Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ հարցազրույցը կարող է երկրորդ թարմության թվալ, քանի որ զրույցում բարձրացված խնդիրը երկու շաբաթվա վաղեմություն ունի: Սակայն քանի որ հայաստանյան իրականության մեջ հեռուստաընկերությունների, մասնավորապես՝ Հ1-ի անաչառության հարցը հավերժական եւ միշտ թարմ «արժեքների» շարքում է, այս հարցազրույցը կարելի է դիտարկել այդ ենթատեքստում:
– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր ելույթում քննադատեց նաեւ 17 հեռուստաընկերություններին եւ, կարծես, չսխալվեց, քանի որ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները համերաշխորեն լռության մատնեցին նրա ելույթը: Նրանց թվում նաեւ Հ1-ն էր:
– Իմ պարտականությունների կամ իրավունքների բնույթից չի բխում` մեկնաբանել նախկին նախագահի ասածները: Մենք ընդամենը հանրային հեռուստաընկերություն ենք եւ տեղեկացնում ենք հասարակությանն այն ամենի մասին, ինչ կատարվում է հասարակության մեջ: Եվ այլ խնդիր ես իմ առջեւ չունեմ:
– Սակայն հասարակական կյանքում տեղի ունեցած վերոնշյալ իրադարձությունը հասարակությանը չներկայացվեց: 10-ամյա լռությունից հետո ելույթ էր ունեցել ՀՀ առաջին նախագահը, եւ նրա ելույթը չի հնչում որեւէ հեռուստաընկերության եթերից: Փոխարենը հնչում են լրագրողների եւ քաղաքական ուժերի մեկնաբանությունները: Օրինակ` Նոյեմբերյանի Կողբ գյուղի բնակիչն ինչպե՞ս կարող է հասկանալ` ինչի մասին են քաղաքական ուժերը պատմում իրենց տպավորությունները, երբ չունի հնարավորություն «Ազատություն» ռ/կ-ի կամ տպագիր ԶԼՄ-ի միջոցով ծանոթանալ ելույթի բովանդակությանը:
– Էդ գնահատականը ես չէ, որ պիտի տամ: Ես գնահատական տվող ինստիտուտ չեմ: Ես Ռադիոհեռուստատեսության խորհրդի նախագահն եմ եւ չէի ցանկանա որեւէ մեկնաբանություն կամ որեւէ լրացուցիչ բան ասել այդ ամենի մասին. ես չեմ կարծում, որ դա իմ խնդիրն է:
– Դուք ինքներդ ծանո՞թ եք ելույթին` ամբողջությամբ եւ եթե ծանոթ եք` ո՞ր աղբյուրից:
– Գիտեք, բազմաթիվ ելույթներ են լինում տարբեր քաղաքական գործիչների կողմից եւ՛ Հայաստանում, եւ՛ արտասահմանում, եւ այն ելույթները կամ տեքստերը, որոնք հետաքրքիր են, կարդում եմ: Այո, այդ իմաստով այդ տեքստը ես ամբողջովին կարդացել եմ:
– Դուք ղեկավարում եք Հ1-ը, որն ունի սփռման ամենամեծ ցանցը, հետեւաբար ակնկալվում էր, որ հենց Հանրային հեռուստաընկերության միջոցով հասարակությունը նախեւառաջ պիտի ծանոթանա այս կամ այն իրադարձությանը:
– Ե՛վ առաջին նախագահի օրոք, եւ՛ այժմ, Սեպտեմբերի 21-ին մենք ամբողջությամբ հաղորդում ենք միայն գործող նախագահի ելույթը: Իսկ այլ քաղաքական գործիչների, այդ թվում` նախկին նախագահի ելույթը, մենք ամբողջությամբ հեռարձակելու խնդիր չունենք: Եվ հետո, մեզ ոչ ոք չի էլ դիմել, որ Հայաստանի առաջին նախագահի ելույթը մենք ամբողջությամբ հեռարձակենք ուղիղ եթերով կամ արբանյակով սփռենք մինչեւ Կողբ գյուղը:
– Բանն այն է, որ Հ1-ի հեռուստադիտողն անհասկանալի վիճակում էր: Մի կողմից՝ նա ծանոթ չէ ելույթի բովանդակությանը` այն ընդունելու, մերժելու կամ, պարզապես, ի գիտություն ընդունելու համար: Փոխարենը՝ «Հայլուրով» նրան ռեպորտաժ է մատուցվում` որպես ՀՀ առաջին նախագահի ելույթի պատասխան: Եվ այն հասարակությունը, որին տեղեկացնելը համարում եք ձեր հիմնական խնդիրը, հայտնվում է շփոթված վիճակում` չհասկանալով, թե ելույթի ո՛ր մասին է հատկապես վերաբերում լրագրողի ցասումը:
– Ցանկացած լրագրող (իսկ դա պատրաստել էր լրագրողը` կիրակնօրյա վերլուծական ծրագրում) ասում է իր կարծիքը: Ես չեմ քննարկում, թե ձեր կամ ուրիշ մամուլում ինչ մեկնաբանություններ են տալիս լրագրողները, եւ կարծում եմ, նման ազատություն ունի նաեւ Հանրային հեռուստատեսությունը: Սա` մեկ: Երկրորդ` նորից եմ կրկնում. չեմ կարծում, որ այսօր իմ կամ հանրապետության գլխավոր խնդիրը այդ ելույթը կամ նրա շուրջ արված մեկնաբանություններն են: Շատ ավելի կարեւոր խնդիրներ եւ շատ ավելի կարեւոր հարցեր կան:
– Օրինակ:
– Ամեն օր միացրեք հեռուստացույցը, թեկուզ ժամը 21:00-ի «Հայլուրն», ու օրվա կտրվածքով կարեւորագույն հարցերը կլսեք:
– Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական պատկերն իմանալու համար Ձեզ, որպես հեռուստադիտողի, բավարարո՞ւմ է «Հայլուրը», թե՞ օգտվում եք տեղեկատվության այլ աղբյուրներից:
– Աշխարհի ոչ մի լրատվամիջոց չի կարող ամբողջությամբ բավարարել ինչ-որ մեկին: Դրա համար կան տարբեր լրատվամիջոցներ, եւ ցանկացողը դրանցից կարող է ստանալ այն տեղեկատվությունը, որն իրեն հետաքրքրում է: Դա վերաբերում է նաեւ «Հայլուրին»: Այն հանրապետության գլխավոր լրատվական ծրագիրն է, եւ ոչ միայն հեռուստատեսության, այլ ողջ լրատվության դաշտում: Ինչ վերաբերում է` ինձ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ, դա ես չէ, որ պիտի ասեմ: Եթե նա առաջինն է, ուրեմն պետք է վերաբերվել որպես առաջինի:
– Հասարակությունն ունի տեղեկացված լինելու իրավունք, եւ հասարակությանը հետաքրքրում են առաջին եւ երկրորդ նախագահների փոխհարաբերությունները, նրանց գնահատականները միմյանց մասին: Հյուրանոցներից մեկում Տեր-Պետրոսյանը տասնամյա հոբելյանական լռությունից հետո ելույթ է ունենում` մեղադրելով գործող վարչախմբին, մեկ այլ հաստատությունում նրան փորձում է հակադարձել երկրորդ նախագահը: Հետո նրանց շուրթերից հնչած յուրաքանչյուր նախադասություն ազատ վերլուծության են ենթարկում նրանց կողմնակիցները կամ ընդդիմադիրները: Հեռուստատեսությունն ունի այդ հնարավորությունը` նույն ժամին, նույն սենյակում դեմ դիմաց նստեցնել նրանց: Եվ այդ ժամանակ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:
-Դեռեւս նախագահական ընտրությունները չեն սկսվել: Եթե լինում են հայտարարություններ, որոնք, մեր կարծիքով, հետաքրքիր են հասարակության համար, մենք այդ մասին ռեպորտաժներ տալիս ենք: Բացի այդ` մենք ունենք հասարակական եւ այլ հաղորդումներ, որին մասնակցում են քաղաքական բոլոր ուժերը: Հեռուստատեսությունը դատարանի դահլիճ չէ, որ հեռուստադիտողը նայի եւ որոշի` ով է ճիշտ: Երբ գա նախընտրական շրջանը, հանրային հեռուստատեսությունն ունի օրենքով նախատեսված պարտականություններ, որոնք կկատարի:
– ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Ազգ» թերթի խմբագրի ներկայությամբ խոսելու ժամանակ արծարծեց դրախտի եւ դժոխքի թեման: Իսկ Դուք երբեւէ առիթ ունեցե՞լ եք մտածել այդ հարցերի շուրջ:
– Բոլոր քրիստոնյաները պետք է մտածեն այդ մասին: Սակայն այդ մասին իմ մտածելը քիչ է: Այդ հարցը ես չէ, որ որոշելու եմ: Նկատի ունեմ` որտեղ եմ հայտնվելու ես:
Հ. Գ. Դժոխքում կամ դրախտում հայտնվելու մասին յուրաքանչյուրն ունի իր նկատառումները: Քանի դեռ յուրաքանչյուրս այս թեմայով մտածելու եւ մեզ համար հարմար վայր ընտրելու հարցում չենք կողմնորոշվել, կարող ենք օգտվել Չապլինի արժեքավոր խորհրդից: Ըստ նրա` կլիմայի տեսակետից նախապատվելի է հայտնվել դրախտում, սակայն լավ հասարակության հետ առնչվելու առումով առավել նախընտրելի է դժոխքը: