Ներգրավված է «խորքային պետությունը»

06/10/2007

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամաստին ձերբակալելը եւ պատժելը «կվերացնի սոսկ սառցալեռան գագաթը»: Այդ մասին հայտարարել է գերմանական «90/Կանաչների կուսակցություն» դաշինքի համանախագահ եւ գերմանա-թուրքական պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը: «Ինչպես բոլորս գիտենք, «Տիտանիկն» այդ գագաթի պատճառով չի խորտակվել. պատճառն այն էր, ինչ թաքնված էր ջրի խորքում»,- «Զաման» թերթին տված հարցազրույցում ասել է գերմանացի քաղաքական գործիչը` կոչ անելով սպանության լիակատար քննություն իրականացնել եւ Թուրքիայի Քրեական օրենսգրքից հանել «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար պատիժ սահմանող 301 հոդվածը, որով Դինքը ժամանակին դատարանի առջեւ էր կանգնել: Նա նաեւ համոզմունք է հայտնել, թե այս տարվա հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրատան առջեւ տեղի ունեցած ոճրագործության մեջ ներգրավված է, այսպես կոչված, «խորքային պետությունը»` թուրքական պետության ստվերային տարրերը, որոնք համագործակցում են հանցավոր խմբերի հետ` «պետության շահերը պաշտպանելու» համար: Նա մատնանշել է թուրքական մամուլի պնդումները, թե Դինքի սպանությունը կատարելու համար մեղադրվող 17-ամյա ազգայնական Սամաստի հայրենի Տրապիզոն քաղաքում Ոստիկանությունը տեղյակ է եղել նախապատրաստվող հանցագործության մասին: «Խորքային պետությունը» սոսկ տեսություն չէ, այն իրականում գոյություն ունի: Թուրքիայի անվտանգության եւ դատական կառույցները պետք է մաքրվեն նման տարրերից` ինչ-որ մեկի կողմից, ով այդ հարցում կգործի վճռականորեն եւ անսասան,- հայտարարել է Կլաուդիա Ռոթը` ավելացնելով,- Եվրոպան ուշադրությամբ հետեւում է քննության ընթացքին եւ այն համարում է առաջին փորձությունը, որը ցույց է տալու, թե կառավարությունը որքանո՞վ է լուրջ ընդունում իր իսկ խոստումները»: