Վերջապես Խոսրով Հարությունյանը ստանձնեց այն դերը, որից շատերն էին խուսափում։ Ճիշտ է, բավականին զգուշորեն, հնարավորինս մեղմ ձեւակերպումներով, բայց այնուամենայնիվ ակնարկեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթով «մեսիջ» հղեց միջազգային կառույցներին, որպեսզի նրանցից աջակցություն ստանա, իսկ դրանից «գունավոր հեղափոխության» հոտ է գալիս։ Որպես ասվածի հիմնավորում՝ ներկայացվեց այն փաստը, որ միջազգային կառույցները Հայաստանից առաջին հերթին պահանջում են ղարաբաղյան խնդրի լուծում եւ կոռուպցիայի դեմ պայքար, ու Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր ելույթում շեշտը դրել էր հենց այդ երկու հարցերի վրա։
Իրականում Տեր-Պետրոսյանը հազիվ թե իր թիվ մեկ խնդիրը դրսի աջակցությունը ստանալը համարեր։ Դրսի աջակցության համաձայնվող լիներ՝ 1998-ին հրաժարական չէր տա։ Բայց մեծ հաշվով խնդիրը ոչ թե դա է, այլ այն, թե ինչպես է Հայաստանի քաղաքական դաշտը եւ ընդհանրապես հասարակական գիտակցությունն ընկալում «միջազգային կազմակերպություններին»։
Ստացվում է, որ այդ կազմակերպություններն «անամոթաբար» Հայաստանի իշխանություններից պահանջում են պայքարել կոռուպցիայի դեմ եւ կարգավորել ղարաբաղյան խնդիրը, իսկ իշխանությունները (հասկանալի է՝ «ազգային շահերից ելնելով») ոչ կոռուպցիայի դեմ են պայքարում, ոչ էլ ղարաբաղյան խնդիրն են կարգավորում։ Կամ գուցե այդ երկու հարցերն էլ լուծում են, բայց ոչ այնպես, ինչպես կցանկանար միջազգային հանրությունը։
Փորձենք հասկանալ։ Ենթադրենք, Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան հարցը լուծում են այսպես. անընդհատ ձգձգել բանակցային գործընթացը, պահպանել ստատուս-քվոն, մինչեւ աշխարհը ճանաչի առկա իրողությունները։ Լավ տարբերակ է, բայց, չգիտես ինչու, միջազգային հանրությանը դա դուր չի գալիս։ Եթե դուր գար, օրումեջ չէին պահանջի կարգավորել խնդիրը։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ղարաբաղյան հարցում մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը։
Կամ մի՞թե մեր իշխանությունները կոռուպցիայի դեմ չեն պայքարում։ Իհարկե պայքարում են։ Գիշեր-ցերեկ։ Բայց միջազգային հանրությունը, չգիտես ինչու, չի նկատում այդ հերոսական պայքարը եւ դիտմամբ ամեն անգամ արձանագրում է, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազել։ Սա նշանակում է, որ «կոռուպցիայի դեմ պայքար» ասելով՝ միջազգային հանրությունն այլ բան նկատի ունի, ՀՀ իշխանությունները՝ բոլորովին այլ։ Հետաքրքիր է՝ այս հարցում ո՞ւմ կողմն է հասարակության համակրանքը։ Այսինքն՝ հասարակությունը կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարն արդյունավե՞տ է համարում, թե՞ անարդյունավետ։ Եվ եթե հանկարծ վաղը հասարակությունն ընդվզի կոռուպցիայի (ասենք՝ համատարած թանկացումների) դեմ, արդյո՞ք ազնիվ կլինի դա անվանել դրսից ղեկավարվող «գունավոր հեղափոխություն»։
Հիմա անդրադառնանք այն խոշոր բլեֆին, թե իբր արտաքին աշխարհին խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդվի, եւ կոռուպցիան վերանա։ Իրականում արտաքին աշխարհին դա պետք չէ, դրա համար էլ ինչ կարգի ընտրություն ուզում ես արա՝ աշխարհը դա գնահատելու է որպես «զգալի առաջընթաց», «Հազարամյակի մարտահրավերների» գումարներն էլ անխափան տեղ են հասնելու։ Արեւմուտքը «գունավոր հեղափոխություններ» է կազմակերպում միայն մի նպատակով. որպեսզի տվյալ երկիրը դուրս բերի Ռուսաստանի գերիշխանության տակից։ Հետո Ռուսաստանը, որպես կանոն, դիմում է պատասխան քայլերի եւ փորձում «հետողորմյա» անել (ինչպես դա տեղի է ունենում Վրաստանում եւ Ուկրաինայում)։ Եվ միայն մի դեպքում են Արեւմուտքն ու Ռուսաստանը միավորում ջանքերը. երբ որեւէ երկիր փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել։
Ասելիքս այն է, որ «գունավոր հեղափոխությունը» նույնքան վատ բան է, որքան ռուսական «պատրոնաժով» դրա դեմ պայքարելը, որովհետեւ դա ընդամենը ստրուկի պայքար է՝ տիրոջ փոփոխության համար։ Իսկ ոչ մի «տիրոջ» ձեռնտու չէ, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի, ժողովրդավարությունն ամրապնդվի, ու հարեւանների հետ կայուն խաղաղություն հաստատվի։ Դա ձեռնտու է միայն մեզ։
Իսկ խանգարողներ միշտ էլ լինելու են։