Ամուսինը՝ մշակութային արժե՞ք

09/10/2007

Նոր Զելանդիայում մի կին պահանջել է իր ամուսնուն ճանաչել… «մշակութային արժեք»: DPA-ի փոխանցմամբ՝ Տաուրանգա ավանի 49-ամյա բնակչուհի Ռոսինա Հաուտին ծագումով մաորի է. մաորիները պոլինեզիական ժողովուրդների խմբից են: Այդ կինը, հիշեցնելով, որ մաորի առաջնորդների եւ Մեծ Բրիտանիայի կայսրության պատվիրակի միջեւ 1840թ. կնքված պայմանագրով Նոր Զելանդիան պարտավորվել է պաշտպանության տակ առնել «տաոնգաները»՝ տեղացիների մշակութային արժեքները, նորզելանդական իշխանություններին կոչ է անում «մշակութային արժեք» հռչակել իր ամուսնուն՝ Մոֆուիկե Ֆոնուային, ում հետ մեկ տարի առաջ է ամուսնացել: Ֆոնուան Նոր Զելանդիայում բնակություն է հաստատել 2005թ. մայիսին: Իշխանությունները նրան չեն տալիս մշտական բնակության իրավունք եւ սպառնում են արտաքսել, քանի որ ժամանակավոր բնակության իրավունքի ժամկետը սպառվել է: «Եթե ձեր ամուսինը կամ երեխան չեն համարվում «տաոնգա», ապա ես չեմ հասկանում, այդ դեպքում, ի՞նչ է նշանակում՝ «մշակութային արժեք» հասկացությունը»,- ասել է ամուսինների փաստաբան Տուարիկի Դելամերը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ Հայաստանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր բարձրաձայնում առ այն, որ ինքն ազգային արժեք է: