Ուսումնասիրում են իրավիճակը

06/10/2007

Սննդամթերքի, մասնավորապես՝ այլուրի, հացի, շաքարավազի գների թանկացման վերաբերյալ տրվող քաղաքական գնահատականները, ըստ վարչապետ Սերժ Սարգսյանի, զուտ քաղաքական շահարկումների արդյունք են: ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի դիտարկմանը, թե խոսակցությունների համաձայն` այդ թանկացումները կապված են 2008թ. նախատեսվող թոշակների կամ բյուջետային աշխատավարձերի բարձրացման հետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա ընդամենը շահարկում է, եւ որեւէ թանկացում որեւէ առնչություն չունի գալիք քաղաքական իրադարձությունների հետ: Եթե նման բան գրողները շատ թե քիչ տրամաբանություն ունենային, պիտի հասկանային, որ ցանկացած իշխանության, կուսակցության համար շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում, երբ ոչ թե գնաճ է լինում, այլ` ընդհակառակը, ապրանքներն էժանանում են: Այդ ճանապարհով շատ ավելի հեշտ է շահել ընտրողների ձայները, քան գներ բարձրացնել, ինչ-որ ենթադրյալ դրամ վաստակել եւ այդ դրամը բերել-տալ, որպեսզի ձայն ստանան: Սա ուղղակի աբսուրդ է»: Ըստ Ս. Սարգսյանի` գնաճի իրական պատճառը համաշխարհային շուկայում որոշ ապրանքների թանկացումն է. «Հայաստանը չի կարող կղզիացած, մեկուսացած մնալ, եւ Հայաստանի ներքին գների վրա ազդում են այդ ապրանքների գները: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է կոճակը սեղմել եւ ինտերնետից հանել միջազգային շուկայում տեղի ունեցած փոփոխություններն ու տեղեկանալ, թե ինչքան է թանկացել կարագը, քանի անգամ է աճել ձեթի, հացահատիկի գինը: Կառավարությունն էլ է անհանգստացած այս պրոցեսով: Ուսումնասիրում ենք իրավիճակը, բայց պետք է ասեմ, որ այդ ուսումնասիրությունները տեղավորվում են մեր ընդհանուր քաղաքականության մեջ` ստվերի կրճատման, բիզնեսի թափանցիկության հետ կապված հարցերում: Եվ եթե մենք կարողանանք այս խնդիրները կարդինալ լուծել, այն ժամանակ որեւէ մեկի մոտ հարց չի առաջանա, որովհետեւ ովքեր ստանան գերշահույթներ՝ շատ ավելի շատ հարկեր կվճարեն, այլ խնդիրների առջեւ կկանգնեն»,- ասաց Ս. Սարգսյանը: