Սցենարիստ, նկարիչ, բանաստեղծ ու դիզայներ Տոնինո Գուերան՝ չնայած իր պատկառելի տարիքին, սիրում է շրջել աշխարհով մեկ ու իր համար նոր նյութ հայտնաբերել։ Անցյալ տարվա ամռանն այցելելով Հայաստան, նա շատ տպավորվեց եւ գրեթե բոլոր լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում սկսեց պատմել հայկական մշակույթի ու բնաշխարհի մասին։ «Դարի վերջին հումանիստը» մեր երկրում տեսավ այն մարդկային ու ֆանտաստիկ մթնոլորտը, որը ներշնչանք է ծնում։ Մեկ տարի անց Տոնինո Գուերան կրկին այցելեց մեր երկիր, այս անգամ արդեն՝ իր ընկերների՝ կինոռեժիսոր եւ նկարիչ Ռուստամ Խամդամովի եւ նկարչուհի Մարինա Ազիզյանի հետ։ Գուերայի լավագույն ընկերների շարքում ամենագլխավոր տեղը զբաղեցնում է իր կինը՝ Լորա Գուերան (Յաբլոչկինա), ով Հայաստանի մասին անթաքույց ջերմությամբ է խոսում։
«Գուերան եւ ընկերները» նախագիծը, որը մեկնարկել է հոկտեմբերի 7-ից, տեւելու է 10 օր եւ ներառելու է ֆիլմերի ցուցադրումներ, հանդիպումներ եւ վարպետության դասեր։ «Ես հասկացա, որ Հայաստան՝ որպես տուրիստ գալով, դու այլեւս չես կարող որպես տուրիստ հեռանալ։ Ուղեւորությունը դեպի Հայաստան ուղղահայաց ուղեւորություն է, այստեղից դու բոլորովին այլ մարդ ես հեռանում»,- ասաց Տոնինո Գուերան Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված իր հեղինակային քանդակ-լապտերների ցուցադրության բացումից առաջ։ Նույն օրը բացվեց Սանկտ Պետերբուրգում ապրող բեմանկարչուհի Մարինա Ազիզյանի աշխատանքների ցուցադրությունը, որը հեղինակն անվանել է «Գուերայի ֆանտաստիկ բառարանը»։ Բառի՝ «լոգոսի» արժեքը մենք թերեւս լավ չենք պատկերացնում։ Բառը կարող է եւ հուշ լինել, եւ ինքնաբավ պատկեր, եւ ձեռագործության տեխնիկայով ստեղծված արվեստ։ Խիստ եւ լուրջ նկարչուհի Մարինա Ազիզյանը բառերին նայում է իբրեւ հեքիաթի։ Նա տարբեր գործվածքներից կարել, կարկատել է պատկերներ, որոնց հիմքում Տոնինո Գուերայի պոետիկ նովելների հատվածներն են։ Այդ ցուցադրությունը դիտելու համար շատ ժամանակ է պահանջվում, տեքստն ու պատկերները հպանցիկ դիտել չի ստացվում, երկու բաղադրիչներն էլ հարկավոր է ուսումնասիրել։ Ե՛վ իմաստը, եւ՛ կատարումը շատ նուրբ ու պոետիկ են։
«Երբ ես առաջին անգամ տեսա Հայաստանը, ամենից շատ իմ մեջ տպավորվեց Այբուբենի հուշարձանը։ Այբուբենը ճշմարիտ, ամուր լուծույթ է, որն ամրացնում է ազգը։ Եթե այբուբենը կորցնի իր նշանակությունը, ապա կվերածվի անհասկանալի խշխշոցի՝ անձրեւի խշշոցի ու շարժիչի դղրդոցի մեջ»,- ասել է Գուերան։ Իսկ Մարինա Ազիզյանը Գուերայի բառերով գունային իմպրովիզացիաներ է ստեղծել։ Նա ինքն իրեն հասարակ մարդ է համարում, քանի որ տարիների իր աշխատանքը սովորեցրել է, որ ամենագլխավորի մասին կարելի է խոսել միայն հասարակ բառերով։ Ընդ որում՝ Մարինա Ազիզյանը խոսել չի սիրում, ասում է. «Իսկ ինչո՞ւ պատասխանները չեք տեսնում իմ աշխատանքներում»։
– Ինչպե՞ս ծնվեց «Ֆանտաստիկ բառարանը»։
– Ամեն ինչ շատ ինքնաբուխ եղավ, ես Տոնինոյին առաջարկեցի անել այդ նախագիծը, նա էլ հեշտությամբ արձագանքեց: Տոնինո Գուերան ընդհանրապես հեշտությամբ է համաձայնում, եթե գաղափարն իրեն դուր է գալիս: Ես շատ եմ սիրում պոեզիան: Եվ այբուբենն՝ առաջին հերթին, որպես բանաստեղծության մեջ օգտագործվող տառեր եմ դիտարկում: Նախագիծը ծնվեց պոեզիայի, տառերի եւ հենց Տոնինո Գուերայի հանդեպ ունեցած սիրուց: Տոնինոն զարմանալի մարդ է, նա ոչ միայն բանաստեղծ է, այլեւ` հեքիաթասաց: Ես շատ հեքիաթներ եմ ստեղծել եւ՛ կինոյում, եւ՛ թատրոնում, ինձ համար հետաքրքիր էր շարունակել իմ աշխատանքն այդ զարմանալի մարդու հետ: Չեմ կարող ասել, որ իմ աշխատանքները հատուկ ինչ-որ բանի համար եմ արել: Ոչ մի բանի համար էլ դրանք չեմ արել, իմ շարքը գուցեեւ ոչ մեկին պետք չէ, ոչ ոք այն ինձ չի պատվիրել: Ես պարզապես հաճույքով շփվում էի Տոնինոյի հետ… Թերեւս այդ պրոյեկտն էլ հնարեցի` նրա հետ շփումը շարունակելու համար: Այս ցուցահանդեսն արդեն ցուցադրվել է Էրմիտաժում, Երեւանից հետո էլ այն Իտալիա կմեկնի:
– Տառերը ժողովրդի խորհրդանի՞շն են։
– Տառերը մշակույթի մասնիկներն են, այդ պատճառով էլ` շատ մեծ նշանակություն ունեն: Յուրաքանչյուր տառն իմաստ ունի: Փիլիսոփաներից մեկն ասել է, որ բոլոր ձայնավորները հոգեւոր էություն ունեն, իսկ բաղաձայնները միայն թակարդներ են այդ էությունը թաքցնելու համար: Բայց գիտեք, ես չեմ սիրում ու չեմ ցանկանում փիլիսոփայել: Այս պրոյեկտում ես պարզապես պատասխանում եմ Տոնինոյին: Տոնինոյի յուրաքանչյուր, նույնիսկ՝ ամենակարճ բանաստեղծությունում եւ նովելում այլաբանություն կա, եւ այդ այլաբանությունը շատ բարդ է միանգամից վերծանել: Երբեմն նա այնքան է խճճում իր ասածը, որ առաջին հայացքից թվում է, թե ոչ մի այլաբանություն էլ չկա: Նովելներից մեկում, որը կոչվում է «Տուն», Տոնինոն գրում է. «Իմ տունը գտնվում է սարերում` այնքան բարձր, որ ականջիս հասնում է Աստծո հազը»: Ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ նկատի ունի` «տուն» ասելով: Ինձ թվում է, որ նրա «տունը» գրականության տունն է, որին նա պատկանում է Պուշկինի, Դանթեի հետ միասին: Խորհրդային տարիներին Տոնինոյի տունը կարող էր «մշակույթի տուն» կոչվել: Այդ անվանման մեջ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, այն շատ լայն իմաստ ունի: Տոնինոյի գրածի մեջ այլաբանություն որոնելը շատ հետաքրքիր վարժություն է: Չեմ կարող ասել, որ իմ որոնումները միշտ հաջողված են եղել, սակայն ես փորձելու եմ ուղղվել:
– Յուրաքանչյուր աշխատանքի մե՞ջ եք այլաբանություն փնտրում։
– Այդպիսին է իմ մասնագիտությունը։ Ես թատրոնի նկարիչ եմ, եւ ամուր կապերով կապված եմ դրամատուրգիայի հետ։ Իմ գործը գրականության հետ աշխատելն է, հաճախ նույնիսկ ասում եմ, որ ես գրականությանը պարզապես կցված եմ։ Այսօր ես Տոնինո Գուերայի հետ եմ աշխատում, իսկ երեկ աշխատել եմ Իոսիֆ Բրոդսկու, Շեքսպիրի հետ։ Բառերի հետ աշխատելն ինձ համար սովորական զբաղմունք է, ես ոչ մի արտառոց բան չեմ անում։
– Դուք սովորական նյութերով անսովոր պատկերներ եք ստեղծում։
– Ես ավելի պարզ ձեւակերպումների կողմնակիցն եմ։ Իմ բոլոր աշխատանքները հանպատրաստից են ծնվել, Տոնինոյի հետ ընտրել ենք այն գրական հատվածները, որոնք պետք է պատկերներ դառնային։ Եվ ես կարել եմ այդ հատվածները։