ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ: Նա շրջել է Մատենադարանի ցուցասրահներով, եղել է գրապահոցում, ծանոթացել «Մեկ ձեռագրի բացառիկ ցուցադրություն» խորագիրը կրող ցուցադրությանը: Մեկամսյա ցուցադրության են հանված Գրիգոր Տաթեւացու «Չորս ձիավորների» Ավետարանի 40 մանրանկարները: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը ցուցադրության բացառիկությունը մեկնաբանում է նրանով, որ դրանք այլեւս չեն ցուցադրվելու, քանի որ «ձեռագիրը ներկայումս վերականգնման փուլում է եւ առանձնացված են թերթերը»: «Սա այն եզակի մեծադիր ձեռագրերից է, որի էջերը սփռված են զարդանախշերով, խորաններով, կիսախորաններով: Պարզապես զարմանալի ձեռագրական գանձ է եւ հայ միջնադարյան արվեստի գլուխգործոցներից»,- ասել է նա:
Վարչապետին է ներկայացվել նաեւ Մատենադարանի նոր մասնաշենքի մակետը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Արթուր Մեսչյանի տեղեկացմամբ, նոր մասնաշենքի ընդհանուր տարածքը կազմելու է շուրջ 18 հազար քմ, որից 3 հազարը հատկացվելու է գրապահոցին: Նախնական հաշվարկներով շենքի կառուցումն արժենալու է 8,5-9 մլն ԱՄՆ դոլար: Այն գտնվելու է Մատենադարանի գլխավոր մասնաշենքի հետնամասում եւ տեսանելի չի լինելու Մաշտոցի պողոտայից: Հին մասնաշենքը ծառայելու է միայն ցուցադրությանը: Չափազանց շատ կարեւորելով նոր մասնաշենքի կառուցումը` Ա. Մեսչյանն ընդգծել է, որ անհնար է իրականացնել Մատենադարանի զարգացման որեւէ ծրագիր` առանց նոր մասնաշենքի: «Պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի այս հոյակապ շենքը հնարավորություն ունենա ամբողջովին ցուցադրելու մեր տասնյակ հազարավոր գանձերը»,- ասել է Ս. Սարգսյանը: Թե ինչո՞վ է պայմանավորված Մատենադարանի հանդեպ նման ուշադրությունը հարցին ի պատասխան՝ Ս. Սարգսյանը նշել է, որ այն միշտ էլ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել, «ուղղակի միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում էին մեր հնարավորությունների հետ»: «Այսօր էլ չեն համընկնում, բայց գնալով հնարավորություններ են ստեղծվում նոր ծրագրեր իրականացնելու համար: Մատենադարանը, հայագիտությունը, հայ մշակույթը, միշտ էլ եղել են մեր բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում, պարզապես այժմ կառավարության հնարավորությունը մի փոքր մեծացել է: Կարծում եմ` եկել է ժամանակը, որպեսզի մենք Մատենադարանն ունենանք ոչ միայն մեր ուշադրության կենտրոնում, այլ նաեւ մեր ֆինանսական հոսքերի եթե ոչ կենտրոնում, ապա գոնե մի ինչ-որ ուղղվածության կենտրոնում»,- ասել է նա: