Անակնկալ հանդիպում

03/10/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Շաբաթ օրը ՀՅԴ գրասենյակում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Հրանտ Մարգարյանի ու Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ հրավիրված ասուլիսում ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը հայտարարել է, թե հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ քաղաքակիրթ ու գաղափարական պայքար մղել: Ըստ Սեյրանյանի, հանդիպման ընթացքում առաջին նախագահն ասել է, որ որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում: Ի դեպ, բացառված չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջիկայում հանդիպումներ ունենա նաեւ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ղեկավարների հետ: Իսկ երեկ հայտնի է դարձել, որ առաջին նախագահի հետ հանդիպման առաջարկ է ստացել նաեւ ՕԵԿ-ը:

Շաբաթ օրը ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն կատարած Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այս հանդիպումն անակնկալ էր զուտ այն պատճառով, որ հենց Լ.Տեր-Պետրոսյանի հրամանագրով էր 1994 թվականին Հայաստանում կասեցվել ՀՅԴ գործունեությունն, ու հենց նրա իշխանության օրոք էին ՀՅԴ-ականների դեմ հարուցվել ահաբեկության, պետական հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով քրեական մի շարք գործեր:

Այս հանդիպումից հետո քաղաքական գործիչներն այլեւս ոչինչ չեն բացառում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ից այդ հանդիպմանը մասնակցել են Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանը Դաշնակցություն գնացել էր նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ: Ըստ դաշնակցական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տարածած տեղեկատվության` հանդիպումը տեւել է 40 րոպե, որի ընթացքում վերջիններս քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: «Երկուստեք կարեւորվեց ներկա փուլում գաղափարական-քաղաքական բանավեճի անհրաժեշտությունը»,- ասված է լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրության մեջ: ՀՅԴ-Տեր-Պետրոսյան հանդիպումը, ինչպես արդեն հայտնի է` տեղի է ունեցել Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: Այսինքն` առաջարկը եղել է հենց առաջին նախագահի կողմից: Հրանտ Մարգարյանի հավաստմամբ` իրենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ պայմանավորվել են առաջիկա ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ պայքար մղել, զերծ մնալ ցեխարձակումներից, պայքարի դաշտում պահպանել խաղի որոշ կանոններ: «Կարծում եմ` այցի նպատակը հենց այցի մեջ էր, այցը կատարելու մեջ էր»,- հայտարարել է Հ. Մարգարյանը` նկատելով, թե Տեր-Պետրոսյանը` որպես նախագահի թեկնածու, չի կարող ուժեղ մրցակից լինել Դաշնակցության համար: Նման համոզման Հ. Մարգարյանը եկել է հանդիպումից հետո. «Որովհետեւ իր մոտ շատ դրական փոփոխություններ չտեսա: Բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ մասնակցի, որպեսզի քաղաքական դաշտն ավելի իրական դասավորում ունենա, ամեն մարդ, ամեն ուժ իր համապատասխան տեղը կարողանա գրավել այս դաշտում, եւ բոլորն էլ վերանան վերացական հաշվարկումներից եւ կանխատեսումներից: Ինքը կարեւոր անձ է այս պայքարի մեջ, սակայն կարծում եմ նաեւ, որ ինքը մեր դաշտը չի մտնում, իրեն քվեարկողը մեզ չի քվեարկի, մեզ քվեարկողը իրեն չի քվեարկի»,- հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ անդրադառնալով այդ հանդիպմանը՝ երեկ ասել է. «Մենք ոչ մեկին չենք ատում մեր երկրի մեջ, մենք ատելություն ոչ մեկի նկատմամբ չունենք, մենք հասկանում ենք, որ մարդիկ կարող են սխալվել, եւ եթե ցանկանում են շտկել, ապա վատ չէ: Մենք գտնում ենք, որ մենք թշնամի Հայաստանում չունենք, հակառակորդ ունենք, մրցակից ունենք, դա միշտ ասել ենք: Իսկ նրանք, ովքեր թշնամի են որոնել կամ որոնում, նրանք բավականին վտանգավոր ճանապարհի վրա են»,- ասել է նա: Իսկ ինչպես է ՀՀԿ-ն վերաբերվում Տեր-Պետրոսյանի անսպասելի քաղաքական հանդիպումներին: Այս հարցին ի պատասխան՝ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանն ասաց. «Նորմալ քաղաքական պրոցեսներ են, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր տակտիկան եւ ստրատեգիան: Կարծում եմ` իրենց տակտիկական քայլերի շրջանակում է եղել հանդիպումը ՀՅԴ-ի հետ»: Երեկ այս հանդիպմանն անդրադարձել է նաեւ Ալեքսանդր Արզումանյանը` ասելով, թե ՀՀՇ-ն Դաշնակցությանը համարում է լուրջ դերակատարություն ունեցող քաղաքական ուժ, եւ Դաշնակցության թեկնածուն կարող է լուրջ դերակատարություն ունենալ նախագահական ընտրությունների ժամանակ: ՀՅԴ-ի հետ հանդիպումից հետո Լ. Տեր-Պետրոսյանը չի բացառել նաեւ կոալիցիայի մյուս քաղաքական ուժերի հետ հանդիպումը: Բնականաբար` դարձյալ իր նախաձեռնությամբ: Մեր տեղեկություններով, հաջորդ քաղաքական ուժը, որի հետ Լ. Տեր-Պետրոսյանը մտադիր է հանդիպել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Սակայն երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Տեր-Պետրոսյանը նման առաջարկով դիմել է «Օրինաց երկրին»: Իսկ Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ Տեր-Պետրոսյանը, թերեւս, կհանդիպի ամենավերջում: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի ասելով, իրենք որեւէ հանդիպում չեն բացառում, որի հիմքում լինելու է Հայաստանի ճակատագրի մտահոգությունը: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ հանդիպմանը, ապա Ա. Մանուկյանն ասաց. «Տեղի է ունեցել հանդիպում Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: Քաղաքական լուրջ փորձառություն ունեցող երկու ուժեր` ելնելով մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներից, մտահոգ լինելով այսօրվա ոչ քաղաքական դաշտից, նույն սեղանի շուրջ քննարկել են այդ հարցերը: Այստեղ կարեւորը ոչ թե քննարկման նյութն է, այլ քաղաքական ուժերի երկխոսության կուլտուրան: Սա նոր որակ է քաղաքական երկխոսության դաշտում: Երկու ուժերն էլ քաղաքական կամք են դրսեւորել` նստելու մեկ սեղանի շուրջ եւ քննարկելու այդ հարցերը: Բնականաբար, այստեղ Տեր-Պետրոսյանի քայլն, իմ կարծիքով, ելնում է այն իրավիճակից, որն առկա է Հայաստանում, եւ որոնց լուծումը շատ ավելի կարեւոր է, քան միջանձնային կամ միջկուսակցական հարաբերությունները»: Երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից փորձեցինք ճշտել, թե ինչպիսին կլինի իրենց կուսակցության մոտեցումը, եթե Տեր-Պետրոսյանի կողմից նման առաջարկ լինի նաեւ իրենց: «Նախ՝ մեր կուսակցությունը պաշտոնապես որեւէ առաջարկ չի ստացել հանդիպելու Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ եթե նման առաջարկ լինի, բնականաբար, այն կքննարկվի կուսակցությունում: Կարծում եմ՝ աշխատանքային կարգով այդ հարցը կքննարկվի նաեւ ՀՀԿ-ի հետ, քանի որ, ըստ կոալիցիոն հուշագրի, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցերում պետք է ունենանք միասնական դիրքորոշում: Այնպես որ` ըստ այդմ էլ կլինի մեր արձագանքը: Համենայնդեպս, ԲՀԿ-ն դեմ չէ ցանկացած հանդիպման եւ ցանկացած ֆորմատով քննարկման, որի նպատակը նախագահական ընտրություններն էլ ավելի ազատ ու արդար անցկացնելն է»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ն. Զոհրաբյանը:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀՅԴ-ի հետ հանդիպելու քայլն անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ՝ «սովորական քաղաքական քայլ» է: Ավելին` ըստ նրա, Լ.Տեր-Պետրոսյանի հակադաշնակցական ընտրազանգվածի վրա Տեր-Պետրոսյանի այս քայլը բացասաբար կանդրադառնա։ «Նման հանդիպման խորհուրդ տվողները հազիվ թե մինչեւ վերջ կշռադատել էին թեր եւ դեմ կողմերը»,- վստահեցնում է անկախ Դալլաքյանը: