«Կռվում փլավ չեն բաժանում»

12/05/2005

«Հայկական կողմը կարիք չունի իր դիրքերն առաջ տանել ադրբեջանական զինված ուժերի հետ շփման գծում, քանի որ դեռ 1994թ. մենք արդեն շահեկան դիրք ենք գրավել»,- հայտարարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը բացատրվում են Ադրբեջանի ցանկությամբ՝ առաջ շարժվել եւ շահեկան դիրքեր գրավել: «Ցանկացած մարդ, որը թեկուզ մի փոքր ծանոթ է խնդրին, շատ լավ հասկանում է, որ հայկական կողմը պատճառ չունի հրադադարը խախտելու»,- ասել է նախարարը: Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա միաժամանակ նշել է, որ վերջին միջադեպերը կապ չունեն ԵԱՀԿ առաքելության զեկույցի հետ, որտեղ ասվում է ԼՂ-ի շրջակա տարածքների բնակեցման մասին: Ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հերթական հայտարարությանն այն մասին, թե հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսումը, Սերժ Սարգսյանը նկատել է. «Թող նման հայտարարություն անող մարդիկ հիշեն, որ կռվի մեջ փլավ չեն բաժանում, իսկ Սաֆար Աբիեւը թող հիշի իր անցած ուղին. դա նրա համար օգտակար կլինի»: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, թե դժվար է բացառել, որ վերջին միջադեպերը կարող են վերաճել ավելի լայնածավալ գործողությունների: