«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին մասնակցած, Վլադիմիր Պուտինին սեփական աչքերով տեսած, այդ համագումարին՝ ՌԴ հաջորդ վարչապետը դառնալու Վ. Պուտինի հայտարարության տեքստը նրա իսկ շուրթերից լսած ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու հավակնել ապագա վարչապետի պաշտոնին: «Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում: Հայաստանում ստեղծված իրադրության մեջ, երբ մենք գործ ունենք նոր նախագահի, երկու ժամկետը ավարտելուց հետո նոր նախագահի ընտրության հանգամանքի հետ, նույնպես որեւէ զարգացում չեմ բացառում: Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի հետագա աշխատանքի տեղավորման հարցին, ապա պետք է ասել, որ դա առաջին հերթին ինքն է որոշելու: Երբ ինքը կորոշի, ուրեմն դրա լուծումները միշտ հնարավոր է, որ կգտնվեն: Ես կարծում եմ, թե ՀՀԿ շարքերում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում կան շատ մարդիկ, որոնք շատ բարեկամական, վստահելի հարաբերություններով են կապված ՀՀ նախագահի հետ, եւ եթե ինքն ունենա ցանկություն, այդ խորհրդակցությունները կարող են սկսվել, ինչի մասին առայժմ դեռ ոչ մի քայլ չի արված»,- ասել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մոտ նման ցանկություն չի տեսել: