Երեկ առավոտյան Շենգավիթ համայնքի ոստիկանության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին: Գ.Հակոբյանը վերադառնում էր Իսպանիայից, ուր մեկնել էր բուժման նպատակով: Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիայի» գործը հայտնի է նրանով, որ այս ընկերության ղեկավարները 2004թ. հրապարակավ հայտարարել էին, թե Մաքսային պետական ծառայության աշխատակիցներն իրենցից կաշառք են պահանջել:
2005թ. մարտին Ազգային անվտանգության ծառայությունը ՄՊԿ-ի տրամադրած ինչ-որ նյութերի հիման վրա Գ.Հակոբյանի եւ նրա տեղակալ Արամ Ղազարյանի դեմ քրեական գործ հարուցեց՝ խարդախության, փաստաթղթեր կեղծելու, «փողեր լվանալու», հարկերից եւ տուրքերից խուսափելու մեղադրանքներով: Եվ նույն թվականի հոկտեմբերին Գ. Հակոբյանը եւ Ա.Ղազարյանը կալանավորվեցին: «Ռոյալ Արմենիայի» ղեկավարներն ազատ արձակվեցին այս տարվա հուլիսի 16-ին, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը նրանց արդարացրեց: Սակայն այդ ազատությունը երկար չտեւեց, որովհետեւ ՀՀ Գլխավոր դատախազությունը Պ. Օհանյանի վճիռը բողոքարկեց վերաքննիչ դատարանում: Դատավարությունը վերսկսվեց, եւ քանի որ Գ. Հակոբյանը Հայաստանում չէր, Քրեական գործերով վերաքննիչ դատարանը նրա մասն առանձնացրեց, կալանքի որոշում կայացրեց եւ հետախուզում հայտարարեց: Իսկ Արամ Ղազարյանի մասով նշանակեց նոր քննություն: Երեկ վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Ա. Ղազարյանի մասով հերթական նիստը, սակայն այն հետաձգվեց, որովհետեւ ներկա չէին մեղադրողներ Հովսեփ Սարգսյանը, Լեւոն Մելքոնյանը եւ տուժող ճանաչված կողմի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Նիստի ավարտից հետո, սակայն, պարզվեց, որ նրանք դատարան եկել էին, սակայն դահլիճ չէին մտել, սպասում էին դրսում: Նրանք լրագրողներին ասացին, որ դահլիճ չէին մտել, որովհետեւ ուշացել են: Մինչդեռ Ա. Ղազարյանի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը համոզված էր, որ նիստը հետաձգվեց հատուկ պայմանավորվածության արդյունքում: «Թե՛ մեղադրող կողմը, թե՛ դատարանը մի մարմին են,- ասաց փաստաբանը: -Երկու կողմերն էլ գիտեին, որ մեղադրող կողմը այսօր պետք է ուշանա, եւ այդ պատճառաբանությամբ դատական նիստը պետք է հետաձգվի, որպեսզի Գագիկ Հակոբյանը մինչեւ հոկտեմբերի 15-ը գտնվի մեկուսարանում»: «Մեղադրողները ճեմելով դատարան էին մտնում, իսկ տուժողի շահերի պաշտպանն էլ անցակետն էր անցնում, եւ այդ պահին դատավորը նիստը հետաձգելու շտապ որոշում է կայացնում,- ասում է «Ռոյալ Արմենիա» ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը: -Իմ կարծիքով՝ նիստը հետաձգեցին, որովհետեւ չգիտեին, թե ինչ անեին: Վերեւներից հրահանգ չէին ստացել»:
Այս նիստում մեղադրողները պետք է հարցեր տային Ա. Ղազարյանին: Դատավոր Սուրեն Ղազարյանը հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 15-ին: Ա. Սարգսյանը Վերաքննիչ դատարան էր ներկայացրել Գագիկ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդություն: Նույն բովանդակությամբ միջնորդություն Վերաքննիչ դատարանին ներկայացրել է նաեւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Ըստ Գ. Մինասյանի` նախնական կալանք վերցնելու հիմքը պատասխանատվություն կրելուց խուսափելն է: Սակայն այս պարագայում Երեւան վերադառնալով՝ Գ. Հակոբյանն ապացուցեց, որ ինքը չի պատրաստվում խուսափել: Եվ եթե դատարանն արդարացի լինի, ուրեմն պետք է ընդունի միջնորդությունը եւ հանի նախնական կալանքի որոշումը: Փաստաբան Ա. Սարգսյանի կարծիքով՝ դատարանը Գ. Հակոբյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել, որպեսզի ապացուցի, թե վերջինս մեղավոր է եւ դրա համար էլ փախել է Հայաստանից: «Գագիկ Հակոբյանը նրանց նման նվեր չի մատուցի,- ասաց Ա. Սարգսյանը: -Նա չի կոտրվելու»: ԱԱԾ մեկուսարանում 1 տարի 9 ամիս մնալուց հետո, այսօր ձերբակալված եւ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում հայտնված գործարարը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ, որ ապացուցի «իր անմեղությունն ու պահպանի իր բիզնեսը»:
Հիշեցնենք, որ Գ. Հակոբյանին եւ Ա.Ղազարյանին արդարացրած Պարգեւ Օհանյանի նկատմամբ Արդարադատության խորհուրդը վերջերս հարուցել է վարչական վարույթ: ԱԽ-ն դատավորի գործերի մեջ խախտումներ է հայտնաբերել եւ հոկտեմբերի 12-ին որոշելու է, թե ինչ պատիժ է սահմանելու: