«Անհրաժեշտ է հանդուգն ծրագիր»

09/10/2007

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը նախաձեռնել է նորավանքյան ընթերցումների շարք` «Հայաստանը եւ հայությունը` գլոբալ զարգացումներում վերտառությամբ: Նախատեսվում է մասնագիտական եւ փորձագիտական հանրությանը ներկայացնել 40 թեմատիկ դասախոսություն, որոնք կուղեկցվեն քննարկումներով: Շարքի առաջին սեմինարը երիտասարդ գիտնականներին եւ փորձագետներին ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Այն կրում էր «Հայկական քաղաքակրթությունը որպես հավակնոտ նախագիծ» խորագիրը: Տ. Սարգսյանի կարծիքով` 21-րդ դարը նոր մարտահրավերներ է ներկայացնում մեզ` հայերիս: Դրանց արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ մի քանի հիմնաքարային հարցերի պատասխաններ, որոնք ուղենիշ կլինեն մեր մարտավարության մշակման համար: Ըստ նրա` քանի որ մեր ազգի համար նախասահմանված ուղին եղել է հարուստ փորձություններով, մենք, հաղթահարելով դրանցից յուրաքանչյուրը, ավելի ենք ուժեղացել, դարձել ենք ավելի կենսունակ եւ պատմական յուրաքանչյուր փորձություն մեր ենթագիտակցության եւ գենետիկ կոդի մեջ է դրել ապրել օգնող առնվազն երկու բանաձեւ` ա) հավատ ազատության եւ արդարության հաղթանակի նկատմամբ, բ) այդ հավատն այլոց հաղորդելու ընտրյալություն եւ առաքելություն: «Այսօրվա Հայաստանի համար հիմնական խնդիրն է՝ գիտակցել այս առաքելությունը եւ առաջարկել քաղաքակրթությունների գոյակցության բանաձեւ: Կարեւոր է հասկանալ, որ մենք ինքներս ենք մեզ կերտում որպես ազգ, որպես քաղաքակրթություն: Ինչպիսին ուզում ենք ինքներս մեզ տեսնել, այնպիսին էլ կլինենք: Մեր ազգին հատկապես այսօր է հարկավոր հանդուգն ծրագիր, որը թույլ կտա կուտակել ներուժ` բեկումնային զարգացման համար»: