Նկարիչը՝ որպես անարխիստ

06/10/2007 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Պանկերը Գյումրիո՞ւմ, նուդիստները Լիթլ Արմենիայո՞ւմ, love-շքերթ Բուրջ Համուդո՞ւմ, հիպիները Դիլիջանո՞ւմ, Անարխիստը եւ «Երազ» ավտոմեքենա՞ն: Անհնա՞ր է: Եթե հարցականները հանենք, ապա սրանք Արման Գրիգորյանի կտավներն են, եւ անհնարը հնարավոր է դառնում արվեստում:

Իհարկե, ֆանտաստիկ՝ ոչինչ, ենթամշակութային խմբերն էլ, հայկական համայնքներն էլ երկրագնդի վրա են, ուղղակի անհամատեղելի են, եւ ինչ ջանքեր ու զոհողություններ անհրաժեշտ կլինեին, որ պահպանողական հայ համայնքը հեղափոխվի ու հանդուրժի նուդիստներին, անարխիստներին, պանկերին: Կտավի վրա հեշտ է, հեղափոխություն ու պայքար պետք չէ, ու Գրիգորյանը համատեղելի դարձնելով նրանց` իրագործում է հայ միջավայրում ազատության երազանքը:

Սա նրա համար հայ համայնքները քննադատելու մի ձեւ է` բացասական կողմերը ցուցադրելու փոխարեն՝ դրական փոփոխություններ անելով: «Եթե մեզանում կարողանան ամեն տեղ տեսնել դրականը, աղանդի մեջ կտեսնեն բազմազանություն եւ ոչ թե վտանգ: Հայկական համայնքը ճնշում է անհատականությունը ու ստիպում մարդկանց միատեսակ լինել: Իմ նկարների հերոսներն էլ համայնքներում են, բայց ամեն մեկն ինքն է որոշում ինչպիսին լինել, ինչ համայնք ընտրել ու իր ընտրությամբ շեշտում է իր անհատականությունը»,- ասում է նկարիչը:

47-ամյա Արման Գրիգորյանը Հայաստանում 80-ականների ավանգարդիստական շարժման հիմնադիրներից է, իր ընկերների հետ 87-ին կազմակերպել էր այն ժամանակ աղմուկ հանած «Երրորդ հարկ» ցուցահանդեսը, որ հեղափոխություն էր ակադեմիական արվեստի միջավայրում: Մի առիթով գրել է. «Ես իմ աշխատանքներում փորձում եմ պահպանել այն լավատեսությունը, որի կարիքն այնքան շատ են զգում իրենց առօրյա կյանքով ծանրաբեռնված Համաշխարհային ֆեդերացիայի ապագա քաղաքացիները»:

Միայն այս շարքի վերջին կտավի հերոսն է կարծես անցյալում մնացել` «Սովետական զինվորը Հյուսիսային պողոտայում», որ ցուցադրվում է ՆՓԱԿ-ում բացված «Երեւան. տագնապ» ցուցահանդեսում:

Ինչպես մի անգամ գրել է Գրիգորյանը՝ «իմ արվեստն ինձ հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ, որպեսզի այնտեղ փոփոխություններ կատարեմ` ի նպաստ ապագայի»: Սովետական զինվորը անցյալում նկարչի կատարած փոփոխությունն է, որ կայսերապաշտ նվաճողից վերածվել է սոցիալիզմի արտահայտչի: Նրա կտավում, ի հակադրություն ցուցահանդեսի մյուս նկարների, տագնապ չկա. փոխարենն ուրախ անհոգություն է, սովետական զինվորի մի անծանոթ կերպար` ժպտերես ու մերկ, Սովետական Միության դրոշը պարզած Հյուսիսային պողոտայում, մերկ կնոջ ու երեխայի հետ: «Ուզում եմ` մենք հասկանանք, որ Հյուսիսային պողոտան սոցիալիստական հեղափոխության խորհրդանիշն է, Թամանյանի նախագիծը խորհրդանշում է բոլշեւիկյան հեղափոխության հաղթանակը եւ ոչ թե հարուստների, ինչպես այսօր կառուցվում է»,- ասում է Գրիգորյանը: Սլավոնական տեսքով մերկ զինվորն ու կինը նաեւ սեքսուալություն ու ազատություն են խորհրդանշում. «Հայերի համար հյուսիսը մի տեսակ երազանք է, բոլորն ասում էին՝ արեւմուտք, մենք` հյուսիս: Հյուսիսը մեզ համար մոդեռնիզմն է եղել, ինդիվիդուալիզմը այնտեղից է եկել: Նրանք մերկ են, քանի որ, իմ համոզմամբ, առաջադիմությունն առնչվում է մերկության հետ: Իսկական հերոսները մերկ են լինում: Շինել հագած արձանները չեն կարող արտահայտել ներկայացվող անձանց հերոսականությունը»,- ասում է նա:

Շարքի առաջին կտավը, որ նկարել է 2005-ին, անարխիստն է` սեւ շորով բերանը կապած` անարխիստական կարմիր ու սեւ դրոշով, երեւանյան փողոցում` հետեւում` կապույտ «Երազ» ավտոմեքենան:

«Անարխիստն էլ ծայրահեղ սոցիալիստն է, վերջին նպատակը, որին ձգտում է մարդկությունը: Նա մենակ է, որովհետեւ խորհրդանիշ է,- ասում է Գրիգորյանը: – Անարխիստներն ու աթեիստները տեսնում են մարդու մեջ դրականը` ի հեճուկս մարդկության պատմության հակառակ պնդմանը: Հսկողությունն է, որ մարդուն դարձնում է վատը: Սա գուցե իդեալիզմ է, որին ես հավատում եմ: Իսկ «Երազ» ավտոմեքենան Հայաստանի առաջադիմության խորհրդանիշն է, ինչքան էլ տխուր տեսք ունի արտադրանքը, այդուհանդերձ, մենք ավտոմեքենաշինություն ենք ունեցել»: «Պանկերը Գյումրիում», «Նուդիստները Լիթլ Արմենիայում», «Love-շքերթ Բուրջ Համուդում» նկարները միայն լուսանկարներում են մնացել, դրանք արդեն գոյություն չունեն: Գրիգորյանը դրանք նկարել է այս տարվա փետրվարին Ֆրանսիայի Կեմպեր քաղաքում, ցուցասրահի պատին` Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում: Այս ցուցասրահ հրավիրվում են նկարիչներ՝ նկարելու պատերին, որոնց նկարների վրա որոշ ժամանակ անց ուրիշներն են նկարում: «Երբ ինձ առաջարկեցին նկարել պատին, ես ասացի` իհարկե, համաձայն եմ, դա իմ երազանքն է եղել: Արդյունքում՝ մինչեւ հիմա լավագույն ձեւով իմ գործերը ցուցադրվել են Կեմպերում»: Նա ասում է, որ իր նկարները ջնջվել են, բայց չեն կորել, ինչպես հնչած խոսքը, իսկ եթե շատ անհրաժեշտություն առաջանա, որ Բուրջ Համուդում սիրո շքերթ լինի, էլի կնկարի:

www.armenianow.com