ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը «168 Ժամին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Նաիրիտ գործարանն» իր արտադրած կաուչուկը եվրոպական շուկայում մի կերպ կարողանում է իրացնել 3000 դոլարով (1 տոննայի դիմաց): Մովսիսյանն ասել է, որ միջազգային շուկայում միայն «Դյուպոն» ֆիրման է մինչեւ 5000 դոլարով կաուչուկ իրացնում, եւ մեր արտադրանքը չի կարող մրցակցել առաջատարների հետ: Նշենք, որ 2007թ. մարտի 5-ին «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդի» եւ լեհական SAWEX ընկերության միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագրով, լեհական կազմակերպությունը 1 տոննա կաուչուկը գնել է 3180 եվրոյով կամ դոլարի լողացող կուրսով՝ մոտ 4400 դոլարով: Իսկ ահա «Ռայնովիլը» նույն գործարքի համար գործարանին 1 տոննա կաուչուկի համար վճարել է 2750 դոլար: Ստացվում է, միջնորդ կազմակերպությունն այս գործարքից` ոչինչ չանելու համար, 1650 դոլարի եկամուտ է ստացել (1 տոննայի հաշվով): Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտից» կաուչուկը գնվել է ճիշտ արտադրանքի ինքնարժեքով: