«168 Ժամ» թերթի նախորդ համարում տպագրված «Շան նման ենք ապրում» հրապարակմանն արձագանքել է «Օրրան» բարեգործական ընկերությունը:
Հիշեցնենք, որ Վարդաշեն 59 տան բնակիչներն ապրում են ծայրահեղ պայմաններում: Երեկ մենք «Օրրան» կենտրոնի գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ այցելեցինք Ստեփան պապիկենց տուն: Տիկին Հերիքնազն այս ընտանիքին փոխանցեց արկղերով հագուստ, ինչպես նաեւ՝ սննդամթերք: Բացի նյութական օգնություն ցուցաբերելուց՝ նա երկար զրույց ունեցավ այդ ընտանիքի անդամների հետ՝ հետաքրքրվելով, թե մասնավորապես ինչի անհրաժեշտություն ունեն նրանք: Հ. Հարությունյանը նրանց խորհուրդ տվեց այսուհետ ինչ-որ խնդիր ունենալու դեպքում՝ դիմել «Օրրան» բարեգործական կենտրոն: Հ. Հարությունյանի այցելությունից ու օգնությունից անակնկալի եկած այս ընտանիքի անդամներն այնպես էին շփոթվել, որ դժվարությամբ էին կարողանում խոսել: Ստեփան պապիկի աղջիկը՝ Ռուզաննան, զրույցի ողջ ընթացքում իր շնորհակալությունն էր հայտնում «Օրրանին»` օգնության համար: Կենսական ծանր պայմաններում ապրող այս մարդիկ հուզվել էին Հ. Հարությունյանի եւ «Օրրանի» ուշադրությունից: