Վալսից մինչեւ ֆաշիզմ

03/10/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իրականություն են։ Առաջատարները, ինչպես եւ սպասվում էր, երեքն են՝ Յուլյա Տիմոշենկոյի «Դաշինքը», Վիկտոր Յանուկովիչի «Շրջանների կուսակցությունը» եւ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի «Մեր Ուկրաինան»։

Երեկվա դրությամբ, ընտրողների ձայների 80%-ի հաշվարկից հետո, առաջին տեղում էր Յանուկովիչի կուսակցությունը՝ 32.21%, նրան աննշան չափով զիջում էր Յուլյա Տիմոշենկոյի դաշինքը՝ 32.10%, իսկ «Մեր Ուկրաինան» երրորդ տեղում էր՝ 15.08%-ով։ 3 տոկոսանոց շեմը հաղթահարել են նաեւ Կոմունիստական կուսակցությունը՝ 5.2%, եւ Վլադիմիր Լիտվինի դաշինքը՝ 4.05%։ Սոցիալիստական կուսակցության քվեները տատանվում էին անցողիկ 3%-ի սահմաններում։

Միջազգային ԶԼՄ-ներն արդեն իսկ տարբեր եզրակացություններ են անում՝ առաջիկա քաղաքական զարգացումների վերաբերյալ։ Ֆրանսիական «Liberation»-ը ուկրաինական ընտրությունների մասին իր հոդվածը վերնագրել է «Ուկրաինական վալս՝ երեքով»։ Թերթը արտահերթ խորհրդարանական ընտրությունները նմանեցրել է «մինի-նախագահական» ընտրությունների եւ եզրակացրել, որ «այս Բերմուդյան եռանկյունու մեջ մեկն ավելորդ է»։ Եռանկյունին, իհարկե, Յուշչենկո-Յանուկովիչ-Տիմոշենկո եռյակն է։ Ընդ որում, հոդվածը մեջբերել է փորձագետներից մեկի կարծիքը, համաձայն որի` «երկու Վիկտորների հարաբերություններն այնքան էլ վատ չեն»։ Թերթը հիշեցնում է 2004թ. նախագահական ընտրությունները, որից հետո լիդերության պայքարը ծավալվեց «նարնջագույն» ճամբարի ներսում, եւ արմատական փոփոխությունների սպասող մարդկանց աչքում այս շարժման առաջնորդները հեղինակազրկվեցին։ «Իրականում, եւ՛ Յուշչենկոն, եւ՛ Տիմոշենկոն դեմ չէին լինի միանալ Յանուկովիչի կողմնակիցներին, եթե չվախենային կորցնել իրենց ընտրողներին։ Այս վեճը ձեռնտու է միայն տնտեսական դաշտի հսկաներին, որոնք նախընտրում են ունենալ թույլ քաղաքական դաշտ, եւ ոչ թե «Ա լյա Պուտին» սցենարի պես մի բան»։

«Վաշինգթոն Փոստը» կասկածի տակ է դրել, որ Յուշչենկոյի եւ Տիմոշենկոյի կուսակցությունները միավորվելով՝ կկարողանան խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել։ Այս առումով, շատ բան կախված կլինի Ուկրաինայի խորհրդարանի նախկին խոսնակ Վլադիմիր Լիտվինի կուսակցության դիրքորոշումից։ Բացի այդ, թեկուզ նախընտրական քարոզարշավի ընթացքում Յուշչենկոն եւ Տիմոշենկոն հայտարարում էին, որ հաշտվել են միմյանց հետ, այդուհանդերձ, նրանք մեկը մյուսի նկատմամբ շատ զգուշավոր են, եւ բանակցությունները դժվարությամբ կընթանան։

Ուկրաինայի ընտրություններին անդրադարձել է նաեւ ամերիկյան «New York Times»-ը։ «Նախագահ Յուշչենկոյի կուսակցության՝ երրորդ տեղը գրավելը ցույց է տալիս, թե որքան է ընկել նրա հեղինակությունը՝ «նարնջագույն» հեղափոխությունից հետո։ Այն ժամանակ Վիկտոր Յուշչենկոյին հաջողվեց հաղթանակ տանել Յանուկովիչի նկատմամբ, չնայած որ նա թունավորվել էր դիօքսինով։ Այդ ժամանակից ի վեր, Ուկրաինայում տեղի է ունենում քաղաքական խառնաշփոթ, որի համար ժողովուրդը մեղադրում է Յուշչենկոյին»,- գրում է թերթը։

Յուլյա Տիմոշենկոյի հաջողության հետ կապված հետաքրքիր բացատրություն է տվել ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Մալենկովիչը։ Նրա կարծիքով, Տիմոշենկեն հաղթանակ է տարել ոչ թե ինչ-որ նոր գաղափարների շնորհիվ, այլ ռացիոնալ բացատրություններին հակառակ՝ գործելով բացառապես մարդկանց ենթագիտակցության վրա եւ նրանց զանազան խոստումներ տալով։ «Նրա արած գլխավոր քայլն այն է, որ ստեղծել է առաջնորդի կերպար, ով անմիջականորեն շփվում է ժողովրդի հետ՝ հանրաքվեների, ներկայացուցչական մարմինների միջոցով։ Ստեղծվել է սպիտակ արքայադստեր մի կերպար, որը պետք է պաշտպանի ժողովրդին»,- ասել է փորձագետը՝ մտահոգությամբ հիշեցնելով, որ 1920-1930 ականներին Եվրոպայում հենց այդպես է առաջացել ֆաշիստական շարժումը։

Բոգդան Խմելնիցկու անվան Մերձդնեստրյան միության վարչության անդամ Վասիլի Պրոցենկոյի կարծիքով՝ ամեն ինչ հալած յուղի տեղ չի ընթանալու։ «Արդեն պարզ են ընտրությունների նախնական արդյունքները։ Անցյալ տարվա վիճակը փաստորեն կրկնվել է։ Այսինքն, եթե մի կողմից՝ միավորվեն Շրջանների կուսակցությունը, կոմունիստները եւ սոցիալիստները, եւ մյուս կողմից՝ Յուլյա Տիմոշենկոյի «Դաշինքն» ու «Մեր Ուկրաինան», ապա հայտնի չէ, թե ով կշահի։ Այստեղ արդեն ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ դիրք հանդես կբերի Յանուկովիչը»,- ասել է Պրոցենկոն։