Չիմանար՝ ուրիշ

06/10/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Մի երեսուն-երեսունհինգ տարի առաջ էր։ Մեր ազգականներից մեկին փողոցում կռվի մասնակցելու համար բռնել էին։ Երիտասարդ, տաքարյուն ուսանողները՝ մի քիչ գինով, իրենց հասակակիցների հետ կռվի մեջ էին մտել, դանակ էր «ֆռռացել», արյուն էր թափվել։ Միլիցիոներներն արագ դեպքի վայր էին հասել ու «հակամարտող» երկու կողմերին էլ տարել քաղմաս։ Մեր ազգի հեղինակավոր ու ազդեցիկ մեծերն՝ ամեն կապ ու ծանոթություն օգտագործելով, փորձում էին ազատել տաքարյուն այդ տղային, բայց չէին կարողանում։ Բանն այն էր, որ «հակամարտող» երկու կողմերում էլ եղել էին (սովետական) բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, ում հայրիկները հենց այդ գիշեր հանել էին բանտից։ Գործը կազմված էր, եւ մի քանիսն անպայման պետք է դատվեին։ Մի քանիսից մեկն էլ մեր ազգական երիտասարդն էր։

Այս դեպքը դժվար թե հիշեի, եթե չիմանայի, որ ռայկոմի քարտուղարի որդի ու նախկին ռայկոմի քարտուղար Արտաշես Գեղամյանը սեպտեմբերի քսանինին՝ ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ, կոռումպացված համակարգի ամբողջ մեղքը բարդել է անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա։

Ուրիշ դեպքեր կարող էի հիշել, բայց հենց այս մեկը հիշեցի, որովհետեւ Արտաշես Մամիկոնիչը պատեհ եւ հիմնականում անպատեհ առիթներով սիրում է պարծենալ իր «կռուտոյ» երիտասարդությամբ՝ օգտվելով լրագրողների՝ ջահել ու անտեղյակ լինելու հանգամանքից։ Նրա նկարագրած «տղայական պատերազմներից» յուրաքանչյուրի համար բանվորագյուղացիական հասարակության ցանկացած հասարակ անդամ «սռոկ» կշալակեր։ Բայց «կռուտոյ» Արտաշը ոչ միայն «սռոկ» չի վաստակել, այլեւ պատահաբար դարձել է կոմսոմոլի քարտուղար, հետո՝ կոմունիստ, հետո՝ ռայկոմի քարտուղար, հետո՝ քաղսովետի նախագահ։ Հիմա էլ ուզում է հանրապետության նախագահ դառնա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած կոռումպացված համակարգը քանդի։

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանատու է երկրում առկա կոռուպցիայի համար, ապա միայն ու միայն այն պատճառով, որ ժամանակին գնահատական չի տվել սովետական ժառանգությանը, չի մատնանշել կոռուպցիա երեւույթի ակունքները։ Մի գնահատական, որի համատեքստում նախկին ռայկոմի քարտուղարներն իրենց շատ հարմար չէին զգալու։

Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված մեղադրանքների գերակշիռ մասը կարող էր չլինել, եթե նա ամբոխահաճո գործիչ լիներ, եթե նախկինների դատաստանի մի քանի շոու կազմակերպեր, եթե խղճով ու ըմբռնումով չմոտենար նրանց, ովքեր հանգամանքների բերումով ստիպված են եղել կուսակցական իրենց հաշվետու ելույթներում Աստվածաշնչից ցիտատներ չզետեղել։

Ճի՞շտ է վարվել առաջին նախագահը։ Քննարկել անգամ չարժե, միանշանակ անսխալ է եղել, որովհետեւ հուժկու համազգային շարժումը պատժելու համար չէր։ Որովհետեւ Սովետից ժառանգված Ավգյան ախոռը գետի հորձանքով մաքրելու դեպքում ոչ միայն համակարգի հետքը չէր մնա, այլեւ՝ Հայաստանի։

Արտաշես Գեղամյանն անշուշտ գիտե եւ՝ շատ լավ, որ էներգետիկ ճգնաժամի հաղթահարման գլխավոր խոչընդոտը ո՛չ տեխնիկական էր, ո՛չ էլ հումքային, այլ կապված էր վարից վեր կոռումպացված համակարգի հետ, որի ամենաստորին օղակի անդամից (լույսի մարդ) մինչեւ վերինը՝ դեռ սովետական տարիներից հանցավոր գործարքի մեջ էին՝ բնակչության ու իրար հետ։ Այդ համակարգում տասնյակ հազարավոր աշխատողներ կային։ Ի՞նչ պիտի աներ Տեր-Պետրոսյանը, բա՞նտ նստեցներ բոլորին, թե՞ բարեփոխումներն առաջ տանելով՝ վերացներ երեւույթը։

Տեր-Պետրոսյանի կառավարության մեջ կրթության եւ գիտության նախարար աշխատած Վարդգես Գնունին 1993 թվականին «Ար» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասում էր, թե չորս հարյուր ազնիվ դասախոս չի կարողանում գտնել ընդունելության անկաշառ քննություններ անցկացնելու համար։ Երեք տարում էդ ո՞նց էին հասցրել ապականվել խեղճ դասախոսները։ Պատկերացնո՞ւմ է Արտաշես Գեղամյանը, թե ի՞նչ կլիներ, եթե այդ չորս հարյուրից, ասենք, տասի վրա գործ բացվեր։ Ես պատկերացնում եմ. ժամանակի բոլոր ընդդիմադիրներն ու մտավորականները վայնասուն կբարձրացնեին, թե

ՀՀՇ-ն ոչնչացնում է մեր պրոֆեսորադասախոսական կազմը, խորտակում բարձրագույն կրթության համակարգը եւ այլն։

Պետավտոտեսուչները, բժիշկները, դատավորները, ռայսովետների ու անգամ ժէկ-երի աշխատողները կաշառակեր դարձան անկախությունի՞ց հետո։ Ով այս հարցի պատասխանը չունի, կարող է բացել հայկական «Ոզնի» եւ ռուսական «Կրոկոդիլ» երգիծական հանդեսների համարները, որտեղ փոքր դոզայով, բայց միշտ քննադատվել է կաշառակերությունն ու կաշառատվությունը, իբր՝ որպես սովետական սուրբ համակարգի աննշան արատներ։

Գիտի՞ այս ամենը նախկին ռայկոմի քարտուղարի որդի նախկին ռայկոմի քարտուղարը։ Իհարկե գիտի, չիմանար՝ ուրիշ։