«Օրինաց երկիրը» կողմնակից է ընդդիմության միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելուն, սական ողբերգություն չի համարում նաեւ մի քանի թեկնածուով հանդես գալը: «Օրինաց երկիրը», լինելով ընդդիմադիր քաղաքական ուժերից հասարակության ամենաշատ քվեներին արժանացած կուսակցությունը, առաջադրելու է սեփական թեկնածուին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Արտաշես Ավոյանը` նշելով, որ այդ որոշումը կուսակցությունը կայացրել է նախորդ շաբաթ անցկացրած ՕԵԿ վարչության ընդլայնված նիստում: Նոյեմբերի կեսին կայանալիք կուսակցության համագումարում վերջնականապես կորոշվի կուսակցության ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Ա. Ավոյանը նշել է, որ նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների բազմազանությունը կհանգեցնի գաղափարական պայքարի: Ըստ նրա` եթե ընտրություններում լինի երկրորդ փուլ, ապա ՕԵԿ-ը կսատարի ընդդիմադիր թեկնածուին: Ինչ դիրքորոշում կցուցաբերի ՕԵԿ-ը երկրորդ փուլում առաջին նախագահի հայտնվելու դեպքում. այս հարցին պատգամավորը վարանել է պատասխանել` խուսափելով իր իսկ բնորոշմամբ՝ «իրավիճակային որոշում կայացնելուց»: Ա. Ավոյանը նշել է, որ ՀՀՇ-ի հետ մինչ օրս միջկուսակցական շփումներ են եղել: «ՀՀՇ անդամների կողմից կա առաջարկ շփումները խորացնելու»,- ասել է նա: