«Յուղոտվելու» է

09/10/2007

Առաջիկա օրերին հասարակությանը կներկայանա Ուկրաինայի յուղաճարպային ամենախոշոր արտադրող՝ նորաստեղծ «Կրեատիվ» արդյունաբերական խումբը։ Նրանք կհայտարարեն համատեղ հայ-ուկրաինական ձեռնարկության գրանցման մասին («Կրե-Ար» ՀՁ), որը զբաղվելու է յուղաճարպային արտադրանքի իրացմամբ: Ըստ լավատեղյակ աղբյուրների` հայկական կողմից այդ բիզնեսի իրական տերը հայկական շուկայում կարագի եւ յուղի գրեթե մենաշնորհային դիրքեր ունեցող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: «Կրեատիվը» ներկայումս «Կրե-Արի» բաժնետոմսերի ավելի քան 50%-ի սեփականատերն է։ Նոր ՀՁ-ի ծրագրերից է Հայաստանի ճարպայուղային արտադրանքի 30%-ի գրավումը։ «Կրեատիվ» արդյունաբերական խմբի նախնական ներդրումների ծավալը «Կրե-Արում» կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որը հետագայում նախատեսվում է ավելացնել։ ԱՊՀ երկրների շուկաներում «Կրեատիվ» արդյունաբերական խումբը վաղուց է աշխատում, արտադրանքի մեծ մասն արտահանվում է Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Սլովակիա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Էստոնիա։ Խումբն արտադրում եւ իրացնում է բուսական յուղ, փափուկ յուղ, «Դիվնոյե» եւ «Սոնոլա» ապրանքային նշանների տակ հանդես եկող մարգարիններ, սննդի արդյունաբերության համար նախատեսված մարգարիններ, ինչպես նաեւ՝ հատուկ ճարպեր՝ տրանսիզոմերների նվազագույն պարունակությամբ։