Խոստովանել է

09/10/2007

Վրաստանի դատարանի որոշմամբ՝ առավել խոշոր չափի դրամաշորթության, փողերի լվացման եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող` պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին շուրջ 6 մլն դոլար գրավի դիմաց կարող է ազատ արձակվել: Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան երեկ հայտարարել է, որ Օքրուաշվիլին քննիչներին ներկայացրել է դիմում, որով խոստովանել է իր մեղքը, համաձայնել է համագործակցել իրավապահների հետ եւ հրաժարվել է նախագահ Մ.Սահակաշվիլիին հասցեագրած՝ բռնապետական գործելակերպի եւ ընդդիմախոսների սպանությունները ծրագրելու մեջ մեղադրանքներից: «Նա ասել է, որ այդ մեղադրանքները ներկայացրել է նախագահին վարկաբեկելու նպատակով, դրանք չեն համապատասխանում իրականությանը, դրանց միակ նպատակն էր քաղաքական դիվիդենտներ ստանալ»,- հաղորդել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալը: Օքրուաշվիլին սեպտեմբերի 25-ին հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել էր, թե Սահակաշվիլին իրեն է առաջարկել գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը: Այդ մեղադրանքը Սահակաշվիլին անվանել է «աններելի սուտ»: Իրակլի Օքրուաշվիլիի ձերբակալության հաջորդ օրը հազարավոր ընդդիմադիրներ մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել էին բողոքի ցույց՝ պահանջելով նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Օքրուաշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան երեկ ասել է, որ ոչինչ չգիտի իր պաշտպանյալի խոստովանության մասին: Նա հայտնել է, որ պատրաստվում է գնալ բանտ եւ պահանջել հանդիպում պաշտպանյալի հետ: