«168 Ժամի» խմբագրություն էին զանգահարել Դավթաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք դժգոհում էին, թե թաղապետարանի աշխատակիցները հոկտեմբերի 1-ից անջատել են համայնքի բոլոր շենքերի վերելակները: Անջատելուց առաջ էլ թաղապետարանը 3 անգամ թանկացրել է վերելակների սպասարկման վարձը: «3 օր է` գնում ենք թաղապետարան՝ թաղապետի հետ հանդիպելու համար, սակայն քարտուղարուհին ու աշխատակիցները չեն ընդունում, անընդհատ պատասխանում են՝ թե «տեղում չէ, նոր դուրս եկավ, չգիտենք երբ է գալու»,- դժգոհում էին բնակիչները: Վերելակի սպասարկման վարձը գանձվում է բնակարանի 1 քմ-ի դիմաց 5 դրամ հաշվարկով: Հիմա Դավթաշենի շենքերի վերելակներում փակցված է հայտարարություն, որ այդ 5 դրամը դարձել է 15 դրամ: Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Դավթաշենի թաղապետ Սուրիկ Ղուկասյանը հերքեց, թե թաղապետարանն անջատել է տվել շենքերի վերելակները: «Սուտ են ասում, այդ ինչպե՞ս կլինի, որ ամբողջ համայնքի շենքերի վերելակներն անջատենք,- ասաց Ս. Ղուկասյանը: -Մի շենքի վերելակը չէր աշխատում, բողոքեցին, աշխատողները գնացին-վերանորոգեցին: Հիմա աշխատում է»: Պարոն Ղուկասյանը հաստատեց, որ վերելակների սպասարկման վարձը բարձրացնելու ցանկություն եղել է: «Բոլոր ապրանքների ծառայությունների գները բարձրանում են, եւ տրամաբանական է, որ այդ վարձն էլ պետք է բարձրանա: Բայց ես արդեն ասել եմ, որ չբարձրացնեն»,- ասաց Ս. Ղուկասյանը: Պարոն Ղուկասյանի հետ մենք զրուցել ենք կեսօրին, իսկ երեկոյան դժգոհող բնակիչները զանգահարեցին եւ տեղեկացրին, որ վերելակներն արդեն աշխատում են: Դավիթաշենի բնակիչները գտնում են, որ թաղապետարանը չունի վերելակները շահագործելու մեխանիզմ: Եթե բնակիչներից մեկը վարձը չի մուծում, ապա վերելակը անջատում են՝ վճարող քաղաքացիներին զրկելով դրանից օգտվելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը 3 մլրդ դրամ էր հատկացրել Երեւանի վերելակային տնտեսությունը վերականգնելու համար: