ՀՅԴ-ի ախորժակը

06/10/2007

Հոկտեմբերի 22-ին գումարվելիք ԱԺ նստաշրջանն այն վերջնաժամկետն է, երբ ՀՀ նախագահը` համաձայն Սահմանադրության, խորհրդարանին ներկայացնի ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի իր թեկնածուին: Վեց տարի ժամկետով նշանակվող ՎՊ նախագահը, ըստ փոփոխված Սահմանադրության, դառնալու է ՀՀ-ում վերահսկողություն իրականացնող ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյան, ուստի Ռոբերտ Քոչարյանն այդ պաշտոնի համար պետք է առաջադրի իր համար ամենավստահելի անձանցից մեկին: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հերքել է շրջանառվող լուրերը, թե ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է դառնալ Քոչարյանի կողմից ԱԺ-ին ներկայացվելիք ՎՊ նախագահի թեկնածուն: «Բայց ո՞վ է ասել, որ Ի. Զաքարյանի թեկնածությունը քննարկվել է, որ մենք էլ պնդենք: Նման թեկնածություն չի քննարկվել, որովհետեւ հանրապետության նախագահը կոալիցիային` ոչ ՀՀԿ-ին եւ ոչ էլ ԲՀԿ-ին որեւէ թեկնածու չի առաջադրել: Երբ նախագահն առաջադրի, բնականաբար, այդ ժամանակ կլինեն քննարկումներ թե կուսակցությունում, թե կոալիցիայում»,- ասել է նա: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ասել է, թե իրենք շատ կուզենային, որ Ռ. Քոչարյանը ՎՊ նախագահի պորտֆելը վստահեր հենց ՀՅԴ-ին: «Մենք երկրի նախագահի պաշտոնին ենք հավակնում, ուր մնաց Վերահսկիչ պալատին չհավակնենք»,- հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: «Հատկապես Սահմանադրության փոփոխությունից հետո Վերահսկիչ պալատի դերը բավական մեծ է կոռուպցիայի դեմ պայքարում: Իսկ դուք գիտեք ՀՅԴ մոտեցումը կոռուպցիայի հանդեպ»,- ասել է Հ. Կարապետյանը` հավելելով, որ եթե նախագահ Ռ.Քոչարյանն այդ պաշտոնը վստահի ՀՅԴ-ին, իրենք չեն մերժի, քանի որ պատասխանատվությունից խուսափող ուժ չեն: Իսկ թե ինչքանով է ՀՅԴ-ն վստահելի եւ պատասխանատվությունից չխուսափող քաղաքական ուժ` բոլորին է հայտնի: Թեկուզ՝ որպես կոալիցիոն գործընկեր, նա իր գործընկերներին այս տարիների ընթացքում միշտ սպառնացել է ընդդիմադիր դառնալու հեռանկարով: Վերջին նմանօրինակ հայտարարությունն էլ «դրական ընդդիմություն» լինելու մասին ընկեր Հրանտի ձեւակերպումն էր: