Ազգային ժողովի ընտրություններից հետո գրեթե բոլոր տեսակի ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները կտրուկ բարձրացան:
«Երեկ խանութ եմ գնացել, իմ աչքի առաջ կարագը 50 դրամով թանկացավ: Ֆիննական կարագի 1 կգ-ն 1750 դրամից դարձել է 2250 դրամ: Հըլը չեմ ասում, որ Նոր զելանդականի գինն էլ է սարսափելի բարձրացել: Ձեթն էլ է բավականին թանկացել»,- երեկ դժգոհում էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) նախագահ Աշոտ Շահնազարյանը:
Թանկացել են նաեւ ցորենը, ալյուրը եւ հացը: 1 պարկ ալյուրի գինը բարձրացել է 2000-3000 դրամով: Այս թանկացումներից հետո հասարակության մեջ միանգամից կարծիք շրջանառվեց, թե ապրանքների գները բարձրացնելով՝ գործարարները ու հատկապես ներկրողները ընտրությունների ժամանակ այս կամ այն կուսակցության համար ծախսած գումարներն են ետ բերում եւ պատրաստվում են 2008թ. նախագահական ընտրություններին: Բոլոր դեպքերում, ՏՄՊՀ-ն որոշեց ուսումնասիրել այդ ապրանքների շուկաները եւ պարզել, թե ո՞րն է թանկացումների իրական պատճառը: Եվ ահա հանձնաժողովը պարզել է, որ Հայաստանում կոնկրետ ցորենի եւ ցորենի ալյուրի գների բարձրացումը պայմանավորված չէ «տեղական» նշանակության գործոններով, այլ «համահունչ» է համաշխարհային շուկայում տեղի ունեցող թանկացումներին: «Երաշտի պատճառով ցորենի բերքատվությունը նվազել է: Առաջարկի պակասը եւ աճող պահանջարկը նպաստել են գների աճին: Իսկ ձմռանը եւ գարնանը ցորենի մաքսային արժեքում արձանագրվել է աճ: Նման պայմաններում բարձր կլինեն հանրապետություն ներկրվող ցորենի գները»,- երեկ իր ելույթում ասաց հանձնաժողովի Վերլուծության վարչության պետ Արմինե Հակոբյանը: Այսինքն՝ հանձնաժողովը երեկ արդարացրեց կոնկրետ ցորենի եւ ալյուրի թանկացումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում սպառվող ցորենի եւ ալյուրի մեծ մասը ներկրվում է: Ներկրվող ապրանքը գնվում է դոլարով: Իսկ ընտրություններից հետո դոլարն արժեզրկվել է 20 դրամով: Այսինքն` ներկրողներն այստեղից գնում են էժան դոլար եւ դրանով դրսից ցորեն են բերում: Տրամաբանությունը հուշում է, որ դոլարի արժեզրկումը ինչ-որ չափով պետք է փոխհատուցեր ներկրվող ապրանքի թանկացումը: Եվ եթե ապրանքը դոլարով է թանկացել, ապա դրամային արտահայտությամբ պետք է չթանկանար կամ էլ թանկանար ոչ այս չափով: Սակայն Ա.Շահնազարյանը համաձայն չէ այս դիտարկման հետ եւ ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ դոլարի արժեզրկումը չի կարող ամբողջովին փոխհատուցել համաշխարհային շուկայում տեղի ունեցող թանկացումները: Ավելին, նրա կարծիքով՝ ալյուրը եւ հացը մեզ մոտ ավելի շատ կթանկանային, եթե դոլարը չարժեզրկվեր: Հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ցորենի եւ ցորենի ալյուրի ներկրմամբ ու իրացմամբ հիմնականում զբաղվում են «Մանանա Գրեյն» եւ «Սալեքս գրուփ» ընկերությունները: Հայտնի է, որ «Սալեքս գրուփը» պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ «Մանանա Գրեյնը»՝ ոմն արմաշցի Գուգոյի:
Հանձնաժողովը ներկրվող եւ արտադրվող ալյուրի քանակությունից նաեւ պարզել է, որ Հայաստանում 1 շնչին օրական բաժին է ընկնում 100 գրամ ալյուր, որը օգտագործվում է հացի եւ հացամթերքի տեսքով: Իսկ նվազագույն սպառողական զամբյուղում հաշվարկված է, որ 1 շնչին ընկնող հացամթերքի օրական նորման 355 գրամ է: Կարելի է ենթադրել, որ մյուս 255 գրամը շրջանառվում է ստվերում: Պարոն Շահնազարյանն այս մտքի հետ նույնպես համաձայն չէ, որովհետեւ չունի գյուղացիական տնտեսությունների արտադրած ցորենի եւ ալյուրի մասին տվյալներ, ու հենց այդ մասը դուրս է մնացել իրենց հաշվարկներից: Սակայն այսօր գյուղերում քիչ տնտեսություններ կան, որոնք ցորենի սերմացուն կամ ալյուրը չեն գնում: Եթե նույնիսկ այս տվյալներն էլ հայտնի լինեին, միեւնույն է, այս հաշվարկներում էական փոփոխություն չէր լինի: Եվ եթե ոչ 255 գրամը, ապա օրական 1 շնչին հասնող 200 գրամ ալյուրը շրջանառվում է ստվերում: Եթե նույնիսկ պետական պաշտոնյաներն են ընդունում, որ Հայաստանի տնտեսության ավելի քան 50 տոկոսը գործում է ստվերում, ապա դա վերաբերում է նաեւ ցորենի, ալյուրի եւ հացի շուկաներին:
Ինչպես վերեւում նշեցինք, այս շուկաները գտնվում են մենաշնորհային վիճակում, եւ ալյուրի 35 տոկոսը ներկրում է Ս. Ալեքսանյանի «Սալեքս գրուփ» ընկերությունը: Գրեթե այդքան էլ ներկրում է «Մանանա Գրեյնը»:
Նշենք նաեւ, որ վերջին մեկ տարում ՏՄՊ հանձնաժողովում այնպիսի նիստ չի լինում, որտեղ չքննարկվի Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների գործունեությունը: Եվ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այդ հանձնաժողովի նիստերը անհետաքրքիր ու մի տեսակ էլ անիմաստ կդառնային, եթե այդ պատգամավորի անվան հետ կապված ընկերությունների գործունեությանն անդրադարձ չլիներ: Իսկ ապրանքային շուկաներն ուսումնասիրելիս հնարավոր չէ չանդրադառնալ Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունների գործունեությանը, որովհետեւ դրանք ամենուր են: Սննդամթերքի լայն սպառման գրեթե բոլոր ապրանքների դեպքում Ս. Ալեքսանյանի ընկերությունները գրավել են ամբողջ շուկան կամ էլ գոնե շուկայի 30 տոկոսը: Եվ հանձնաժողովի նիստերում այս ընկերությունները եթե խախտում կատարելու համար չեն աչքի ընկնում, ապա գոնե ճանաչվում են որպես գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Կարելի է վստահաբար ասել, որ ՏՄՊՀ-ն ակամա ստիպված է իր աշխատանքի մի մասը նվիրել այս պատգամավորի գործունեությանը: Իսկ ընդհանուր առմամբ ՏՄՊՀ-ի բան ու գործն ազատ մրցակցության ապահովումն է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի շրջանակում: Իսկ թե դա որքանով է հաջողվում վերոհիշյալ հանձնաժողովին, կարելի է հասկանալ նույն Ս. Ալեքսանյանին պատկանող «Ֆլիտֆուդ» եւ «Սալեքս գրուփ» ընկերությունների օրինակով: Վերջիններս անընդհատ խախտումներ են կատարում, ասենք` նմանակում են որեւէ հայտնի, սովորաբար՝ օղու ապրանքանիշ, եւ այլն: Այսինքն` այս հանձնաժողովն իրականում չի կարողանում ապահովել ազատ տնտեսական մրցակցություն, քանի որ ապրանքային խոշոր շուկաները գտնվում են իշխանությունների հովանավորությունը վայելող օլիգարխների ձեռքին: Հաջորդ նիստին հանձնաժողովը կրկին կանդրադառնա «Սալեքս գրուփ» ընկերությանը, որովհետեւ ներկայացնելու է կարագի եւ ձեթի շուկաներում կատարած ուսումնասիրությունները:
Ի դեպ հանձնաժողովը ներկայացրեց նաեւ էթիլային սպիրտի իրացման շուկան, որտեղ 91 տոկոսով մենաշնորհային վիճակում է «Սալեքս Գրուփը»: