Արձագանքել են

06/10/2007

«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Հարուստ լինեի՝ աղքատներին կօգնեի» հոդվածի լուսաբանումից անմիջապես հետո մեզ զանգահարեց մի տղամարդ եւ ցանկություն հայտնեց օգնել 13-ամյա Արմինեին:

Հիշեցնենք, որ Արմինեն սովորում էր 6-րդ դասարանում, սակայն հագուստ չունենալու պատճառով այլեւս չէր հաճախում դպրոց: Մեզ զանգահարած քաղաքացուն խոստացանք Արմինեի հետ հանդիպում կազմակերպել: Երեկ այդ հանդիպումը կայացավ, մենք Արմինեին ծանոթացրինք նրան աջակցել ցանկացող մարդու հետ, ով, ի դեպ, չցանկացավ հրապարակման մեջ անունը նշել: Տղամարդն իր տիկնոջ հետ էր, եւ մենք խանութներով շրջեցինք, որպեսզի նրանք աղջկա համար համապատասխան իրեր գնեն: Արմինեին աջակցող ամուսինները նրա համար ոտքից գլուխ նոր իրեր գնեցին, ընդհուպ՝ նրան ձմեռային հագուստով ապահովեցին: Նրանց շնորհիվ Արմինեն ուսումը կշարունակի, իսկ աղջիկը նոր հագուստով այնպես կերպարանափոխվեց, որ անգամ մոր համար անճանաչելի էր: Արմինեին աջակցողները չցանկացան անունները թերթում նշել, սակայն աղջկա մայրն այդ ուշադրությունից այնքան անակնկալի եկած եւ շոյված էր, որ խնդրել է անպայման իր անունից շնորհակալություն հայտնել: «Ես ապշած եմ, որ Հայաստանում նման բարի մարդիկ կան, ես երբեւէ հույս չեմ ունեցել, որ ինչ-որ մեկը ձեռք կմեկնի մեզ: Խնդրում եմ, անպայման իմ երախտիքի խոսքը հաղորդեք: Կարող է՝ ոմանց համար սա աննշան ուշադրություն է, բայց մեզ համար այս արարքը փրկություն էր: Աղջիկս կրկին դպրոց կգնա, իսկ դա ինձ համար ամենակարեւոր բանն է աշխարհում»,- հուզված ասում էր տիկին Հասմիկն, ով այնքան շփոթված էր այս ուշադրությունից, որ դժվարանում էր մտքերը ձեւակերպել: Այն, որ ամուսինները խնդրեցին իրենց անունները չհրապարակել՝ առաջին հերթին խոսում է նրանց իրական մեծահոգության մասին: Նրանք, ըստ երեւույթին, ոչ չինովնիկ, ոչ էլ բիզնեսմեններ էին, պարզապես Արմինեի տարիքի երեխա ունեին, ազդվել էին աղջկա սոցիալական ծանր պայմաններից: «Մենք մեր հոգու համար ենք նման քայլ անում»,- ասացին նրանք: