Չեն անի այն, ինչ չէին ուզի, որ իրենց անեն

03/10/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ: Այս մասին, ըստ ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանի, շաբաթ օրը ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է անձամբ առաջին նախագահը:

Շաբաթ օրը ՀՅԴ գրասենյակում հանդիպել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը եւ Արմեն Ռուստամյանը: Հանդիպման նախաձեռնողը, ըստ ՀՅԴ-ի, եղել է Տեր-Պետրոսյանը: Թեեւ Ս. Սեյրանյանը նշված հանդիպմանը չի մասնակցել, սակայն, իր խոսքով, տեղյակ է դրա մանրամասներին: Ըստ այդմ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են քարոզարշավի ընթացքում լինել հնարավորինս կոռեկտ եւ քաղաքակիրթ, ու քարոզարշավի ընթացքում բանավեճը ծավալել գաղափարների ու ծրագրերի շուրջ, ոչ թե այնպիսի հարցերի, որոնք ժողովրդին ոչ մի օգուտ չեն տալու: Ըստ Ս. Սեյրանյանի, հանդիպման ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանը «բացահայտ ասաց, որ, այո, որոշել է առաջադրվել»: Նա նշեց նաեւ, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել հետեւյալի շուրջ. «Մենք չենք հեռանում կամ մոռանում մեր գաղափարական եւ քաղաքական տարաձայնությունները, սակայն ամբողջ նախընտրական գործընթացի ժամանակ փորձում ենք վեճը տանել բացառապես գաղափարների, առաջարկների եւ ծրագրերի շուրջ»: «Մենք ՀՀՇ-ին չենք անելու այն, ինչ չէինք ուզենա, որ ՀՀՇ-ն աներ մեզ»,- Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ՀՅԴ-ի պայմանավորվածություններն այսպես ներկայացրեց Ս. Սեյրանյանը: Վերջինիս խոսքերով՝ Դաշնակցության գրասենյակ կատարած այցով Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլորին ցույց տվեց, որ ինքը լուրջ է տրամադրված քաղաքական գործընթացների նկատմամբ, իսկ նրան ընդունելով էլ՝ ՀՅԴ-ն ցույց տվեց, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների, քաղաքական երեւույթների նկատմամբ իր մոտեցումները եւ գնահատականները կախված չեն զգացմունքային կողմնորոշումներից: Հանդիպման ընթացում ՀՅԴ-ի ու ՀՀՇ-ի հարաբերությունները կամ դրանց պատմությունը քննարկման առարկա չի եղել: Երկուստեք այդ թեմաները շրջանցվել են: Ի դեպ, սպասվում է, որ առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ կունենա նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների ղեկավարների հետ: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանին Ս. Սեյրանյանը ՀՅԴ-ի համար չի համարում ո՛չ ամենաուժեղ, ո՛չ էլ ամենաթույլ գաղափարական մրցակից:

Երեկ «Հայելի» ակումբում Ս. Սեյրանյանի հետ բանավիճող, «Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության» (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով առաջին նախագահի հայտնի ելույթին, նշեց, թե այդ ելույթը համարում է «կոռեկտ, ազնիվ եւ ճիշտ»: ՀԱԱԿ ղեկավարը կիսում է Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած գնահատականներն ու տեսակետները եւ միաժամանակ նկատում, որ կոռեկտության սահմաններից դուրս էր առաջին նախագահի ելույթին Ռոբերտ Քոչարյանի պատասխանը: «Ամեն ինչ տեսել էինք, բայց ընդդիմությանը բաժանել շարքային, էլիտար, VIP…: Լ. Տեր-Պետրոսյանին համարեց «շարքային ընդդիմություն»: Ես չգիտեմ՝ էլիտար, VIP ընդդիմությունը ո՞րն է»,- հավելեց Հ. Հովհաննիսյանը: Թերեւս «VIP ընդդիմություն» կարելի է համարել ՀՅԴ-ին, որն իշխանության մաս կազմելով հանդերձ, համառորեն պնդում է, թե այլընտրանք է եւ՛ ընդդիմությանը, եւ՛ իշխանությանը: Ինչեւէ, ՀԱԱԿ ղեկավարն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ փաստելով, որ ԼՂ խնդրի հարցում այսօր ունենք շատ վատ իրավիճակ: Նա հիշեցրեց, որ 8000 քառակուսի կիլոմետր անկախ Ղարաբաղի խոստմամբ 1998-ին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը 1999-ի նոյեմբերին ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, որով Հայաստանը փաստացի համաձայնեց, որ ԼՂ հարցը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակներում: Ըստ Հ. Հովհաննիսյանի, Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ պատմական անհրաժեշտություն է եւ մեծապես նպաստելու է, որ առաջիկա նախագահական ընտրությունները տեղի ունենան գաղափարական լուրջ հողի վրա: Հ. Հովհաննիսյանը վստահ է, որ այդ ընտրություններում լինելու է գաղափարական պայքար, ու այդ առումով նա ողջունում է նաեւ այն, որ ՀՅԴ-ն դասական պայքար է սկսել նախագահի պաշտոնի համար՝ առաջադրելով երկու թեկնածու, որոնցից հետագայում պետք է ընտրի մեկին: Ս. Սեյրանյանը, համաձայնելով, որ ամենակարեւորը կոռեկտ եւ գաղափարական պայքարն է, ցավով նշեց, թե չի կիսում Հ. Հովհաննիսյանի լավատեսությունն այն մասին, որ քաղաքական բանավեճ անպայման կկայանա: «Այնքան վատատես չեմ, որ ասեմ, թե ընդհանրապես գաղափարական չի լինելու, բայց չեմ էլ կարծում, թե բոլորը գաղափարներով են հանդես գալու»,- նշեց ՀՅԴ-ական բանախոսը: Ըստ նրա, հստակ է մի բան. «Այլեւս այն տարբերակը քաղաքականության մեջ, երբ ժողովրդին դուր գալու համար բավական է կանգնել ամբիոնի մոտ ու բերնից եկածն ասել, համեմելով դրանք, ասենք, Մարկոս Ավրելիոսի կամ չգիտեմ ում մեջբերումներով, երբ մարդիկ բոլորովին վերջերս կարդում են այնպիսի աշխատություններ, որ դպրոցական տարիքում պետք է որ կարդացած ու յուրացրած լինեին, դրա հիման վրա խոշոր բացահայտումներ են անում… : Նմանատիպ քաղաքական գործիչների մոդան Հայաստանում աստիճանաբար անցնում է»: Նրան հիշեցրին, թե օրերս ոչ անհայտ Տիգրան Կարապետիչը ՀՅԴ-ի մասին ասել էր՝ «Թող գաղափարներից չխոսի», քանզի խորհրդարանական ընտրության ժամանակ փող էր բաժանում: Ի պատասխան՝ ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, թե ինքը հակված չէ սրբացնել իրեն կամ իր կուսակցությանը, սակայն ՀՅԴ-ի հետ կապված գնահատականներ տալիս պետք է մի քիչ զգույշ լինել: Ըստ Ս. Սեյրանյանի, քանի կան փող վերցնողներ, լինելու են նաեւ փող տվողներ: Հ. Հովհաննիսյանն էլ նկատում է, որ մեր երկրում ընտրական համակարգի դեգրադացիա է եղել: Նրա խոսքերով՝ ամենամեծ հանցանքը, որ արվել է իշխանությունների կողմից պետության, ազգի նկատմամբ, հասարակությանն այլասերելն ու փչացնելն է: «Տենց չի լինում, որ մի կողմը սուրբ է, մյուս կողմը մի 10, 20, 30 հոգով գալիս է ու մի միլիոն մարդու այլասերում»,- հակադարձեց Ս. Սեյրանյանը: