Երկուսին էլ ձեռնտու է

06/10/2007

«Արտաքին ուժերի ազդեցությունն արդեն իսկ նկատելի է մեր երկրում սպասվող նախագահական ընտրություններում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը` ավելացնելով, թե հակառակ պարագայում ինքը չի կարող բացատրել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ակտիվացումը: Ա.Սարգսյանն ասել է, որ դեռ պարզ չէ՝ առաջին նախագահը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ, թեեւ ակնհայտ է համարում այն, որ նրա շրջապատը «ռեանիմացիայի մոլուցքով տարված՝ ամեն ինչ անում է, որպեսզի իրեն առաջնորդ գտնի»: Ըստ Ա. Սարգսյանի` դա պայմանավորված է նրանով, որ ժամանակին ներկայիս նախագահը հրաժարվեց նախորդներին տալ քաղաքական, բարոյական ու իրավական գնահատական: «1991թ., բոլորս գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրեցին, այսօր, եթե նա նորից դուրս գա քաղաքական թատերաբեմ, նա ընդամենը կարող է ձայն ստանալ, նրան ընտրողները շատ քիչ են, իսկ եթե դա կբավարարի, ապա առաջադրվելն իր գործն է»,- ասել է նա: Անդրադառնալով ՀՅԴ-Տեր-Պետրոսյան հանդիպմանը, նա նկատել է, թե դա «ձեռնտու» էր երկու ուժերին էլ: «ՀՅԴ-ին ձեռնտու է, որ չվերհիշեն ինչ-ինչ խնդիրներ, կապված 90-ականների հետ, Տեր-Պետրոսյանին էլ շատ ձեռնտու է, որպեսզի չվերհիշվեն նույն ժամանակաշրջանի իր կատարած քայլերը»,- ասել է նա: «Իսկ հնարավո՞ր է՝ նրանք դաշինք ստեղծեն» հարցին Ա.Սարգսյանը պատասխանել է. «Ես հիմա ոչինչ չեմ բացառում, եթե մարդիկ կարող են համարել, որ բանտ նստեցնելը եւ այլն…, դա գաղափարական պայքար է, ապա ես միայն ուզում եմ հասկանալ, թե ո՞ւր են մնացել բարոյական հարցերը»: