Հայաստանի կրկեսը հոգեվարքի մեջ է: Եվ հոգեվարքը կարող է երկար տեւել, եթե վերակենդանացման ծրագրեր չիրականացվեն: Սեփականաշնորհումից հետո անցել է երկու տարի, եւ լուրջ խնդիրներ ունեցող կրկեսային շենքի վիճակն ու կրկեսային ծրագրեր պատրաստելու անկարողությունը հանգեցրել են մի շատ լուրջ հարցի` արդյո՞ք ամեն ինչ ճիշտ կատարվեց սեփականաշնորհման պրոցեսում եւ, ի վերջո, ինչո՞ւ կատարվեց: Սեփականաշնորհումն արդարացի կամ անարդարացի լինել չի կարող, այն կարող է միայն էֆեկտիվ կամ ոչ էֆեկտիվ լինել: Երեւանի կրկեսի սեփականաշնորհումը կարող են էֆեկտիվ համարել միայն իրականությունն անտեսող մարդիկ: Իրականությունը դժգույն է:
Մինչ սեփականաշնորհումն էլ էր Կրկեսը դանդաղորեն «հանգչում», իսկ հիմա այն արդեն օրենքի սահմաններում է վախճանվում: ՀՀ Մշակույթի նախարարության հովանու տակ գործող Պետական կրկեսի գույքը 2005 թվականին գնահատվեց 408 մլն 821 հազար դրամ եւ օտարվեց մրցույթով: Կրկեսի սեփականաշնորհման մրցույթն անցավ առանց որեւէ զգալի ցնցումների: Հայտ ներկայացրած Կրկեսի կոլեկտիվը` նախկին տնօրեն, իսկ այժմ սեփականատեր Սոս Պետրոսյանի գլխավորությամբ՝ «հաղթեց» իր մրցակցին` գործարար Սարիբեկ Սուքիասյանին: Սոս Պետրոսյանն ավելի խոշոր գումար առաջարկեց եւ ավելի խոշոր ներդրումներ խոստացավ: Նա Կրկեսը սեփականաշնորհեց 150 մլն դրամով (350 հազար դոլարով, թեեւ` Կրկեսի իրական գինն առնվազն 10 անգամ ավելի բարձր է) եւ պարտավորվեց ներդնել 650 մլն դրամ: Անցել է երկու տարի, եւ ակնհայտ է, որ կրկեսի մեջ ոչ մի լումա ներդրում չի կատարվել: Ի դեպ` ՀՀ կառավարության որոշման համաձայն` մրցույթի հաղթողը պարտավոր է նվազագույնը 300 մլն դրամի ներդրումներ անել, որոնք «պետք է ուղղված լինեն կապիտալ վերանորոգման, ջեռուցման եւ հովացման համակարգերի ներդրմանը, կրկեսային արվեստի բնագավառում գործունեության իրականացման անհրաժեշտ սարքավորումների» ձեռքբերման համար: Մրցութային ծրագրում նշված չեն գումարի ներդրման ժամկետները, միակ պարտադրանքը կայանում է նրանում, որ Կրկեսն առնվազն 25 տարի չպիտի փոխի իր պրոֆիլը, այսինքն` պետք է զբաղվի «կրկեսային արվեստի բնագավառի գործունեությամբ եւ միջոցներ ձեռնարկի հանդիսատեսի հոգեւոր պահանջների ձեւավորման ու բավարարման ուղղությամբ»: Կրկեսը զբաղվում է կրկեսով, սակայն այդ զբաղմունքը դժվար է նույնիսկ ամենաներողամիտ հանդիսատեսի սպասելիքների բավարարում համարել:
Առեւտրային գաղտնիք համարվող ներդրումային պարտավորությունների ժամանակացույցը թույլ է տալիս Կրկեսի սեփականատիրոջը վստահորեն պատասխանել, որ ինքը դեռ շատ ժամանակ ունի: «Պայմանագրի մեջ կետ կա, որը պարտադրում է առանց գնորդի համաձայնության չհրապարակել մինչպայմանագրային եւ ետպայմանագրային պարտավորությունները»,- ասաց մասնավորեցված ընկերությունների պայմանագրային պարտավորությունների բաժնի պետ Լյուդվիգ Գրիգորյանը: Նա նշեց նաեւ, որ եթե գնորդը չկատարի իր պարտավորությունները, պետությունը համարժեք գործողությունների կանցնի` ընդհուպ մինչեւ գույքի բռնագանձումը: Սակայն այժմ ամեն բան օրենքի սահմաններում է, Կրկեսի ներկան տխուր է, իսկ ապագան` առավել քան կասկածելի է:
Սեփականաշնորհումից հետո Սոս Պետրոսյանը շարունակել է խոսել հայկական կրկեսի հեղինակության բարձրացման ու նոր դերասաններ պատրաստելու մասին, սակայն ոչ մի անգամ հրապարակային ելույթներ չի ունեցել եւ չի ներկայացրել Կրկեսի վերակենդանացման իր ծրագիրը: Ասել է միայն, որ կարողացել է փրկել Կրկեսն ու կարողանում է ռուս դերասաններ հրավիրել: «Մենք փող ներդնելու ժամանակ դեռ ունենք, կամաց-կամաց անում ենք»,- ասում է նա եւ որպես սքանչելի ձեռքբերում՝ անընդհատ մատնանշում է իր որդու, հարսի եւ թոռների հաջողությունները, որոնք ձեռք են բերվել միջազգային կրկեսային արենաներում: «Ոչ ոք չի գրում այն մասին, որ որդիս Գինեսի գրքում է հայտնվել, փոխարենը գրում են, որ Կրկեսի գործերը վատ են: Իսկ մենք հիմա փորձում ենք շաբաթական մեկ ծրագրի փոխարեն՝ երկու ծրագիր ներկայացնել, ռուսական կրկեսի դերասաններ ենք հրավիրում»,- ասում է նա: Սոս Պետրոսյան-կրտսերի հաջողություններն իսկապես տպավորիչ են, սակայն այն հարցին` թե նա՞ է արդյոք լինելու ներդրումների երաշխավորը, Կրկեսի ներկայիս սեփականատերը վստահորեն մշուշոտ պատասխան է տալիս. «Տեսնենք: Հայկական կրկեսի համար երեք ուրախալի իրադարձություն է եղել. որդիս անցել է Գինեսի գիրքը, թոռս` ամենաերիտասարդ աճպարարն է համարվել, իսկ մենք` երեք Սոս Պետրոսյաններս, ֆրանսիական արենաներում միասին ենք ելույթ ունեցել»,- ասում է նա:
Աղքատ ու անվճարունակ
Հայկական կրկեսը (եւ՛ պետական, եւ՛ մասնավոր կարգավիճակում) տարիներ շարունակ նույնն է` թույլ ու անհետաքրքիր է: Մինչդեռ Կրկեսը պետք է տարբեր լինի: Նոր ծրագրեր ստեղծելն ու վառ դերասաններ հրավիրելը բարդ խնդիր է, բոլորին հայտնի է, որ առաջնակարգ դերասանների հոնորարները բարձր են: Սակայն երրորդ կամ չորրորդ էշելոնի ռուս կրկեսային դերասաններ բերելն ու նրանց ելույթները Երեւանի Կրկեսային ուսումնարանի սաների ելույթներով համելելը նոր ծրագիր ստեղծել դեռ չի նշանակում: Դա միայն նշանակում է՝ պահպանել կրկես ունենալու պատրանքը:
«Հայկական կրկեսը կա եւ լինելու է»,- ողջունելի լավատեսությամբ սիրում է կրկնել Սոս Պետրոսյանը: Սակայն հայկական կրկեսը (եթե հաշվի չառնենք երկու տարիների ընթացքում տեղի ունեցած երկու պրոֆեսիոնալ ծրագրերը` չինական կրկեսն ու սառույցի վրա ելույթ ունեցող կոլեկտիվները) վաղուց արդեն «սոյանկա» է հիշեցնում, որի բաղադրիչներն են այստեղից-այնտեղից բերված ու իրար համադրած միջին կարողությունների, լավ կրկեսներում իրենց տեղը չգտած դերասանները:
Կրկեսային մենեջմենթը ոչնչով չի տարբերվում այլ ոլորտների մենեջմենթից` պետք է ներդնել, որպեսզի արդյունք լինի: Ֆինանսական ներդրումները չեն շտապում Երեւանի կրկես մուտք գործել, իսկ կրկեսային ծրագրերը, մեղմ ասած` երրորդ սորտի են: Կրկեսն այն եզակի արվեստներից է, որի հաջողություններն ուղղակիորեն կապ ունեն ֆինանսների հետ: Կրկեսային ժանրում խաբել չի ստացվում: Փողը կարող է քողարկել վատ աշխատանքը (սարքավորումների, զգեստների ու լուսային էֆեկտների շնորհիվ), իսկ աղքատ անտուրաժն, ընդհակառակը` ընդգծում է վատ աշխատանքը կամ էլ ի չիք է դարձնում լավ դերասանների աշխատանքից ստացած տպավորությունը: Իսկ մեր Կրկեսը շատ աղքատ է: Կրկեսի մուտքից անգամ աղքատության հոտ է գալիս, չի փրկում նույնիսկ ազնվագույն կենդանիների` ձիերի, յուրահատուկ ու կրկես խորհրդանշող հոտը: Շենքը կոմունալ բնակարանի բնակիչների տարիների ընթացքում կուտակված տարաբնույթ բույրերի խառնուրդ ունի: Սոս Պետրոսյանը բազմիցս ասել է, որ Կրկեսը չի կարող գործել, քանի որ ամռանը շենքում տոթ է, իսկ ձմռանը` սառնամանիք է: Մենք եղանք Կրկեսում աշնանը, այնտեղ գտնվելն անհնար էր, քանի որ օդամղիչ համակարգի բացակայությունը ստիպում է մտածել միայն մեկ բանի` մի կում մաքուր օդ շնչելու մասին: Արենայի մատույցներում փռված հնամաշ գորգածածկույթը եւ պատառոտված ու խարխուլ աթոռները տխուր մտքեր են առաջ բերում. ստացվում է, որ կրկես ունենք, բայց այն կրկես չէ, պարզապես կրկեսի երբեմնի հուշ է: «Չի՞ կարելի արդյոք գոնե գորգը փոխել» հարցին Սոս Պետրոսյանը պատասխանում է. «Փող տուր, կփոխենք»:
Կրկեսը փող չունի ոչ միայն կոսմետիկ շտկումներ անելու, այլեւ` պետական հարկերը մուծելու համար: ՀՀ Տնտեսական դատարանում դեռ մարտ ամսից քննարկվում է Կրկեսի անվճարունակության հարցը. Կրկեսը 35 մլն դրամի պարտք ունի: Եվ այդ գումարն ավելանում է, քանի որ ավելանում են տույժերը: Նկատի ունենալով հարկային մարմինների արագ արձագանքման աշխատաոճը` կարելի էր ենթադրել, որ Կրկեսի նկատմամբ պետք է կտրուկ սանկցիաներ կիրառվեն: Սակայն ամեն ինչ դեռ խաղաղ է: Իսկ եթե այդ սանկցիաներն իրենց սպասեցնել չտան, ապա Կրկեսը սնանկ կճանաչվի, իսկ սեփականաշնորհման պայմանագիրը կարող է համարվել անվավեր: Այդ դեպքում կրկեսային շենքի հոգսերն ու կրկեսային արվեստը պահպանելը կրկին կարող են պետության գործը դառնալ: Թերեւս, դա ամենաարդարացի եւ սթափ քայլը կարող է լինել. մասնավոր կրկեսը ոչնչով աչքի ընկնել չի կարողացել եւ ոչնչով պետականից լավը չէ:
Կրկեսային արվեստի վերլուծաբանները հաշվարկել են, որ 1 միլիոնանոց քաղաքում գործող Կրկեսը տարեկան գոնե վեց ծրագիր պետք է ունենա, քանի որ երկու ամսից ավելի նույն ծրագիրը ցույց տալը եկամտաբեր չէ: Իսկ ավելի քիչ քանակի նոր ծրագրեր ունենալով, Կրկեսը վաղ թե ուշ «տակ է տալիս»: Կրկեսային դերասաններն անընդհատ քաղաքից քաղաք են շրջում, այցելում են այն երկրները, որտեղ իրենց չեն հասցրել տեսնել: Նրանց հրավիրելն ու գոնե մեկ տարվա հյուրախաղերի գրաֆիկ ունենալը` պարտադիր պայման է ստացիոնար, առավելեւս` սեփական կրկեսային ստուդիա ունեցող կրկեսային կառույցների համար:
Որպես զուտ տեղեկատվություն՝ կարելի է նշել, որ սովետական մոդելով աշխատող Արեւելյան Եվրոպայի կրկեսները սեփականաշնորհումից հետո դադարեցին կրկես լինել: Չեխիայում, Ռումինիայում, Բուլղարիայում ստացիոնար կրկեսներ չեն մնացել, կրկեսային շենքերը դարձել են առեւտրի կենտրոններ կամ հյուրանոցներ: Իսկ Ռուսաստանի հսկայական կրկեսային ցանցը, որը սեփականաշնորհվել է եւ դարձել է «Ռոսգոսցիրկ», միեւնույն է` չի զրկվել պետական հսկողությունից: Եվրոպայում ընդհանրապես միայն երկու ստացիոնար կրկես կա` Բրյուսելում եւ Փարիզում, եւ երկուսն էլ (թեեւ մասնավոր են) հսկվում են պետության կողմից եւ համարվում են ճարտարապետական հուշարձաններ: Մնացած երկրներում գործում են կրկես-շապիտոներ, օպերատիվ ու սակավաթիվ դերասանախմբերը, որոնք ճկուն աշխատաոճ ունեն, ներկայացումներ են ցույց տալիս այն քաղաքներում ու գյուղերում, որտեղ իրենց դիտել ցանկացողներ կան: Շապիտոները եկամտաբեր բիզնես են, եւ ստացիոնար կրկեսին կից աշխատելով, կարող են թեթեւացնել կրկեսի ֆինանսական բեռը: Սակայն ներկայիս սեփականատերը Կրկեսի հետագա կառավարման ծրագրերի մասին խոսելով, կոնկրետ ծրագրերի փոխարեն` չհիմնավորված օպտիմիստական երանգով ասում է միայն, որ որքան էլ բարդ լինի, նա կկարողանա պահպանել Կրկեսը: Այն մոդելի Կրկեսը, որը հիմա ունենք` հաստատ պահպանման ենթակա չէ:
Սոս Պետրոսյանը նշում է, որ Կրկեսի մոտակա ծրագրերից է իր 60-ամյակի նշումը, որը հավաքելու է շատ հայտնի դերասանների: Գուցե նաեւ իր որդին կժամանի: