ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ պատասխան է ուղարկել մեր թերթի սեպտեմբերի 29-ի համարում տպագրված «ՀՅԴ-ի հոգնած թեկնածուն» վերնագրով հոդվածին, որտեղ նշված էր, թե «Վարդան Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ հոգնել է արտգործնախարարի պաշտոնից»: «Հարկ եմ համարում նշել, որ նախարար Օսկանյանը որեւէ անգամ նման միտք չի հնչեցրել, ավելին` հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած սխալ մեկնաբանությունները: Վերջին անգամ նա դա արել է սեպտեմբերի 18-ին՝ «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մեկնարկի արարողության ընթացքում»: Հիշեցնենք, որ մեր հրապարակումն այն մասին էր, թե չի բացառվում, որ ՀՅԴ-ն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրի կամ սատարի Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Նշենք, որ պրն Կարապետյանն իր պատասխանում չի անդրադարձել հրապարակման այդ հատվածին: Այսինքն` թերեւս կարելի է ասել, որ Օսկանյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունն իսկապես չի բացառվում, ինչի մասին էլ խոսվում էր մեր թերթի այդ հրապարակման մեջ: