Հարգելի պրն նախագահ
Հիմա, երբ ետեւում է մնացել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի վերահաստատման գործընթացը, տեղին եմ համարում հայտնելու իմ նկատառումները դրամի փոխանակարժեքի շրջանակներում այդ հաստատության կողմից տարվող քաղաքականության շուրջ։
Վերջին 36 ամիսների ընթացքում (2002 – 2004թթ.), ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ դրամի փոխանակարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ բարձրացել է 16,4%-ով։ Ընդ որում, միայն 2003թ. ապրիլ – 2004թ. դեկտեմբեր շրջանում (21 ամիս) արժեզրկումը կազմել է 18,7%։ Այդ երեւույթն անընդհատ քննարկումների առարկա է ավելի քան մեկ տարի։ Ըստ էության, հայտնի են երկու խումբ մոտեցումներ։ Առաջինը` ես կասեի պաշտոնեական, երեւույթը բացատրում է ՀՀ տնտեսության առաջընթացով, աշխատանքի արտադրողականության եւ արտահանման ծավալների աճով։ Ըստ այդմ, մենք գործ ունենք դրամի «արժեւորման» հետ։ Անշուշտ, սույն թեզն առաջ է բերում անտիթեզ. Նշված 21 ամիսների ընթացքում տնտեսության պաշտոնապես հրապարակված աճը կազմել է մոտ 20%։ Հարց է ծագում. ինչո՞ւ նույն երեւույթը չէր արձանագրվում, ասենք, 2002թ.։ Այդ տարի, ըստ վիճակագրության, նույնպես առկա էր շոշափելի աճ (այստեղ չեմ կամենում մեկնաբանել տնտեսական աճի հիմնախնդիրը. պարզապես կվկայակոչեմ հրապարակված թվերը)։ Կամ էլ, եթե հիմնախնդիրը կապված է արտահանման ծավալների աճի հետ, ապա այս միտումները շատ ավելի շոշափելի էին 1999-2002թթ., քան 2004թ., երբ դրամի այսպես կոչված արժեւորումն իրողություն էր։
Բնական է, որ մասնագետների մի ստվար հատված վերը նշված բացատրությունը բավարար չի համարում։ Ըստ այդմ առաջ են քաշվում երեւույթի բացատրության այլ վարկածներ. անվերահսկելի վալյուտային ինտերվենցիայից` մինչեւ անշարժ գույքի վաճառքի ծավալների շեշտակի աճը ու շարունակում մինչեւ սպեկուլյատիվ երեւույթների աճը բանկային համակարգում։ ԿԲ-ն այս ամենին անդրադարձել է. իբր թե չարախոսություններն անտեղի են. նման կարգի սպեկուլյատիվ երեւույթներն անպայմանորեն կնկատվեին եւ միջոցառումներ կիրականացվեին։
Ըստ էության, առկա է լուրջ մասնագիտական հիմնախնդիր. եթե 2004թ. տնտեսության մեջ ունեցել ենք ՀՆԱ-ի ավելի քան 10% աճ եւ դրամն արժեւորվել է 16,4% (2004թ.), ապա սպառողական գների ինդեքսը ինչո՞ւ է աճել 7,0%-ով (սա ամենաբարձր գնաճն է վերջին 10 տարիներին)։ Մասնագիտորեն նման երեւույթը երկու հնարավոր բացատրություն ունի. (1) կա՛մ քննարկվող իրադարձությունն ամենեւին էլ դրամի արժեւորում չէ, կա՛մ էլ (2) այս մեկ տարվա ընթացքում տնտեսության մենաշնորհացման միտումներն այնքան ուժեղ են եղել, որ այլեւս աճի բարձր կամ ցածր տեմպերը որեւէ ազդեցություն չունեն գների մակարդակի վրա։ Մասնավորապես, տնտեսագետներից ոմանք նշում են ներմուծումների ահագնացող կենտրոնացումն ավելի ու ավելի պակաս թվով սուբյեկտների մոտ։
Այս բոլորը կարեւոր է։ Չեմ կարծում, սակայն, որ դրանք ամենահիմնարար բացատրություններն են։ Ըստ իս, գործ ունենք ավելի կարեւոր, հայկական արմատներ չունեցող երեւույթի հետ։ Առկա է համաշխարհային տնտեսության ապադոլարացման (թեկուզ մասնակի) եւ եվրոյացման (լրիվ կամ մասնակի) միտումը։ Այս պրոցեսը կապված է 21-րդ դարի սկզբներին այլեւս ակներեւ դարձած տնտեսական վերազգային միությունների, կապիտալի ու աշխատուժի (իմա՝ ժողովուրդների) ահռելի տեղաշարժերի հետ, դրանց արդյունքն է։ Բանն այն է, որ 2003-2004թթ. Եվրամիության ընդլայնման հետ կապված այդ համակցության երկրների գումարային ՀՆԱ-ն գրեթե հավասարվեց ԱՄՆ ՀՆԱ-ի հետ։ Ներկայումս այս երկու տնտեսական հսկաներից յուրաքանչյուրն արտադրում է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ մեկ քառորդը։ Ավելի կարեւոր է, սակայն, սրանց դերը համաշխարհային առեւտրում. այստեղ արդեն Եվրամիության առավելությունն ակնհայտ է. 30% (ԱՄՆ-ինը՝ ավելի քան երկու անգամ պակաս)։ Եվ ուրեմն, եվրոն է այսօր հանդիսանում այն արտարժույթը, որի նկատմամբ պահանջարկն արագորեն աճում է։ Օրինակ, մի քանի տարի առաջ Չինաստանն ու Իտալիան հիմնական առեւտրական գործարքներն իրականացնում էին դոլարով։ Այսօր՝ եվրոյով։ Սրա նման քայլ առ քայլ տնտեսության կոնկրետ ոլորտներում, ուր դոլարի կիրառումն անխուսափելի էր, վերջինս այժմ դուրս է մղվում եվրոյի կողմից։ Պատահական չէ, որ 2002թ. առաջին երեք ամիսներին, երբ եվրոն նոր էր լիարժեքորեն ներդրվում միջազգային հաշվարկային պրակտիկայում, առկա էր եվրոյի արժեզրկման միտումը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ նույն Չինաստանն ու Իտալիան սկզբից, բնական է, պետք է սպասեին նոր արժույթի ներդրման հետ կապված տնտեսավարող սուբյեկտների արձագանքին։ Եվ ուրեմն, վերստին ավելացնեին դոլարային գործարքների ծավալը։ Իսկ ահա եվրոյի աստիճանական ամրապնդմանը զուգընթաց (անխուսափելի մի գործընթաց, քանզի եվրոյի նկատմամբ պահանջարկը վերը նշված պատճառներով ավելի բարձր է, քան դոլարինը)` նրանք նորից եւ, այս անգամ ավելի մեծ ծավալներով ու անդառնալիորեն, պետք է վերադառնային այս արժույթով գործարքների իրականացմանը։
Եվ իրոք, եթե դոլարի փոխարեն քննարկում ենք եվրոյի պարագան, ապա նշված երեք տարիների ընթացքում արդեն դրամն է արժեզրկվել ուղիղ 25%-ով։ Ընդ որում, մի պահ` 2004-ի հունվարին, այն կազմել է նույնիսկ 42%։ Այսպիսով, եթե ԿԲ-ն որպես դրամի արտարժութային համարժեք դիտարկի եվրոն, ապա առաջինի արժեւորման միտումի մասին խոսակցություններն ավելորդ են դառնում։ Անշուշտ, բացառությամբ վերջին 7-8 ամիսների, երբ առկա է եվրոյի նկատմամբ դրամի փոխանակարժեքի որոշ աճ։ Բայց սա ընդհանուր միտումը չէ։
Դե ինչ, միտումը կարծես թե ակնհայտ է։ Եվ հարց է ծագում, իսկ ինչպիսի՞ն պետք է լինեին ԿԲ-ի, որպես դրամավարկային քաղաքականության պատասխանատուի գործողությունները համաշխարհային տնտեսության եվրոյացման եւ ապադոլարացման պայմաններում։ Մինչ այս հարցին պատասխանելը փորձենք գոնե պատկերացնել եվրոյի նշանակությունը ՀՀ տնտեսության համար։ Հարցի տնտեսական կողմը ակնհայտ է. ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը (ավելի քան 32,4%) մոտ 4 անգամ գերազանցում է ԱՄՆ հետ առեւտրաշրջանառությանը (8,1%)։ Քաղաքական առումով հայտնի է ՀՀ իշխանությունների ԵՄ ինտեգրվելու որոշումը։ Իսկ ինչո՞ւ է այս պարագայում ՀՀ ԿԲ-ի համար դոլարը շարունակում մնալ որպես դրամի հիմնական փոխանակարժեք։
Ըստ իս, համաշխարհային տնտեսության եվրոյացման պայմաններում ՀՀ ԿԲ-ն պետք է իրականացներ հետեւյալ ծրագրային միջոցառումները.
– նպատակայնորեն ազդեր առեւտրային բանկերի խնայողությունների կառուցվածքի վրա՝ հօգուտ եվրոյի կամ ազգային արժույթի,
– հետեւողական աշխատանք ծավալեր տնտեսավարող սուբյեկտների հետ արտաքին տնտեսական գործունեությունում եվրոյի դերի բարձրացման ուղղությամբ,
– ինտենսիվ կերպով դիվերսիֆիկացներ իր իսկ պահուստները՝ հօգուտ եվրոյի։
Պնդում եմ, որ ՀՀ ԿԲ-ն այդ ամենը չի արել։ Արդյունքում` 2004թ. հունվար-նոյեմբերին, օրինակ, ՀՀ առեւտրային բանկերում բնակչության արժութային ավանդները (հիմնականում` դոլարային) ավելացել են 28,2%-ով, իսկ դրամային ավանդները պակասել են 15,5%-ով։ Ուրեմն, ստացվում է, որ ժողովուրդն արել է ճիշտ հակառակը։ Իսկ ո՞ւր էր ԿԲ-ն։ Ինչո՞ւ չէր ազդում առեւտրային բանկերի կողմից տարվող ավանդների ներգրավման քաղաքականության վրա։ Դժվար չէ հաշվել, որ միայն այս դեպքում մարդիկ մի երկու տասնյակ միլիոն դոլարի վնաս են կրել։
Մյուսը, տարեսկզբի դրությամբ` ԿԲ արտաքին պահուստները կազմել են 510 մլն դոլար։ Այն կազմում էր 374 մլն եվրո։ Եթե մաթեմատիկորեն չեզոքացնում ենք ծավալային ցուցանիշի ազդեցությունը, ապա ստացվում է, որ այդ նույն պահուստները 2002թ. հունվարին կկազմեին 496մլն եվրո։ Այլ հավասար պայմաններում առկա է 122 մլն եվրոյի կորուստ։ Ընդհուպ այսքան կարելի էր շահել՝ ընթացող պրոցեսներին ճիշտ արձագանքելու դեպքում։ Բանն այն է, որ անդրադառնալով մեր հարցմանը, ԿԲ ղեկավարությունը փաստեց, թե իբր միջոցառումներ են իրականացվել պահուստների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց 25%-ն այլեւս եվրոյով է։ Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ միայն 25%-ը։ Եվ հետո, այդ ե՞րբ է ԿԲ-ն կատարել գործարքը։ Երբ որ «բանը բանից անցել էր»։ Ընդհանրապես, սույն գործարքի իսկությունն արժե ստուգել։
Վերցնենք մեկ այլ դիպված։ Դոլարի արժեզրկման պարագայում ՀՀ ԿԲ-ն որոշում է կայացնում 17 մլն դոլարով 1,4տ ոսկի վաճառել։ Դեռ մի կողմ թողնենք ոսկին վաճառելու եւ դրանով իսկ ռիսկերն ապադիվերսիֆիկացնելու քաղաքականության նպատակահարմարությունը։ Ո՞վ է տեսել վաճառեն մի ապրանք, որի գներն աճում են (ոսկի) եւ ձեռք բերեն մեկ ուրիշը (դոլար), որի արժեքն իջնում է։
Ամփոփելով, կուզենայի նշել, որ ՀՀ ԿԲ կողմից տարվող դրամավարկային քաղաքականությունը լուրջ ծրագրավորման եւ վերանայման կարիք ունի։