Հայաստանում բջջային կապի բաժանորդների 80 տոկոսն օգտվում է SMS (կարճ հաղորդագրություն) ծառայությունից: Նշենք, որ մեկ «SMS» հաղորդագրության մեջ տեղավորվում է 160 նիշ, որը կազմում է «A-4» ֆորմատի թղթի մոտ 3 տող: «ԱրմենՏել» ընկերությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում «ԱրմենՏելի» բջջային ցանցում գրանցվել է այնքան «SMS» հաղորդագրություն, որը կկազմեր 4 մլն 47 հազար 615 տող, ինչն էլ իր հերթին կլցներ 79 հազար 365 «A-4» ֆորմատի էջ: «ԱրմենՏելի» բջջային կապի բաժանորդներն առաջին անգամ օգտվել են «SMS» ծառայությունից 1998-ի սեպտեմբերին: «ԱրմենՏելի» ցանցում մեկ «SMS» հաղորդագրության արժեքը դեպի «ԱրմենՏել», ՀՀ եւ ԼՂՀ այլ GSM ցանցեր՝ 20 դրամ է, իսկ միջազգային կարճ հաղորդագրության փոխանցումը` 30 դրամ: