսկ չփորձելով թաքցնել»: Նա հիշեցրել է, որ երբ դատարանում ճառի ժամանակ Սէֆիլյանն ասել էր, թե «Միեւնույն է` մենք, ուշ թե շուտ, բանտից դուրս ենք գալու, իսկ պատվիրատուները մտնելու են բանտ ու դուրս չեն գալու, նախագահող դատավորն իր հերթին հարցրել էր, թե՝ ինչո՞ւ եք այդպես ասում, նրանք ձեր կողքին, ուս ուսի կռվել են, ձեր մարտական ընկերներն են»: «Այս արտահայտությամբ, փաստաբանի խոսքով, դատավորը ցույց է տվել, որ, իրոք, այս գործում պատվիրատու կա եւ մեկից ավելի,- նկատել է «Panorama»-ն` մեջբերելով փաստաբանի երեկվա հայտարարությունը,- Սէֆիլյանն ու Մալխասյանը չեն խոնարհվի պատվիրատուների առաջ, այս գործով մենք կհասնենք մինչեւ Եվրոդատարան»: