Իրանական գազ, ռուսական քաղաքականություն

05/10/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

– Իրան-Հայաստան գազամուղն արդեն պատրաստ է գործարկման: Իրանը պատրաստ է սկսել գազի մատակարարումը, մինչդեռ Հայաստանը հայտարարել է, որ էներգակիրների խնդիր չունի: Ինչո՞վ է պայմանավորված իրանական գազից առժամանակ հրաժարվելը: Գուցե չունե՞նք գազից էլեկտրաէներգիա ստանալու այդքան հզորություններ, եւ սպասում ենք Երեւանի ՋԷԿ-ում եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում աշխատանքների ավարտին, որի համար առնվազն երկու տարի կպահանջվի:

– Իրան-Հայաստան գազատարը մեզ համար ունի եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական նշանակություն: Քաղաքական տեսանկյունից այն մեզ համար երկընտրանք է, իսկ տնտեսական առումով պետք է կարողանանք առավելագույն մրցակցություն ստեղծել երկու կողմերի միջեւ: Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս 1000խմ գազի գինը տարածաշրջանում 230 դոլար է սահմանել, մենք այստեղ պետք է մրցակցություն կարողանանք ստեղծել:

– Իրանի հետ գազի սակագին, կարծես թե, չեք համաձայնեցրել:

– Իրանից ներկրած գազի դիմաց պետք է վերադարձնենք էլեկտրաէներգիա` 1խմ գազի դիմաց պետք է տանք 3կՎտ/ժամ էլէներգիա: Գազի միջազգային գները որքան բարձրանում են, այնքան Հայաստանի համար մեծանում է իրանական գազի մարժան եւ դառնում է ավելի հրապուրիչ: Այսօր էլ կարող ենք իրանական գազը ներկրել եւ տալ էլէներգիա, մեր հզորությունները բավարարում են: Բացի այս էլ՝ կունենանք որոշակի շահույթ՝ գազի տեսքով: Այստեղ խնդիրը տարածաշրջանային էներգետիկ քաղաքականությանն է վերաբերում: Իրանի հետ հարաբերություններն էլ պետք է կարողանանք կառուցել մեր ստանձնած պարտավորությունների շրջանակում: Եթե մենք դուրս ենք մնացել տարածաշրջանային մի քանի ծրագրերից, ապա նույնը չի կարելի ասել էլեկտրաէներգետիկ բնագավառի մասին: Իրան-Թուրքիա փոխանակման հնարավորություններն այն չեն, ինչպիսին Հայաստանինն է: Էլեկտրաէներգիան երկար ճանապարհներ փոխադրելու համար պետք է կարողանալ պահպանել լարման պարամետրերը, եւ միայն մենք ունենք նման հնարավորություններ: Մենք հնարավորություն ունենք Իրան-Եվրոպա տրանզիտ ապահովել:

– Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի նախագծման աշխատանքների քննարկման նպատակով սեպտեմբերի կեսերին սպասվում էր իրանական մասնագետների այցը Հայաստան, որն այդպես էլ չի կայացել: Ո՞րն է այդ աշխատանքների ձգձգման պատճառը: Այն կապ ունի՞ գազամուղի չշահագործման հետ:

– Բարձրավոլտ երրորդ գծի աշխատանքների նախագծման փուլն է ընթանում: Ուղղակի Իրանում մի քիչ տոներն են շատ: Եթե Հայաստանում 365 օրից մոտ 270 օրը աշխատանքային է համարվում, ապա Իրանում 162 օր են աշխատում, որով էլ պայմանավորված՝ որոշակի շեղումներ են լինում նախնական պայմանավորվածություններից: Նախագծման աշխատանքների վրա մի հսկա ինստիտուտ է աշխատում, եւ պատվիրակություններն անընդհատ գնում-գալիս են: Իրանի հետ մի քանի էներգետիկ ծրագրեր ունենք, որոնք բնականոն ընթացքի մեջ են: Գործնական հողի վրա է 140մգՎտ հզորության «Արաքս» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, որը հնարավոր կլինի սկսել եկող տարի: Եռակողմ քննարկվում են նավթամշակման գործարանի նախագծման աշխատանքները, որտեղ ներդրվելու է 2-2.5մլրդ դոլար:

– Վերջերս էներգետիկ պարտքային պարտավորություններ ունեցող մի քանի ձեռնարկություններ` «Հայէներգոն», Հրազդանի ՋԷԿ-ը, Արփա Սեւան կասկադը միավորվեցին «Հայգազարդին»: Այստեղ հետաքրքիր է 4մլն դոլար «Հայէներգոյի» պարտքի ճակատագիրը: Արդյոք վրացական ընկերությունը վերադարձրե՞լ է «Հայէներգոյի» 4մլն դոլարի պարտքը: (Վրաստանին մատակարարած էլեկտրաէներգիայի պարտքը «Հայէներգոն» վրացական մի մասնավոր ընկերության էր լիազորել ստանալ: Վրաստանի կառավարությունն այս ընկերության հետ փակել է հաշիվները, սակայն այս 4մլն դոլարն այդպես էլ չի հասել Հայաստան):

– Համակարգում իրենց դերն ու նշանակությունը կորցրած ընկերությունները հավաքվել են մի տեղ, սա է եղել միավորման նպատակը: Վրաստանի հետ դեռ մնում է այդ 4մլն դոլարի պարտքը, եւ մենք մեր վրացի գործընկերների հետ փորձում ենք պարտքի ստացման սխեմաներ գտնել: Դա միջպետական պարտք չէ, ժամանակին Վրաստանը վճարել է այդ ընկերությանը, որը մեզ չի հասել: Հիմա մենք համապատասխան փաստաթղթերը ներկայացրել ենք Վրաստանի Էներգետիկայի նախարարությանը եւ ասել ենք, որ իրենց մշակած մեխանիզմը չի աշխատել` գումարը մեզ չի հասել: Իրենք չեն էլ հրաժարվում նշյալ պարտքից: Այդ պարտքի ներկայիս տերն արդեն «Հայգազարդն» է:

– Էներգետիկայի նախարարությունը «Նաիրիտ» գործարանում 10 տոկոս բաժնեմասով ներկայացնում է պետության շահերը: «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդը» «Նաիրիտը» գնելու համար 70մլն դոլարով գրավ է դրել հենց գործարանի բաժնետոմսերը: Նշյալ գումարից 30մլն-ն էլ մինչ օրս չի հասել Հայաստան: Գուցե իրավացի կլիներ՝ գործարանում նոր պարտքային պարտավորություններ չառաջացնելու համար «Ռայնովիլն» իր բաժնետոմսերը գրավ դներ, եթե իհարկե, դրանք արժեք ունեն:

– Ցանկացած ընկերություն իրավունք ունի իր սեփականությունը գրավ դնել եւ վարկ վերցնել, գնելու համար կամ այլ նպատակով: Մինչեւ գնելը նա պետք է ինչ-որ երաշխիքներ ներկայացնի, այսինքն` գրավադրումը միջազգային շուկայում ընդունված երեւույթ է:

– Բայց դեռ պետք է գնի, որ հետո գրավ դնի:

– Թե ի՞նչ կառնի, թե ի՞նչ կդնի` դա իր խնդիրն է: Մենք պետք է մեր «ջեբի» լոբիները հաշվենք: Հիմա «Նաիրիտում» աշխատավարձի պարտք կա՞, հոսանքի պարտք կա՞, ջրի պարտք կա՞, մի կոպեկի պարտք կա՞: Չկա:

– Եթե «Նաիրիտը» չունի ներքին պարտք, ապա ունի նորանոր վարկային պարտավորություններ: Նշյալ պարտքերը մարվել են ոչ թե գործարանի եկամուտների, այլ եւս 40մլն դոլարի վարկերի հաշվին: Այս պահին գործարանի պարտքը գերազանցում է 100մլն դոլարը:

– «Նաիրիտը» պարտք չունի, դա «Ռայնովիլի» պարտքն է, նա է գործարքներ կատարել: Գուցե նրանք ուրիշ բիզնեսներ ունեն եւ այդ գումարներն օգտագործում են այլ նպատակներով, դա իրենց խնդիրն է: Նրանք «Նաիրիտի» բաժնետոմսերն են գրավ դրել եւ ոչ թե գույքը: Առանց մեր թույլտվության չեն կարող գործարանի գույքը գրավ դնել: «Նաիրիտն» աշխատեցնելը հեշտ չի, երբ գործ ունենք բարոյաֆիզիկապես մաշված սարքավորումների հետ: Կողքից շատ հեշտ է ասելը: Հիմա գոնե հաջողվել է բերել մի վիճակի, որ գործարանն աշխատում է ռիթմիկ: Նախկինում «Նաիրիտի» արտադրանքը պահանջարկ չուներ, հիմա ստեղծվել է այդ շուկան: Շուկայում «Նաիրիտն» իր տեղը գտել է, հիմա նույն խնդրի առաջ կանգնած է Վանաձորի «Քիմպրոմը», որը ժամանակին տարածաշրջանում ամենաորակյալ կարբիդն էր արտադրում: Հիմա նրանք պետք է շուկա մտնելու համար արտադրանքի որակ ապահովեն:

– Կաուչուկի գինը միջազգային շուկայում 1 տոննայի դիմաց մոտ 5 հազար դոլարի է հասնում, մինչդեռ կաուչուկը գործարանից միջնորդները գնում են 2300-2500 դոլարով:

– Մեր արտադրած կաուչուկը շուկայում 5000 դոլար գին չունի: Տեղական արտադրանքը 3000-3300 դոլար է գնահատվում: Ուզում եք «Դյուպոնի» հետ նույն գնո՞վ իրացնեն:

– Կառավարությունը «Նաիրիտի» վաճառքի պայմանագրում ֆիքսել է ժամկետներ եւ ներդրումների պարտադիր շեմ: Մինչեւ տարեվերջ 60մլն դոլար ներդրումով պետք է վերագործարկվեր բութադիենային կաուչուկի արտադրությունը` երեք անգամ ավելացնելով արտադրանքը (ամսական 800 տոննայից հասցնելով 2.5 հազարի: Ակնհայտ է, որ խախտվել է նախնական ժամանակացույցը: Ինչպիսի՞ն է լինելու կառավարության դիրքորոշումը:

– «Ռայնովիլը» պարտավոր է հինգ տարում 120մլն դոլարի ներդրումներ կատարել: Եթե նրանք մինչեւ գազի թանկացումը չանցնեն բութադիենի տեխնոլոգիային, ապա մեծ վնասներ կունենան: «Նաիրիտը» կարող է նաեւ կարբիդից արտադրել ացետիլենային կաուչուկ, եւ գործարանի առավելությունը հենց սա է: Մեր վերջին քննարկումների ժամանակ սեփականատերերը նշել են, որ ցանկանում են կաուչուկի արտադրության երկու ուղղությունն էլ զարգացնել:

– «Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը գործարանի կոլեկտիվին տեղեկացրել է, որ մեկնում է Ռուսաստան` այլ աշխատանքի առաջարկ ստանալու պատճառով: Լուրեր են շրջանառվում, որ գործարանի սեփականատերերը ցանկանում են չինացիներին վաճառել «Ռայնովիլը»:

– Ես տեղյակ չեմ վերավաճառքի մասին: «Նաիրիտ» չինացիներ են գնում-գալիս ուսուցանման նպատակով: Գուցե չինացիներին տեսել են եւ մտածում են, թե գնորդ է հայտնվել: Իսկ Վահան Մելքոնյանն ընդամենը վարձու աշխատող էր: Նա «Ռայնովիլի» սեփականատերը չէ:

– Իսկ ո՞վ է իրական տերը:

– Համենայնդեպս, ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահ Կուլիկովն էլ չէ, ինչպես դուք էիք գրում: Այնտեղ երեք ընկերություններ են: