Գերմանիայի «Simens» կոնցեռնը 201 մլն եվրո է տուգանվել այն բանի համար, որ նրա աշխատակիցները բանակցություններ վարելիս կաշառք են օգտագործել շահավետ պարտավորագրերի կնքում ապահովելու նպատակով. հաղորդել է «Ասոշիեյթեդ փրեսը»: Այս վճիռը կայացրել է Մյունհենի օկրուգային դատարանը, եւ «Simens»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ վճռափոխության գանգատ չեն տա: Ներկայումս նույնպիսի մեղադրանքներով «Simens»-ի դեմ մի շարք համանման հայցեր են քննության առնվում Իտալիայի, ԱՄՆ-ի եւ հենց Գերմանիայի դատարաններում: Անցյալ շաբաթ «Wall Street Journal»-ը հաղորդել Է, որ կոնցեռնի կատարած ներքին հետաքննության հետեւանքով բացահայտվել են շուրջ 1,6 միլիարդ եվրո գումարի ֆինանսական չարաշահումներ: «Simens»-ը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը եւ ընդգծել է, որ լիովին համագործակցում է քննիչների հետ: Դատարանի կայացրած վճռից հետո Simens-ի բաժնետոմսերի գները գրեթե կես տոկոսով իջել են, եւ այժմ դրանց արժեքը կազմում է 98,3 եվրո: «Simens AG»-ն իր գործունեությունն իրականացնում է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ինֆորմատիկան եւ կապը, ավտոմատացման եւ վերահսկողության համակարգերը, էներգետիկան, տրանսպորտը, բժշկագիտությունը եւ լուսատեխնիկան: 2006թ. ֆինանսական տարում (սեպտեմբերի 30-ի դրությամբ) կոնցեռնի շրջանառությունը կազմել է 87,3 միլիարդ եվրո: ՌԴ-ում կոնցեռնն աշխատում է իր գործունեության բոլոր ավանդական ուղղություններով եւ ներկա է երկրի 30 քաղաքներում: ՌԴ-ում «Simens»-ի պատվերների ծավալը 2006 ֆինանսական տարում գերազանցել է 2,1 միլիարդ եվրոն, շրջանառությունը՝ 1,2 միլիարդ եվրոն: